Եռանկյունաչափություն
Մաթեմատիկայի բաժին, նվիրված ուղղանկյուն եռանկյան տարրերի միջև հարաբերություններին։ / From Wikipedia, the free encyclopedia
Եռանկյունաչափություն (հունարեն՝ τρίγωνον (եռանկյուն) և հունարեն՝ μέτρεο (չափում եմ), այսինքն, եռանկյան չափումները), մաթեմատիկայի բաժին, որում ուսումնասիրվում են եռանկյունաչափական ֆունկցիաներն ու դրանց կիրառումը երկրաչափությունում[1]։ Այս տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել 1595 թվականին, որպես գերմանացի մաթեմատիկոս Բարտոլոմեուս Պիտիկսուսի (1561—1613) գրքի վերնագիր, իսկ ինքը գիտությունը, դեռևս հին ժամանակներում օգտագործվել է աստղագիտական, ճարտարապետական, գեոդեզիական (գիտություն, որն ուսումնասիրում է Երկիր մոլորակի ձևն ու չափերը) չափումների ժամանակ։
Եռանկյունաչափական հաշվարկներն օգտագործվում են երկրաչափության, ֆիզիկայի, ինժեներական գործի փաստացի բոլոր բաժիններում։ Հատկապես մեծ նշանակություն ունի տրիանգուլյացիայի տեխնիկան, որը հնարավորություն է տալիս աստղագիտության մեջ չափել ոչ հեռու գտնվող աստղերի հեռավորությունը ուղեցույցների միջև, վերահսկել արբանյակների ճիշտ տեղորոշումը։ Ինչպես նաև, ուշագրավ է եռանկյունաչափության կիրառումը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են երաժշտության տեսություն, ակուստիկա, օպտիկա, ֆինանսական շուկաների անալիզ, էկեկտրոնիկա, հավանականության տեսություն, վիճակագրություն, կենսաբանություն, բժշկություն (ներառյալ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) և համակարգչային տոմոգրաֆիան), դեղագործություն, քիմիա, թվերի տեսություն, (և, որպես հետևանք, կրիպտոգրաֆիա), սեյսմոլոգիա, օդերևութաբանություն, օվկիանոսագիտություն, քարտեզագիտություն, էլեկտրոնային տեխնիկա, մեքենաշինություն, համակարգչային գրաֆիկա, բյուրեղագիտություն։