Իսպանիա
երկիր հարավարևմտյան Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Իսպանիա[4] (իսպ.՝ España ՄՀԱ՝ [ɛsˈpaɲa]), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։
Reino de España Իսպանիայի թագավորություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Plus Ultra" (Լատիներեն) "Եզրագծից այն կողմ" |
||||
Ազգային օրհներգ՝ "Marcha Real" (իսպաներեն) "Թագավորական օրհներգ" |
||||
Եվրոպական Միությունը |
||||
|
||||
Մայրաքաղաք | Մադրիդ 40°26′N, 3°42′W | |||
Ամենամեծ քաղաք | Մայրաքաղաք | |||
Պետական լեզուներ | Իսպաներեն | |||
Կառավարում | Սահմանադրական միապետություն | |||
- | Միապետ | Ֆիլիպ VI | ||
- | Իսպանիայի վարչապետ | Պեդրո Սանչես | ||
Ձևավորում | 15-րդ դար | |||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 505,992 կմ² (50-րդ) | ||
- | Ջրային (%) | 1.04 | ||
Բնակչություն | ||||
- | 2018 նախահաշիվը | 46 528 966 (30-րդ) | ||
- | Խտություն | 93 /կմ² (106-րդ) 231 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2011 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.413 Տրիլիոն[1] (13-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $30,622[1] (28-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2011 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.536 Տրիլիոն[1] (12-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $33,298[1] (26-րդ) | ||
Ջինի (2005) | 32[2] | |||
ՄՆԶԻ (2011) | 0.878[3] (շատ բարձր) (23-րդ) | |||
Արժույթ | Եվրո (€)[note 1] (EUR) | |||
Ժամային գոտի | ԿԵԺ[note 2] (ՀԿԺ+2) | |||
Հեռախոսային կոդ | +34 |
Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 528 966 մարդ է (2018)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում։
Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր է և 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը։ Իսպանիայի տնտեսության համար հիմնական խնդիրը դարձավ տնտեսական ճգնաժամը։ Իսպանիան անդամակցում է Միավորված ազգերի կազմակերպությանը, ՆԱՏՕ-ին, ՏՀԶԿ-ին և ԱՀԿ-ին։
España անվանման «իսպաներեն» ու «իսպանական» ածանցումների ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Հռոմեական կայսրության կողմից տրված Հիսպանիա անվանումը կարող է սերել բանաստեղծների կողմից օգտագործվող Հեսպերիա տերմինից, քանի որ հույներիը Իտալիան անվանել են Հեսպերիա, (հուն․՝ Εσπερία), որը հայերեն թարգմանաբար նշանակում է «արևմտյան երկիր» կամ «երկիր, որտեղ արևը մայր է մտնում», իսկ Իսպանիան, որն ավելի հեռու արևմուտքում էր գտնվում, անվանել են Հեսպերիա Ուլտիմա[5]։
Անվանումը կարող է ունենալ նաև Կարթագենյան ծագում՝ Ի-Շպանիա, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», քանզի Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի ծայրին։ Տարածաշրջանից պեղվել են նաև հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որոնց վրա պատկերված էր կնոջ կերպար, ոտքերի մոտ՝ ճագար[6]։ Կա նաև այլ բացատրություն España անվանման ծագման վերաբերյալ, ըստ որի` բասկերեն Էզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման». ևս մեկ հղում այն փաստին, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի հարավարևմտյան սահմանին[5]։
Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը ծագել է իբերերեն «Հիսպալիս» բառից, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։
Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության ներքո, իսկ այնուհետև նվաճվեց մուսուլմանների կողմից։ Երկարատև ու դժվար պայքարի արդյունքում (Ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, մուսուլմաններին դուրս մղեց երկրից, որոնց վերջին մնացորդները դուրս մղվեցին Գրանադայից 1492 թվականին։ Նույն թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին դարձավ ամենահզորը Եվրոպայում։ 1899 թվականին Իսպանիան 20 միլիոն դոլարի դիմաց ԱՄՆ-ին զիջեց Գվատեմալան, Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները[7]։
Շարունակական պատերազմները և այլ խնդիրներ հանգեցրին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումն Իսպանիա քաոսի մեջ դրեց վերջինիս, անկախության համար մղվող պայքարը քայքայեց թագավորության մեծ մասը և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց քաղաքացիական կործանարար պատերազմի պատճառով, և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց նշանակալից տնտեսական աճով։ Ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին խորհրդարանական սահմանադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրամիությանը, վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։
Նախապատմություն և նախահռոմեական ժողովուրդ
Անտապուերկայում իրականացված հնէաբանական պեղումներից պարզվել է, որ Պիրենեյան թերակղզում մարդը բնակություն է հաստատել դեռևս 1.2 միլիոն տարի առաջ[8]։ Ժամանակակից բնակչությունը բնակություն է հաստատել թերակղզում 32.000 տարի առաջ` տեղափոխվելով հյուսիսից[9]։ Լավագույն վկայությունները հյուսիսային Իբերիայում գտնվող Կանտաբրիա բնակավայրի Ալտամիրա քարանձավում պահպանված հանրահայտ նկարներն են։
