Լոնդոն
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Լոնդոն (անգլ.՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը[3]. Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից` «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին[4]։ Մեծ Բրիտանիայի վարչական բաժանման համաձայն՝ քաղաքը բաժանվում է Լոնդոնի շրջանի[5] և Մեծ Լոնդոն վարչական շրջանի[6], որը կառավարում են ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը[7]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Լոնդոն | |||
անգլ.՝ London | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Ներքին բաժանում | 33 վարչական շրջան | ||
Հիմնադրված է | մոտ 47[1] թ. | ||
Այլ անվանումներ | Լոնդինիում, Լյունդենբուրգ | ||
Մակերես | 1706,8 կմ² | ||
ԲԾՄ | 15 մետր, 11 մետր, 36 ֆուտ | ||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||
Բնակչություն | 8 908 081 մարդ (2018) | ||
Խտություն | 5 666 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 14 257 962[2] | ||
Տեղաբնականուն | լոնդոնցի | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +44 20 | ||
Փոստային դասիչ | E, EC, N, NW, SE, SW, W, WC, BR, CM, CR, DA, EN, HA, IG, KT, RM, SM, TN, TW, UB և WD | ||
Պաշտոնական կայք | london.gov.uk(անգլ.) | ||
| |||
Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի[8]։ Այն համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը՝ Նյու Յորքի հետ միասին[9][10][11] և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ[12]։ Լոնդոնը նաև համարվում է աշխարհի մշակութային մայրաքաղաքը[13][14][15][16]։ Այն աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքն է[17] և ունի աշխարհում ամենազբաղված օդանավակայանը[18]։ Լոնդոնի 43 բուհերն ունեն բարձրագույն կրթության ամենամեծ խտությունը Եվրոպայում[19]։ 2012 թվականին Լոնդոնը երրորդ անգամ ընդունեց Ամառային օլիմպիական խաղերը[20]։
Լոնդոնն ունի բազմազան ժողովրդագրություն և մշակույթ, Լոնդոնում խոսում են ավելի քան 300 լեզուներով[21]։ 2011 թվականի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, ինչի շնորհիվ այն դառնում է Եվրոպական Միության՝ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը[22][23]. քաղաքի բնակչությունը կազմում է Միացյալ Թագավորության բնակչության 12,5%-ը[24]։ Մեծ Լոնդոնը, որի բնակչությունը կազմում է 8,278,251 մարդ, ամենախիտ բնակեցված քաղաքն է Եվրոպական Միությունում[25], իսկ Լոնդոնի մետրոպոլիայի տարածքը ամենամեծն է ԵՄ-ում ընդհանուր 12 միլիոն բնակչությամբ[26][27]։ 1831-1925 թվականներին Լոնդոնն ունեցել է աշխարհի քաղաքների մեջ ամենաշատ բնակչությունը[28]։
