Թուրքիա
Մի երկիր, որը գտնվում է Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիա[5] (թուրքերեն՝ Türkiye), պաշտոնական անվանումը՝ Թուրքիա (թուրք․՝ Türkiye Cumhuriyeti (օգնություն • ինֆո), ˈtyɾcije d͡ʒumˈhuɾijeti), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Փոքրասիական թերակղզում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա (պատմական Արևելյան Թրակիայում)[6]։ Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն[7]։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը,բաժանում են Թրակիան Փոքրասիական թերակղզուց, ինչպես նաև Եվրոպան Ասիայից[8]։
Թուրքիայի Հանրապետություն Türkiye Cumhuriyeti |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Yurtta Barış, Dünyada Barış Խաղաղություն երկրում, խաղաղություն ամբողջ աշխարհում (ոչ պաշտոնական) |
||||
Ազգային օրհներգ՝ Անկախության երթ | ||||
|
||||
Մայրաքաղաք | Անկարա 39°55'48.00′N, 32°50′E | |||
Ամենամեծ քաղաք | Ստամբուլ | |||
Պետական լեզուներ | Թուրքերեն | |||
Կառավարում | Նախագահական հանրապետություն | |||
- | Նախագահ | Ռեջեփ Թայիփ Էրդողան | ||
- | Մեջլիսի խոսնակ | Մուստաֆա Շենթոփ | ||
Ժառանգություն | Օսմանյան Կայսրությունից | |||
- | Քեմալական պատերազմ | |||
- | Խորհրդարանի ընտրություններ | Ապրիլի 25, 1920 թվական | ||
- | Հանրապետության հայտարարումը | Հոկտեմբերի 29, 1923 թվական | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 783.562 կմ² (37-րդ) | ||
- | Ջրային (%) | 1.3 | ||
Բնակչություն | ||||
- | նախահաշիվը | 84.806.974[1] (18-րդ) | ||
- | 2000 մարդահամարը | 70.803.927 | ||
- | Խտություն | 108[2] /կմ² (102-րդ) 240 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $ 2.082 տրիլիոն[3] (16-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $25,776[3] (45-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2010 գնահատում | |||
- | Ընդհանուր | $ 861 միլիարդ[3] (17-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $10, 206 (38-րդ) | ||
Ջինի (2005) | 38 (միջակ) | |||
ՄՆԶԻ (2009) | 0.679[4] (բարձր) (83-րդ) | |||
Արժույթ | Թուրքական նոր լիրա, Թուրքական լիրա (TRY) | |||
Ժամային գոտի | FEET (ՀԿԺ+3) | |||
Ազգային դոմեն | .tr | |||
Հեռախոսային կոդ | +90 |
Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը[9]։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։
Ժամանակակից Թուրքիայի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարե դարի ժամանակներից[10]։ Անտիկ ժամանակներում Թուրքիայի մերօրյա տարածքը բաժանված է եղել ասորիների, հույների, թրակիացիների, փռյուգիացիների, ուրարտացիների և հայերի մեջ[11][12][13]։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից այս տարածքների նվաճումից հետո, Փոքր Ասիան ենթարկվում է հունականացման, իսկ որոշ ժամանակ անց միավորվում է Հռոմեական կայսրության մեջ։ Կայսերական Հռոմի մասնատումից հետո Փոքրասիական թերակղզին դարձել է Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածք[12][14]։ 11-րդ դարում Անատոլիան ենթարկվել է սելջուկների արշավանքներին և սկսվել է տարածաշրջանի թուրքալեզու ազգերով բնակեցման գործընթացը։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքերը ջախջախիչ պարտություն են կրում սելջուկներից, որի արդյունքում ներկայիս Թուրքիայի տարածքի վրա ստեղծվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը[15]։ Սելջուկները ղեկավարում են Անատոլիան մինչև մոնղոլական արշավանքները[16]։ 1299 թվականին օղուզների ցեղի առաջնորդ Օսման I-ը Թուրքիայի արևելքում ստեղծում է իր պետությունը, որը, կարճ ժամանակահատվածում ընդարձակվելով, դառնում է աշխարհակալ կայսրություն։ 14-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրությունն իր շուրջն է միավորում Անատոլիան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։ 1453 թվականին թուրքերը գրավում են Կոստանդնուպոլիսը՝ վերջ դնելով դարերի պատմություն ունեցող Բյուզանդիայի գոյությանը։ Այսպիսով՝ Օսմանյան կայսրությունը դառնում է Եվրասիայի և Աֆրիկայի մեծագույն քաղաքական ուժը։
Կայսրությունն իր հզորության գագաթնակետին հասավ 16-րդ դարում՝ Սուլեյման I-ի կառավարման տարիներին։ Երկու դար շարունակ Օսմանյան կայսրությունը պահպանեց տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրի կարգավիճակը։ 20-րդ դարում հեղափոխության ալիքները սկսեցին ալեկոծել Թուրքիայի ափերը։ 1913 թվականին երիտթուրքերի գլխավորած «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը Թուրքիայում կատարեց ազգային հեղաշրջում, որի արդյունքում տապալվեց սուլթանի իշխանությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական իշխանություններն իրագործեցին Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնաց ավելի քան 1,5 միլիոն հայ։ Միևնույն ժամանակ նման գործողություններ իրականացվեցին նաև հույների և ասորիների նկատմամբ[17]։ Աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո կայսրության տարածքը տրոհվեց։ Անկարայում իշխանության գլուխ եկավ գեներալ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Նրա ղեկավարած կառավարությունը հրաժարվեց կատարել Սևրի պայմանագրով նախատեսված դրույթները, որի արդյունքում սկսվեց Թուրքիայի անկախության համար մղվող պատերազմը՝ Միլլի։ Պատերազմն ավարտվեց թուրքերի հաղթանակով և 1923 թվականին Թուրքիան հռչակվեց Հանրապետություն[18]։ Առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը իրականացրեց բազմաթիվ բարեփոխումներ, որի արդյունքում Թուրքիան դարձավ աշխարհիկ արևմտամետ պետություն[19][20]։
Թուրքիայի Հանրապետությունը Միավորված Ազգերի Կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ԻՎԿ-ի և G-20-ի հիմնադիր անդամ է։ Թուրքիայի բարգավաճող տնտեսությունը և դիվանագիտական նախաձեռնությունները հանգեցրին նրան, որ երկիրը ճանաչվեց տարածաշրջանի գլխավոր ուժ[21][22]։ Մինչև 2017 թվականի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, Թուրքիան եղել է խորհրդարանական հանրապետություն։ Ներկայումս երկիրն ունի կառավարման նախագահական ձև։ Երկրի քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունեն սահմանադրությունն ու խորհրդարանը (մեջլիս)։ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը ընդունվել է 1924 թվականին։