Հնէաբանական և գենետիկական տվյալները հանգեցնում են այն մտքին, որ Պիրենեյան թերակղզին Եվրոպայում մարդկության խոշորագույն ապաստաններից մեկն է եղել, որտեղից Հյուսիսային Եվրոպան վերաբնակեցվել է վերջին Սառցե դարաշրջանից հետո։
Պիրենեյան թերակղզու երկու հիմնական պատմական ազգերը եղել են իբերիացիները և կելտերը։ Իբերիացիները բնակվել են Միջերկրական ծովի կողմում՝ սկսած հյուսիսարևելյան հատվածից մինչև հարավարևելյան հատվածը։ Կելտերը բնակվել են Ատլանտյան մասում՝ հյուսիսում և կենտրոնում, Պիրենեյան թերակղզու հյուսիսարևմտյան և հարավարևմտյան հատվածներում։ Բասկերը բնակեցրել են արևմտյան մասում գտնվող Պիրենեյան լեռները և հարթավայրային գոտին։
Հռոմեական վկայություններ կան այն մասին, որ Իսպանիայում բնակվել են լիգուրներ, սակայն նրանց գոյության պատմական շրջանի մասին ոչինչ հայտնի չէ[10]։
Պիրենեյան թերակղզու հարավում է գտնվել կիսաառասպելական քաղաք Տարտեսոսը (մ.թ.ա 1100 թվական), որը ոսկյա և արծաթյա զարդերի առևտրով էր զբաղվում փյունիկեցիների և հույների հետ։ Այս մասին հիշատակվում է Ստրաբոնի մոտ և Սոլոմոնի գրքում։ Մ.թ.ա. 500-300 թվականներին փյունիկեցի և հույն նավաստիներն առևտրական բնակավայրեր են հիմնում Միջերկրական ծովի երկայնքով։ Կարթագենացիների հսկողության տակ էր Միջերկրական ծովի առափնյա մեծ հատվածը մինչև հռոմեացիների հաղթանակը[11]։
Հռոմեական կայսրություն և Գոթական թագավորություն
Կարթագենի հետ պատերազմի ընթացքում հռոմեացիները մ. թ. ա 210-205 թվականներին գրավեցին Կարթագենի բոլոր առևտրային գաղութները Միջերկրական ծովի երկայնքով։ Հռոմեացիներից պահանջվեց մոտ երկու դար Պիրենեյան թերակղզուն ամբողջությամբ տիրելու համար, որը նրանց տիրապետության տակ մնաց մոտ 6 դար։ Հռոմեական տիրապետությունը բերեց օրենքների, լեզուների և ճանապարհների միավորում[12]։
Կելտերի և իբերիացիների մշակույթները տարեցտարի հռոմեացվեցին (լատինացվեցին) Հիսպանիայի տարբեր մասերում տարբեր արագությամբ։ Տեղի առաջնորդներին ընդունեցին որպես Հռոմեական արիստոկրատներ։ Հիսպանիան ծառայում էր որպես հռոմեական շուկայի ամբար և նրա նավահանգիստներից արտահանվում էին ոսկի, բուրդ, ձիթապտղի յուղ և գինի։ Գյուղատնտեսական արտադրությունն աճեց ոռոգման համակարգերի ներդրման հետ, այդ համակարգերից մի քանիսը դեռ շահագործվում են։
Հռոմեական կայսրեր Տրայանոսը Թեոդոսիս I-ը և փիլիսոփա Սենեկան ծնվել են Հիսպանիայում։ Բանաստեղծներ Մարցիալիսը, Քուինտիլիանուսը և Լուկանոսը նույնպես ծնվել են Իսպանիայում։
Քրիստոնեությունը տարածվեց Հիսպանիայում մ.թ. առաջին դարում և մեծ տարածում գտավ Հիսպանիայի քաղաքներում երկրորդ դարում[11]։ Իսպանիայի այժմյան լեզվի, մշակույթի և օրենքի որոշ տարրեր սերում են այս ժամանակներից։
Արևմտյան հռոմեական տիրապետության թուլացումը Հիսպանիայում սկսվեց 409 թվականին, երբ գերմանական սվեբները և վանդալները, սարմատական ալանների հետ միասին 407 թվականին անցան Հռենոս գետը և ամայացրեցին Գալիան` ներխուժելով Պիրենեյան թերակղզի։ Սվեբները հիմնեցին թագավորություն այժմյան Գալիսիայի տարածքում և հյուսիսային Պորտուգալիայում, իսկ վանդալները 420 թվականին հաստատվեցին հարավային Իսպանիայում նախքան 429 թվականին Հյուսիսային Աֆրիկա տեղափոխվելը և 439 թվականին Կարթագենը գրավելը։ Արևմտյան կայսրության փլուզմանը զուգընթաց սոցիալ-տնտեսական հիմքերը մեծապես պարզեցվեցից, բայց անգամ ձևափոխված ձևով իրավահաջորդ ռեժիմները պահպանեցին անցողիկ կայսրության շատ հաստատություններ և օրենքներ, այդ թվում `քրիստոնեությունը և հռոմեական մշակույթի զարգացումը։
Բյուզանդացիները արևմուտքում հիմնեցին Սպանիա նահանգը` ամբողջ Իբերիայի հռոմեական իշխանությունը վերականգնելու մտադրությամբ։ Ի վերջո, Հիսպանիան վերամիավորվեց Վեստգոթական թագավորության իշխանության ներքո։
Ալանները միավորվեցին Հասդինգիների հետ և հիմնեցին թագավորություն Գալիսիայում, նաև օկուպացրին մի քանի մեծ շրջաններ նույն տարածաշրջանում, սակայն հետո մեծացրին տարածքը դեպի հարավ՝ մինչև Դուերո գետը։ Սիլինգյան վանդալները գրավեցին մինչև այժմ անվանումը պահպանած – Վանդալուզիան (ժամանակակից Անդալուսիան Իսպանիայում)։
Իսպանա-գոթացի գիտնականները, ինչպիսիք են Բրաուլիո Սարագոսացին և Իսիդոր Սևիլիացին, կարևոր դերակատարում են ունեցել դասական հունա-հռոմեական մշակույթի պահպանման գործում։ Իսիդորը Միջնադարյան Եվրոպայում ամենաազդեցիկ հոգևորականներից և փիլիսոփաներներից մեկն էր, և նրա տեսությունները կենսական նշանակություն են ունեցել նաև Վեսթգոթական թագավորության արիոսական դավանանքից Տոլեդոյի Խորհուրդները կաթոլիկ դարձնելու գործում։ Այս գոթական թագավորությունը Իբերիայի թերակղզում առաջին ինքնավար քրիստոնեական թագավորությունն էր, և Ռեկոնկիստայում այն հանդիսանում էր մուսուլմանների իշխանության դեմ պայքարող տարբեր թագավորությունների ներկայացուցիչը։ Իսիդորն ստեղծեց առաջին արևմտյան Հանրագիտարանը (լատին․՝ Etymologiae sive Origines libri XX), որը մեծ ազդեցություն ունեցավ միջնադարում[13]։
Անդալուսիա
8-րդ դարում՝ 711–718 թվականներին, Պիրենեյան թերակղզու համարյա ամբողջ տարածքը զավթեցին արաբական զորքերը, որոնք ներխուժեցին հյուսիսային Աֆրիկայից։ Այս նվաճումները արաբական Խալիֆաթի կայսրության ստեղծման մի մասն էր։ Միայն մի փոքր երկրամաս հյուսիսարևմտյան լեռներում կարողացավ դիմակայել արաբական առաջին արշավանքին։
Իսլամական տիրապետության ներքո քրիստոնյաներին և հրեաներին տալիս էին դհիմի կարգավիճակ։ Այս կարգավիճակը թույլ էր տալիս դավանել իրենց հավատքներին, սակայն նրանք պետք է վճարեին ավելի մեծ հարկեր և նրանց հանդեպ կիրառվում էին որոշ խտրականություններ[14][15]։
Իսլամի տարածումը թերակղզում գնալով ավելի էր ուժեղանում։ Մուալիդները (Պիրենեյան թերակղզու էթնիկ մուսուլմանները) հանդիսանում են հիմնականում Ալ-Անդալուսի 10-րդ դարի բնակչության ժառանգները[16][17]։
Մուսուլմանական համայնքը Պիրենեյում շատ բազմազան էր և սոցիալական ընդվզումների պատճառ էր։ Բերբեր ժողովուրդը հյուսիսային Աֆրիկայից, որոնք տրամադրում էին արաբներին նեծ քանակությամբ զորքեր նվաճումների համար, ապստամբեց։ Բերբերները շուտով ազատագրեցին հյուսիսային որոշ տարածքներ՝ գահընկեց անելով արաբ ղեկավարներին։ Ժամանակի ընթացքում Մավրերը բնակություն հաստատեցին հիմնականում Գվադալկիվիր գետի ափերին, Վալենսիա մարզի ափամերձ շրջաններում, Էբրո գետի հովտում և (մինչև ժամանակաշրջանի վերջերը) Գրանադայի լեռնային տարածքներում։
Կորդովան՝ խալիֆաթի մայրաքաղաքը, հանդիսանում էր ամենամեծ, ամենահարուստ և ամենազարգացած քաղաքը Արևմտյան Եվրոպայում։ Միջերկրական ծովում առևտուրը բարգավաճում էր։ Մուսուլմանները ներմուծում էին հարուստ ինտելեկտուալ ավանդույթներ Մերձավոր արևելքից և հյուսիսային Աֆրիկայից։ Մուսուլման և հրեա մտավորականները մեծ դեր խաղացին Արևմտյան Եվրոպայի անտիկ մշակույթի վերածնունդի գործընթացում։ Անտիկ մշակույթը միաձուլվեց մուսուլմանական մշակույթի հետ և տարածաշրջանին տվեց յուրատեսակ մշակույթի ոճ[17]։ Քաղաքներից դուրս, որտեղ ապրում էր բնակչության ճնշող մեծամասնությունը, գործում էր Հռոմեական ժամանակներից եկած հողի սեփականության ձևը, քանի որ մուսուլման լիդերները հազվադեպ էին վտարում հողատերերին, և նոր մշակաբույսերի և տեխնոլոգիաների ներդրումը բերեց գյուղատնտեսության լայնածավալ զարգացմանը։
11-րդ դարում մուսուլմանական տիրապետությունը վտանգի տակ էր, քանի որ զարգանում էր Տայֆա թագավորությունը, որը հրահրում էր փոքր քրիստոնեական երկրներին ընդլայնել իրենց տարածքները։ Հյուսիսային Աֆրիկայից ժամանած մուսուլմանական համայնքները, ինչպիսիք էին Ալմորադիվները և Ալմոհադները վերականգնեցին իշխանությունը մուսուլմանական տարածքներում և առավել մեծ ուժով իրականացրեցին Իսլամի տարածումը։ Վերականգնված իսլամական իշխանությունը հաջողությամբ գոյատևեց մոտ մեկ դարից ավելի։
Իսլամական կայսրության անկում և միավորում
Reconquista ("Վերանվաճում") դա Իբերիական քրիստոնեական թագավորության ընդլայնման բազմադարյա ժամանակաշրջանն է։ Վերանվաճումն սկսվեց 722 թվականի Կովադենգայի ճակատամարտով և միաժամանակ Պիրենեյան թերակղզու մուսուլմանական նվաճումների ժամանակաշրջանն էր։ Քրիստոնեական բանակի հաղթանակը մուսուլմանական զավթիչների դեմ թույլ տվեցին ստեղծել քրիստոնեական Ատուրաս թագավորությունը 739 թվականին, հյուսիսարևմտյան ափամերձ լեռների երկայնքով, Մուսուլմանական զավթիչներին նաև դուրս մղեցին Գալիսիայից, որը հետագայում դարձավ ամենասուրբ վայրը արևմտյան Եվրոպայում՝ միջին դարերում իր Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքով և միավորվեց նոր քրիստոնեական թագավորությանը։ Մուսուլմանական զորքերը նույնպես տեղափոխվեցին Պիրենեյի հյուսիս, սակայն ջախջախվեցին Ֆրանկների կողմից։ Ավելի ուշ Ֆրանկները հիմնեցին քրիստոնեական երկրներ Պիրենեյի հարավային մասերում։ Նրանց տարածքները ձգվում էին մինչև Նավարե թագավորություն, Արագոն և Կատալոնիա[18]։ Մի քանի դար մուսուլմանների և քրիստոնեական երկրների սահմանները անցնում էին Էբրո և Դուերո հարթավայրերով։
Ալ-Անդալուսը մասնատվեց տաիֆաների (թագավորությունների), որոնց միջև երկարատև մրցակցությանը, թույլ տվեցին երկար ժամանակ պատերազմին պատրաստվող քրիստոնեական թագավորություններին դրության տեր դառնալ։ Ռազմավարական կենրտորնական քաղաք Տոլեդոյի գրավումը 1085 թվականին մեծ քայլ էր քրիստոնեական թագավորության առաջխաղացման հարցում։ Մուսուլմանական մեծ վերածննդից հետո մեծ Մավրական տերությունը ընկավ քրիստոնեական տիրապետության տակ 13-րդ դարում, Կորդովան 1236 թվականին և Սևիլյան 1248 թվականին, մնաց միայն Գրանադան որպես չնվաճված քաղաք հարավում[19]։
13-րդ և 14-րդ դարերում Մարինիդի մուսուլմանները Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմանական խմբավորումների հետ ներխուժեցին և հիմնեցին որոշ անկլավներ թերակղզու հարավային ափամերձ գոտում, բայց նրա փորձը վերականգնել մուսուլմանական տերությունը ձախողվեց, և նրանք դուրս մղվեցին Պիրենեյան թերակղզուց։ 13-րդ դարում նաև տեղի ունեցավ Արագոնի թագավորության կազմավորումը, որի կենտրոնը գտնվում էր Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելքում։ Նրանք կարողացան տիրանալ Միջերկրական ծովի հարուստ կղզիներին Սիցիլիային, ինչպես նաև Աթենքին[20]։
1469 թվականին քրիստոնեական թագավորություններ Կաստիլյան և Արագոնը միացան Իզաբելլա I Կաստիլիացու և Ֆերդինանդ II Արագոնեցու ամուսնությունից հետո։ 1478 թվականին ավարտվեց Կանարյան կղզիների նվաճումը, և 1492 թվականին Կաստիլիայի և Արագոնի միացյալ ուժերը նվաճեցին Գրանադա Էմիրատը, որով ավարտվեց 781-ամյա մուսուլմանական տերությունը Պիրենեյան թերակղզում։ Գրանադայում ցուցաբերեցին որոշ համբերություն մուսուլմանների նկատմամբ[21]։
1492 թվականը պատմության մեջ մտավ նաև Նոր երկրի հայտնաբերմամբ Քրիստափոր Կոլումբոսի կողմից, որի նավագնացությունը հովանավորում էր Իզաբելլան։ Այս նույն տարում սկսվեց Իսպանական հրեաների բռնի վերափոխումը կաթոլիզիմի, ովքեր հրաժարվում էին դուրս էին քշվում Իսպանիայի տարածքներից[22]։ Մի քանի տարի հետո Մուսուլմանները նույնպես նույն բախտին արժանացան[23]։
Որպես Վերածննդիի Նոր Արքաներ՝ Իզաբելլան և Ֆերդինանդը կենտրոնացրեցին ամբողջ իշանությունը իրենց ձեռքերում և նոր թագավորությունը կոչեց España՝ փոխարինելով նախկին Հիսպանիա բառին[23]։
Նրանց քաղաքականության արդյունքում ծնվեց նոր Իսպանական կայսրությունը։
Կայսերական Իսպանիա
Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները սկիզբ դարձան այժմյան Իսպանիայի և Իսպանական կայսրության ձևավորման[24]։ Իսպանիան Եվրոպայի ամենահզոր տերությունն էր 16-րդ դարում և 17-րդ դարի հիմնական հատվածում, նա գնալով հզորանում էր առևտրի և գաղութների մեծացման շնորհիվ։ Նա հասավ իր հզորության գագաթնակետին երկու թագավորների օրոք – Կառլոս I (1516-1556) և Ֆիլիպ II (1556-1598)։ Այս ժամանակաշրջանում տեղի ունեցան Իտալական պատերազմները, կոմուներների հեղափոխությունը, Հոլանդական հեղափոխությունը, Մորիսկո հեղափոխությունը, Օսմանական Թուրքիայի ներխուժումը և Ֆրանսիական վերածննդի պատերազմները[25]։
Իսպանական կայսրությունը տիրեց Ամերիկայի մեծ մասին, Խաղաղ օվկիանոսի Ասիական կղզիներին, Իտալիայի որոշ տարածքներին, Հյուսիսային Աֆրիկայի որոշ քաղաքներին, այժմյան Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների որոշ մասին։ Սա առաջին կայսրությունն էր, որի մասին ասացին կայսրություն, որտեղ արևը երբեք մայր չի մտնում։
Սա մի հայտնաբերումների դարաշրջան էր, որի ընթացքում ծովում և ցամաքում իրականացնում էին նոր առևտրային ուղիների հայտնաբերում, և այս ժամանակաշրջանում սկիզբ առավ եվրոպացիների կողմից աշխարհի գաղութականացումը։ Այս հայտնաբերությունների հետ մեկտեղ իսպանացիները նոր երկրներից բերում էին ոչ միայն թանկարժեք զարդեր, պերճանքի առարկաներ, նոր գյուղատնտեսական մշակույթ, այլ նաև նոր գիտելիքներ, որոնք զարգացրեցին նրանց աշխարհայացքը[26]։ Այս ժամանակաշրջանը դարձավ Իսպանիայի ոսկե դարաշրջանը։
16-րդ դարի վերջին և 17-րդ դարի առաջին կեսին Իսպանիան կանգնեց դաժան մարտահրավերների առաջ բոլոր կողմերից։ Բերեբերյան ծովահենները հզորացող Օսմանյան կայսրությանն հովանու ներքո ներխուժում էին ափամերձ գոտիներ և ստրկության վերցնում տեղի բնակչությանը[27]։ Այս ժամանակում Իսպանիիան նաև հաճախ պատերազմում էր Ֆրանսիայի հետ։
Բողոքականների անջատումը կաթոլիկ եկեղեցուց երկրին ավելի խորը դրության մեջ դրեցին իրենց կրոնական պատերազմների արդյունքում։ Արդյունքում երկիրը ներքաշվեց Եվրոպական և Միջերկրածովային պատերազմների մեջ[28]։
Տասամյա պատերազմեները, Սևիլյայի մեծ ժանտախտը 17-րդ դարում բերեցին կայսրության մեջ կրոնական և սոցիալական ընդվզումների։ Այս ընդվզումների արդյունքում Եվրոպական տնտեսությունը ահռելի վնասներ կրեց։ Իսպանիային հաջողվեց պահպանել Հեբսբուրգյան կայսրության մեծ մասը, օգնել Սուրբ Հռոմեական կայսրությանը բողոքականների դեմ պայքարում, սակայն վերջում Պորտուգալական ապստամբութունը, Նիդերլանդերի անջատումը և Ֆրանսիայի հետ մղվող արյունալի պատերազմները զգալիորեն թուլացրեվին Իսպանիայի դիրքերը[29]։
17-րդ դարի վերջերին Իսպանիան դանդաղ տեմպերով անկում էր ապրում, կորցնելով փոքր տարածքներ Ֆրանսիայում, սակայն կայսրության սահմաններից դուրս գաղութները գնալով մեծացնում էին, որոնք պահպանվեցին մինչև 19-րդ դարը։ Գահի համար մղվող պայքարներով սկսվեց 18-րդ դարը։ Ժառանգների պատերազմը Իսպանիայում վերածվեց քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում Իսպանիան կորցրեց իր վաղեմի դիրքերը Եվրոպայում[30]։
Այս պատերազմների ընթացքում Ֆրանսիայում հիմնվեց Բուրբոնների դինաստիան։ Առաջին Բուրբոն թագավորը դարձավ Ֆիլիպ Vը, որը վերափոխեց շատ հին օրենքներ[31]։
18-րդ դարում սկսվեց վերականգնվել կայսրության որոշ տարածքներ։ Բուրբոնների դինաստիան ներդրեց ֆրանսիական տնտեսական և ադմինիստարտիվ կառավարման համակարգը։ Բրիտանիային ցուցաբերած օգնությունը գաղութների, մասնավորապես Ամերիկայի անկախության դեմ մղվող պայքարում Իսպանիային վերադարձրեցին նրա կորցրած դիրքերը Եվրոպայում[32]։
Նապոլեոնյան տիրապետություն ու դրա հետևանքներ
1793 թվականին, Իսպանիան ներքաշվեց Ֆրանսիական հանրապետության դեմ պատերազմում, որի պատճառ հանդիսացավ Բուրբոն թագավոր Լուի XVI-ին մահապատժի ենթարկելը։ Պարտվելով ֆրանսիացիներին, խաղաղություն հաստատվեց և արդյունքում 1795 թվականին երկիրը դարձավ Ֆրանսիային ենթակա, մինչև 1804 թվականը, երբ իսպանական նավատորմի մնացորդները կատարելապես ջախջախվեցին Տրաֆալգար հրվանդանի մոտ (1805 թվականի հոկտեմբերի 20)։ 1807 թվականին Ֆոնտենբլոյի գաղտնի պայմանագրով, որը կնքվեց Նապոլեոնի և Իսպանիայի թագուհու ֆավորիտ Գոդոյի միջև, պատերազմ հայտարարվեց Պորտուգալիային և Բրիտանիային[33]։ Ֆրանսիական զորքերը ներխուժեցին թագավորություն առանց դիմադրության` Պորտուգալիա ներխուժելու կեղծ պատրվակով, սակայն դրա փոխարեն նրանք գրավեցին իսպանական ամրոցները։ Այս խորամանկ քայլի արդյունքում գահընկեց արվեց Իսպանիայի թագավորը և այստեղ իշխանությունն անցավ Նապոլեոն Բոնապարտի եղբայր Ժոզեֆ Բոնապարտին[34]։
Այս օտարերկրացի թագավորը լայնածավալ դժգոհությունների առիթ էր տալիս։ 1808 թվականի մայիսի ապստամբությունը Բոնապարտիստների ռեժիմի դեմ մղվող պայքարներից մեկն էր[35]։ Այս ապստամբությունները Իսպանիայում հայտնի դարձան որպես պատերազմ անկախության համար, իսկ բրիտանացիներն այն կոչեցին Պիրենեյան պատերազմ[36]։ Նապոլեոնը ստիպված էր անձամբ միջամտել, հաղթելով Իսպանական չկազմավորված բանակին և Բրիտանացիներին ստիպեց նահանջել։ Բայց և այնպես իսպանական պարտիզանական ջոկատների և բանակի պայքարը, Բրիտանա-պորտուգալական զորքերի առաջխաղացում, ինչպես նաև Նապալեոնի անհաջողությունները Ռուսաստանում ստիպեցին Ֆրանսիական զորքերին հեռանալու Իսպանիայից 1814 թվականին, իսկ Ֆերդինանդ VII թագավորը վերադարձավ գահին[37]։
Ֆրանսիական ներխուժումը շատ թանկ նստեց երկրի տնտեսության վրա և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ Գաղութների ուժեղացումը 19-րդ դարի սկզբներին նպաստեց, որ Իսպանիան կորցնի իր բոլոր գաղութները Ամերիկայում (որոնք ձգվում էին Կալիֆոռնիայից մինչև Պատագոնիա), չհաշված Կուբան և Պուերտո Ռիկոն։
Իսպանա-Ամերիկյան պատերազմ
19-րդ դարի Իպանիայի տնտեսական ճգնաժամի և քաղաքական անկայուն վիճակից օգտվելով՝ Կուբայում և Ֆիլիպիններում առաջ եկան ազգայնական շարժումներ, որոնք պայքարում էին անկախության համար։ Այս երկրների անկախության համար մղվող պատերազմների մեջ ներքաշվեց նաև Միացյալ Նահանգները։ Չնայած հակառակորդի զորքերի մարտական թույլ պատրաստվածությանը՝ պատերազմը, որն սկսվեց 1898 թվականի գարնանը, շատ կարճ տևեց։ Արդյունքում Իսպանիան պարտություն կրեց և կորցրեց կայսրության շատ գաղութներ, այդ թվում՝ Ֆիլիպինները և Կուբան։
Քաղացիական պատերազմ
20-րդ դարը մի փոքր խաղաղություն բերեց. Իսպանիան շատ փոքր դերակատարություն ունեցավ Աֆրիկայի նվաճման և գաղութականացման հարցում։ Մեծաքանակ կորուստները Ռիֆ պատերազմում Մարոկկոյում օգնեցին գահընկեց անել թագավորին։ Այդ ժամանակահատվածում իշանության գլուխ կանգնեց Գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերան (1923–1931) և հիմնադրեց Իսպանիայի երկրորդ հանրապետությունը։ Հանրապետությունը ինքնավարություն առաջարկեց Բասկերի երկրին, Կատալոնիային և Գալիսիային, կանանց տվեց ընտրության իրավունք։
Քաղաքացիական պատերազմը Իսպանիայում տեղի ունեցավ (1936–39) թվականներին։ Երեք տարի անց Իսպանացի ազգայնականները Գերմանական և Իտալական նացիստների աջակցությամբ, Գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ՝ հաղթանակ տարան։ Կառավարության ազգային ճակատին հովանավորում էին Սովետական Միությունը, Մեքսիկան և միջազգային ուժեր, այդ թվում ոչ պաշտոնապես Միացյալ Նահանգները։
Քաղաքացիական պատերազմի զոհ դարձան մոտ 500.000 մարդ[38] և մոտ կես միլիոն մարդ գաղթեցին երկրից[39]։ Այդ գաղթականների մեծ մասը տեղափոխվեց Լատինական Ամերիկա, միայն Արգենտինա գաղթեցին 300.000 մարդ[40]։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմը համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին կռիվը։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին Իսպանիան չեզոք դիրք էր գրավում, չնայած հարում էր Ֆաշիզմին։
Ֆրանկոյի ժամանակ քաղաքացիական պատերազմի ընթացքում գործում էր միայն մեկ կուսակցություն, դա Ֆալանգ Española Tradicionalista y de las JONS, ստեղծված 1937 թվականին. Կուսակցության գաղափարախոսություններն էին Հակա-կոմունիզմ, Կաթոլիզմ և նացիոնալիզմ։ 1949 թվականին կուսակցությունը անվանափոխվեց Նացիոնալիստական շարժում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսպանիան տնտեսապես և քաղաքապես մեկուսացվել էր և չէր ընդգրկվել ՄԱԿի կազմում։ Իրավիճակը փոխվեց 1955 թվականին Սառը պատերազմի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը ԱՄՆ-ի համար դարձավ ստրատեգիկ կարևոր կետ, որը թույլ կտար ԽՍՀՄ-ին դուրս մղել Միջերկրական ծովից։ 1960-ականներին Իսպանիան ցուցաբերեց աննախադեպ տնտեսական աճ, որը կոչվեց Իսպանական հրաշք, որի հետևանքով Իսպանիան ունեցավ ժամանակակից հզոր տնտեսություն։
Ֆրանկոյի մահվանից հետո 1975 թվականին, Խուան Կառլոս I-ը դարձավ Իսպանիայի թագավոր, տիրելով նաև ողջ իշխանությանը։ Իսպանիայի սահմանադրության ընդունումից հետ 1978 թվականին Իսպանիայում հաստատվեցին դեմոկրատական կարգեր, իսկ որոշ շրջաններին տվեցին ինքնավարության իրավունք։
Բասկերի Երկիրում բասկյան ազգայնականութուն շարժումը արմատական ազգայնական շարժման գլխավորությամբ ստեղծեց զինված կազմակերպության ԷՏԱ-ն։ Խումբը ստեղծվել է 1959 թ. Ֆրանկոյի իշխանության տարիներին նրա բռնի քարոզարշավի դեմ, սակայն շարունակում է մղել իր պայքարը անգամ ժողովրդավարության տարածաշրջանային ինքնավարության վերականգնումից հետո։
1981-ի փետրվարին ուժային կառույցների որոշ ուժեր փորձեցին հեղաշրջում իրականացնել, սակայն Խուան Կառլոս արքան ստանձնեց զինված ուժերի հրամանատարի պաշտոնը և ազգային հեռուստատեսությամբ հորդորեց ապստամբներին հանձնվել։
1982 թվականի մայիսի 30-ին Իսպանիան միացավ ՆԱՏՕ-ին, որը պայմանավորված էր սահմանադրության ընդունմամբ։ Այդ տարի Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը եկավ իշխանության, որը վերջին 43 տարում առաջին ձախակողմյան կառավարությունն էր։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրամիությանը։ Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը 1996 թվականի ընտրություններում պարտվեց Իսպանական ժողովրդական կուսակցությանը վերջ դնելով նրանց 14 տարվա իշխանությանը։
21-րդ դար
2002 թվականի հունվարի 1-ին Իսպանիան պեսետան որպես ազգային արժույթ փոխարինվեց Եվրոյի, որը միաժամանակ հանդիսանում էր Եվրոգոտու 15 երկրների արժույթ։ Իսպանիան նաև ցուցաբերում էր ակտիվ տնտեսական աճ, բարձր լինելով Եվրամիության տնտեսության միջին մակարդակից, սակայն երկրի տնտեսությունը վատթագույնս էր պատրաստված համաշխարհային տնտեսական ճգնաժամին և հետևանքները շատ ծանր նստեցին երկրի տնտեսության վրա[41]։
2004 թվականի մարտի 11-ին մի քանի պայթյուններ տեղի ունեցան Մադրիդի գնացքներում։ Հինգ ամիս տևած դատական նիստերի արդյունքում 2007 թվականին հաստատվեց, որ պայթյուններն իրականացվել է ալ-Քաիդայի կողմից[42]։ Պայթյունների հետևանքով զոհվեցին 191 մարդ, 1800 մարդ վիրավորվեցին, իսկ ընտրությունները հետաձգվեցին 3 օրով[43]։
Չնայած սկզբում բոլոր կասկածները Բասկյան ԷՏԱ խմբի վրա էր, սակայն ապացույցները ցույց տվեցին, որ մեղավորը Իսլամական շարժում է։ Ընտրությունների բոյկոտման պատճառով քաղաքական տարաձայնությունները տեղի տվեցին։ Առաջատար կուսակցությունները սկսեցին մեղադրել միմյանց[44]։ 2004- թվականի մարտի 14-ին Իսպանիայի սոցիալիստական աշխատավորաան կուսակցությունը նորից հաղթանակ տարավ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գլխավորությամբ, որը արդյունքում դարձավ երկրի վարչապետ[45]։
Իսպանիայի տնտեսությունը 2008-2014 թվականներին ապրեց մեծ ճգնաժամ, որի արդյունքում գործազրկությունը աճեց ահռելի մակարդակի։ 2011 թվականին Մարիանո Ռախոյի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը 44,6% ընդհանուր ձայներով հաղթանակ տարավ, իսկ Ռախոյը դարձավ վարչապետ։ 2014 թվականի հունիսի 19-ին միապետ Խուան Կառլոսը գահը հանձնեց իր որդուն, ով դարձավ Ֆելիպե VI-ը։
Կատալոնական սահմանադրական ճգնաժամ
2015 թվականի Կատալոնիայի տարածքային ընտրություններից հետո, որոնց արդյունքում մեծամասնություն ստացան անկախամետ ուժերը, Կատալոնիայի կառավարությունը անկախության հանրաքվե հայտարարեց 2017 թվականի հոկտեմբերի 1-ին, չնայած Իսպանիայի իշխանությունները դեմ էին[46]։ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը հայտարարեց, որ անկախության հանրաքվեն անօրինական է, քանի որ չի համապատասխանում Իսպանիայի սահմանադրության դրույթներին[47], ինչին սատարեց նաև Եվրոպական հանձնաժողովը[48]։
504782 կմ2 տարածքով Իսպանիան աշխարհում 51-րդն է իր տարածքով։ Այն միայն 47000 կմ2 է փոքր Ֆրանսիայի և 81000 կմ2 ավելի մեծ է, քան ԱՄՆ նահանգ Կալիֆոռնիան։ Տեյդեն (Տեներիֆե, Կանարյան կղզիներ) ամենաբարձր գագաթն է Իսպանիայում և երրորդ ամենամեծ հրաբուխը աշխարհում։
Արևմուտքում Իսպանիան սահմանակից է Պորտուգալիային, հարավում՝ Ջիբրալթարին և Մարոկկոյին։ Հյուսիս-արևելքում, Պիրենեյան լեռնաշղթայի երկայնքով սահմանակից է Ֆրանսիային, ինչպես նաև գաճաճ պետություն Անդորրային։
Կղզիներ
Իսպանիայի կազմում են ընդգրկված Բալեարյան կղզիները Միջերկրական ծովում, Կանարյան կղզիները Ատլանտյան օվկիանոսում և մի քանի անմարդաբնակ կղզիներ Ջիբրալթարի Մեջերկրական ծովի հատվածում, հայտնի են որպեսPlazas de soberanía:
Կղզիների բնակչությունը[49]։
Կղզի | Բնակչություն | Մակերես (կմ2) | Խտություն (շունչ//կմ2) |
---|---|---|---|
Տեներիֆե | 899833 | 2034 | 435 |
Մալյորկա | 862397 | 3640.11 | 238.75 |
Գրան Կանարիա | 838397 | 1560 | 537.4 |
Լանսարոտե | 141938 | 845.9 | 209 |
Իվիսա | 125053 | 571.6 | 231.6 |
Ֆուերտեվենտուրա | 103107 | 1660 | 45 |
Մենորկա | 92434 | 695.7 | 135.67 |
Լա Պալմա | 85933 | 706 | 135.67 |
Լա Գոմերա | 22259 | 369.76 | 60.32 |
Էլ Հիերրո | 10558 | 278 | 37.97 |
Ֆորմենտերա | 7957 | 83.24 | 95.59 |
Արոսա | 4889 | 7 | 698.42 |
Լա Գրացիոզա | 658 | 29.05 | 22.65 |
Տաբարկա | 105 | 0.45 | 233.3 |
Օնս | 61 | 0.0171 | 3567 |
Լեռներ և գետեր
Աշխարհամասային Իսպանիան լեռնային երկիր է, հիմնված բարձր գոտում և բազմաթիվ լեռնաշղթաներով։ Պիրենեյան լեռներից հետո հիմնական լեռնաշղթաներն են Կորդիլերրա Կանտրաբիցա, Սիստեմա Իբերիցո, Սիստեմա Սենտռալ, Մոնտես դե Տոլեդո, Սիեռա Մորենա և Սիստեմա Պենիբետիցո, որոնց ամենաբարձր գագաթը 3.478 մ Մուլհակեն լեռն է, տեղակայված Սիերա Նևադայում, իսկ Իսպանիայի ամենաբարձր գագաթը դա Տեյդեն է, 3.718 մետր բարձրությամբ, որը գործող հրաբուխ է Կանարյան կղզիներում։
Իսպանիայում հոսում են մի քանի խոշոր գետեր ինչպիսիք են Տախոն, Էբրոն, Դուերոն, Գուանդիանան և Գվադալքվիվերը։
Կլիմա
Իսպանիան կարելի է բաժանել երեք հիմնական կլիմայական գոտիների համաձայն իրենց աշխարհագրական դիրքի և օրորգրաֆիկ պայմանների[50][51].
- Միջերկրածովային կլիմա, դրսևորվում է չոր և շոգ ամառներով, որը համաձայն Köppen կլիմայի դասակարգման բաժանվում է երկում մասի Csa և Csb.
- Կիսաչոր կլիմա (Bsh, Bsk), տեղակայված է հարավարևելյան քարորդում, հատկապես Մուսիա մարզում և Էբրո հարթավայրում, ի տարբերություն միջերկրածովային կլիմայի միայն ամռանն է լինում չոր։
- Օվկիանոսային կլիմա (Cfb), տեղակայված է երկրի հյուսիսում, հատկապես Բասկերի երկրում, Աստուրասում, Կանտաբրիայում և մասամբ Գալիսիայում։ Ի տարբերություն միջերկրածովային կլիմայի ամառային և ձմեռային եղանակը կապված է օվկիանոսից, իսկ եղանակային երաշտներ չկան։
Բացի այս հիմնական գոտիներից կան նաև ենթագոտիներ ինչպիսին են Ալպյան կլիման Պիրենեյան լեռնաշղթայում և Սիեռա Նևադայում և տիպիկ մերձարևադարձային կլիմա Կանարյան կղզիներում։
1978 թվականի Իսպանիայի սահմանադրություն Իսպանիայում ժողովրդավարության հաստատման գագաթնակետն էր։ Իսպանիայի սահմանադրության պատմությունը սկսվում է դեռ 1812 թվականին։ Ժողովրդական ռեֆորմները սկսվեցին 1976 թվականին և 1977 թվականին, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը նախևառաջ պաշտոնանկ արեց Կառլոս Արիաս Նավառոյին և Ադոլֆո Սուարեսին նշանակեց վարչապետ[52][53]։ 1977 թվականի հանրաքվեի արդյունքներով Իսպանիայի պառլամենտում ստեղծվեց սահմանադրության մշակման հանձնաժողով, որը պետք է ներկայացներ սահմանադրության վերջնական տեսքը 1978 թվականին[54]։ 1978 դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքում 88 % ձայներով ընդունվեց նոր սահմանադրությունը։
Որպես արդյունք, Իսպանիան այժմ բաղկացած է 17 ինքնավար համայնքից և 2 ինքնավար քաղաքից՝ տարբեր ինքնավարության աստիճանով, սակայն սահմանադրությամբ ասվում է որ Իսպանիան անբաժանելի է, ինչպես նաև Իսպանիայում չկա պաշտոնական կրոն, բոլորը կարող են ունենալ այն կրոնը, որը կցանականան։
2009 թվականի նոյեմբերի դրությամբ Իսպանիայի կառավարությունը շարունակում է սոցիալական հավասարության քաղաքականությունը։ Կառավարության 18 անդամից ինը կանայք են։ Խոսե Լուիս Ռոդրիգես Սաբատերոյի ժամանակաշրջանում Իսպանիան դարձավ կանանց հավասարությունը պաշպանող երկրների ավանգարդը, սկանդինավյան երկրներից հետո[55]։ Իսպանիայում նաև ընդունվեց օրենք, որով պաշտոնապես հարգվում է կանանց հավասարության իրավունքը[56][57]։ Սակայն օրենսդիր մարմնում, 2010 հուլիսի դրությամբ միայն 36.3% կոնգրեսական են կանայք[58]։ Ներկայումս կանանց կշռով օրենսդիր մարմնում Իսպանիան 13-րդն է։ Սենատում կանանց կշիռը ավելի փոքր է կազմում է ընդամենը 30.0 %[59]:
Կառավարության կազմ
Իսպանիան սահմանադրական միապետություն է, ժառանգական միապետով և երկպալատանի պառլամենտով, Գլխավոր կորտեսներով։ Գործադիր մարմինը՝ Իպանիայի նախարարների խորհուրդը վարչապետի նախագահությամբ, որը նշանակվում է միապետի կողմից և առաջադրվում է Կոնգրեսի կողմից։
Օրենսդիր մարմինը կազմված է կոնգրեսից (Congreso de los Diputados) 350 անդամներով, որոնք ընտրվում են համամասնական ցուցակներով 4 տարի ժամկետով, և Սենատից(Senado) 259 անդամից, որոնցից 208-ը ընտրվում են մեծամասնական ցուցակներով, իսկ 51-ին ընտրում են տեղական օրենսդիր մարմինները նույնպես 4 տարով։
- Երկրի ղեկավար
- Իսպանիայի միապետ Ֆելիպե VI, 2014 Հունիսի 19-ից
- Կառավարության նախագահ
- Իսպանիայի վարչապետ (Իսպաներեն Presidente del Gobierno ). Պեդրո Սանչես, ընտրվել է 2018 թվականի հունիսի 1-ին։
- Առաջին փոխնախագահ և ներքին գործերի նախարար. Սորայա Սաենս դե Սանտամարիա։
- Իսպանիայի վարչապետ (Իսպաներեն Presidente del Gobierno ). Պեդրո Սանչես, ընտրվել է 2018 թվականի հունիսի 1-ին։
- Կաբինետ
- Նախարարների խորհուրդ (Իսպաներեն Consejo de Ministros) նշանակվում են վարչապետի կողմից։
Իսպանիան կանոնակարգված տեսքով կազմված է ինքնավար մարզերից, որը Եվրոպայի ամենաապակենտրոնացված ձևն է Շվեյցարիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ միասին[60]։ Օրինակ բոլոր ինքնավար մարզերը ունեն իրենց սեփական պառլամենտները, կառավարությունները, բյուջեները։ Բասկերի երկրում և Կատալոնիայում նույնիսկ ոստիկանությունը ենթարկվում է տեղի իշխանությանը։
Վարչական բաժանում
Ինքնավար համայնքներ և քաղաքներ
Լա Մանչա
Ինքնավար համայնքները երկրի վարչական բաժանման առաջին մակարդակն է։ Նրանք ստեղծվել են և մինչև այժմ գործում են 1979 թվականից և իրավունք է տալիս նրանց ստեղծել սեփական կառավարությունը[61]։ Ինքնավար համայնքները կարող են ինտեգրված լինել հարակից շրջանների հետ պատմական, մշակութային և տնտեսական կապերով։
Հիմնական օրենքները յուրաքանչյուր ինքնավար համայնքում՝ դա ինքնավարության կանոնն է։ Ինքնավարությամ կանոնով սահմանվում է ինքնավար համայնքի անվանումը, սահմանները, կառավարության ձևավորման կարգը և շատ ներքին օրենքներ, երկրի սահմանադրությամբ սահմանված կարգով[62]։
Բոլոր ինքնավար համայնքների կառավարությունները պետք է կազմված լինեն.
- Օրենսդիր մարմին, որի անդամներն ընտրվում են համամասնական ցուցակներով և պետք է ներկայացված լինեն համայնքի բոլոր շրջանները,
- Կառավարության խորհուրդ իրենց վարչական և գործադիր գործունեությամբ, ղեկավարում է նախագահը, որին ընտրում է օրենսդիր մարմինը միապետի համաձայնությամբ,
- Գերագույն դատարանը, որն ենթարկվում է երկրի գերագույն դատարանին և գործունեություն է իրականացնում ինքնավար համայնքի ներսում։
Կատալոնիային, Գալիցիային և Բասկերի երկրին, որոնք իրենց անվանում են ազգայնականներ, ինքնավարություն տրամադրվեց շատ կարճատև ժամանակահատվածում։ Անդալուզիան նույնպես ուներ նույն ինքնավարության կարգավիճակ, սակայն նրա ինքնավարության տրամադրման գործընթացը համեմատաբար երկարատև էր։ Կամաց կամաց մյուս համայնքներին նույնպես տրվեց ինքնավարության կարգավիճակ, հաշվի առնելով տարածաշրջանի պատմական, կրոնական հատկանիշները, ինչպիսիք են Վալենիսայի համայնքը[63], Կանարյան կղզիները[64], Բալեարիկ կղզինեը[65], և Արագոնը[66]։
Ինքնավար համայնքները ունեն լայն օրենսդիր և գործադիր ինքնավարություն, իրենց սեփական պառլամենտներով և կառավարություններով։ Յուրաքանչյուր համայնքի համար լիազորությունների բաշխումը կարող է տարբեր լինել, միայն երկու համայնքներ ունեն լիարժեք ինքնավարություն, դրանք են Բասկերի երկիրը և Նավարեն։ Բացի այդ Բասկերի երկիրը, Կատալոնիան և Նավարեն ունեն սեփական ոստիկանություն և զինված ուժեր։
Մարզերը և համայնքներ
Ինքնավար համայնքները իրենց հերթին բաժանվում են մարզերի իսպաներեն (provincias)։ Իսկ մարզերը իրենց հերթին բաժանվում են համայնքների իսպաներեն (municipios)։ Եվ մարզերի, և համայնքների գոյատևումը պաշտպանված է սահմանադրությամբ և պարտադիր չէ դրա վերաբերյալ գրված լինի ինքնավար համայնքի կանոնադրությունում։ Մարզերին տրված է ազատություն սեփական գործերը կառավարելու համար և իրականացնում են երկրի շահերից բխող գործունեություն[67]։
Ներկայիս վարչական բաժանումը հիմնված է Խավիեր Բուրգոսի կողմից 1833 իրականացված բաժանման վրա, որը Իսպանիան բաժանեց 50 մարզերի։ Որոշ ինքնավար համայնքներ բաժանված են միայն մեկ մարզի, օրինակ Աստուրասը, Կանտաբրիան, Լա Ռիոյան, Բալեառիկ Կղզիները, Մասրիսը, Մուրսիան և Նավարեն, որոնք հանդիսանում են և ինքնավար համայնք և մարզ։
Արտաքին հարաբերություններ
Ժողովրդավարության վերադարձից հետո 1975 թվականին Ֆրանկոյի մահվանից հետո, Իսպանիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն էր կոտրել դիվանագիտական մեկուսացումը, որը մեջ ընկել էր Ֆրանկոյի տարիներին և ընդլայնել դիվանագիտական հարաբերությունները, մուտք գործել Եվրոպական համայնք և սահմանել անվտանգության հարաբերություններ Արևմուտքի հետ։
Որպես արդյունք Իսպանիան 1982 թվականից դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Իսպանիայի ԵՄ անդամագրությունը կարևոր քայլ էր արտաքին հարաբերություններում։
Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ, Իսպանիան ավարտեց դիվանագիտական գործունեության հիմնական փուլը։
Իսպանիան հատուկ հարաբերություններ ստեղծեց Լատինական Ամերիկայի հետ։ Քաղաքականությունը ենթադրում էր միավորել Լատինական Ամերիկայի իսպանալեզու համայնքին իր մշակույթով, լեզվով և պատմությամբ։ Իսպանիան դարձավ դիկտատուրայից ժողովրդավարության վերափոխման օրինակ ամբողջ Լատինաամերիկյան ժողովրդի համար, որոնք տուժել են դիկտատուրայից՝ ինչպես Իսպանիան Ֆրանկոյի ժամանակաշրջանում։
Տարածքային վեճեր
Իսպանիան հավակնում է Ջիբրալթարին, ինչպես նաև Բրիտանիային պատկանող 6 կմ2 ափամերձ տարածքին Պիրենեյան թերակղզում, որոնք գրավել էին անգլո-հոլանդական զորքերը դեռ 1704 թվականին, Իսպանիայի ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ։
Ջիբրալթարը օրինական կարգավիճակ է ստացել 1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով, որի համաձայն Իսպանիան անժամկետ հանձնեց Ջիբրալթարը Բրիտանական թագավորությանը[68] պայմանով, եթե Բրիտանիան հրաժարվի այդ տարածքներից, այն անցնելու է Իսպանիային։ Մինչև 1940 ականները Իսպանիան միշտ փորձել է վերադարձնել Ջիբրալթարը, սակայն Ջիբրալթարի բնակչության ճնշող մեծամասնությունը միշտ դեմ է եղել Իսպանիային միանալուն[69] Միացյալ ազգերի կազմակերպությունը առաջարկեց Իսպանիային և Բրիտանիային, որպես ԵՄ անդամ համաձայնության գալ Ջիբրալթարի հարցում[70][71]։
Չնայած դրան Իսպանիան գտնում է, որ Ուտրեխտի պայմանագրով Բրիտանիային է հանձնվել միայն Ջիբրալթար քաղաքը, այլ ոչ թե նեղուցը, և գտնում է, որ նեղուցի տարածքները ապօրինի բռնազավթել են, ինչը հակասում է միջազգային նորմերին[72]։ Բրիտանիան գտնում է, որ դե ֆակտո տարածքների պատկանելը բխում է պայմանագրի կետերից[73][74]։
Իսպանիան հավակնում է Պերեժիլ կղզիին, որը փոքր անմարդաբնակ կղզյակ է Ջիբրալթարի նեղուցում։ Կղզին ընկած է Մարոկկոյի ափից 250 մետր հեռավորության վրա և 13 կիլոմերտ Իսպանիայի ափից։ Այն վիճաբանության առարկա է Իսպանիայի և Մարոկկոյի միջև։ Այն նաև զինված ընդհարման պատճառ է երկու երկրների միջև 2002 թվականին։ Միջադեպը ավարտվեց համաձայնությամբ, որը Մարոկկոյին թույլ տվեց օկուպացնել կղզին։ Կղզյակի ճակատագիրը մինչև այժմ որոշված չէ, քանի որ դեռևս չի կնքվել որևէ համաձայնագիր։
Մարոկկոն նաև հավակնում է Իսպանական որոշ կղզիների Աֆրիկայի հյուսիսային ափում։ Պորտուգալիան չի ճանաչում Իսպանիայի իշխանությունը Օլիվենզա տարածաշրջանում։
Զինված ուժեր
Իսպանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ն է[75]։
Իսպանիայի զինված ուժերը բաժանվում են երեք ճյուղի[76].
- Բանակ (Ejército de Tierra)
- Ռազմածովային ուժեր (Armada)
- Ռազմաօդային ուժեր (Ejército del Aire)