Լոնդոնում կա Համաշխարհային ժառանգության չորս օբեկտ՝ Թաուերը, Քյուի թագավորական բուսաբանական այգիները, Վեստմինստերյան պալատում գտնվող Վեստմինստերյան աբբայությունը և Սուրբ Մարգարեթ եկեղեցին ու պատմական հուշարձան Գրինվիչը (որտեղ գտնվում է Գրինվիչի աստղադիտարանը)[29]։ Մյուս տեսարժան վայրերն են Բուքինգեմյան պալատը, Լոնդոնի աչքը, Պիկադիլի հրապարակը, Սուրբ Պողոսի Տաճարը, Թաուեր կամուրջը, Թրաֆալգարյան հրապարակը և Ուեմբլի մարզադաշտը։ Լոնդոնում կան նաև մեծ թվով թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ, սպորտային միջոցառումների վայրեր և մշակութային օջախներ, ներառյալ Բրիտանական թանգարանը, Լոնդոնի ազգային պատկերասրահը, Թեյթ բրիտանական պատկերասրահը, Բրիտանական գրադարանը, Ուիմբիլդոնը և 40 Ուեսթ Էնդ թատրոնները[30]։ Լոնդոնի մետրոպոլիտենն ամենահինն է աշխարհում[31]։
Անվանում
Լոնդոն անվանման ծագումնաբանությունը բազմակարծիք է[32]։ Այն հնագույն անվանում է և առաջին հիշատակումները գալիս են 2-րդ դարից։ 121 թվականին այն անվանվել է Լոնդինիում (անգլ.՝ Londinium), որը ունի Ռոմանո-Բրիտանական ծագում[32]։ Ամենաառաջին բացատրությունը, որը ներկայումս ժխտվում է, տվել է Գելֆրիդ Մանմուտսկին իր Historia Regum Britanniae աշխատությունում[32]։ Ըստ այս վարկածի, երբ քաղաքին տիրանում է Լուդ թագավորը, այն անվանում է Kaerlud[33]։
Սկսած 1898 թվականից որոշ գիտնականների կողմից ընդունվում էր, որ Լոնդոն բառը եկել է կելտերենից և նշանակում է վայր, որը պատկանում է մարդու Լոնդինիոս անվանմամբ. այս վարկածը հետագայում նույնպես ժխտվեց[32]։ 1998 թվականին անգլիացի լինգվիստ Ռիչարդ Կոտեսը բերեց մի վարկած, ըստ որի անվանումը գալիս է նախակելտական *(p)lowonida բառից, որը նշանակում է 'գետը չափազանց լայն է և ծանծաղուտ, և բացատրում է, որ այս անվանումը տրվել է Թեմզայի այն մասին, որը անցնում է Լոնդոնով, այնուհետև այստեղ հիմնվել է կելտական բնակավայր *Lowonidonjon անվանմամբ[34], այս վարկածը բավական աղմուկ բարձրացրեց։
Մինչ 1889 թվականը Լոնդոն անվանումը պաշտոնապես օգտագործվել է միայն Լոնդոն սիթիում, բայց հետո նաև օգտագործվեց Լոնդոնյան կոմսություն և այժմյան Մեծ Լոնդոն անվանումներում[4]։
Նախապատմություն
Չնայած կան ապացույցներ, որ Լոնդոնի տարածքում եղել են կելտական բնակավայրեր, հիմնական բնակավայրը կառուցվել է հռոմեացիների կողմից 43 թվականին[35]։ Գրեթե 17 տարի անց՝ մոտ 61 թվականին, Իցենի ցեղը Բոդիկա թագուհու գլխավորությամբ գրավեցին բնակավայրը՝ հողին հավասարեցնելով այն[36]։ Քաղաքը դժվարությամբ ազատագրեց ու վերականգնեցին Կոլչեստերը, և 100 թվականին այն հռչակեց Հռոմեական Բրիտանիայի մայրաքաղաք։ Այն բարգավաճեց 2-րդ դարում և ուներ մոտ 60.000 բնակիչ։ 7-րդ դարում Անգլո-Սաքսոնները կառուցեցին նոր բնակավայր, որն անվանեցին Լյունդենվիկ։ Նոր բնակավայրը գտնվում էր Հռոմեական Լոնդոնից երկու կմ հեռավորության վրա[37]։
Նոր բնակավայրում բարգավաճում էր ձկնորսությունը, առևտուրը, մինչ քաղաքը գրավեցին Վիկինգները, բնակավայրի բնակչությունը տեղափոխվեց հռոմեական Լոնդոն, որտեղ մեծ պարիսպները պետք է պաշտպանեին նրանց[38]։ Վիկինգների հարձակումները շարունակվեցին ուժեղանալ մինչև 886 թվականը, երբ Ալֆրեդ Մեծը ազատագրեց Լոնդոնը և խաղաղություն հաստատեց դանիական առաջնորդ Գուտրումի հետ[39]։ Սաքսոնական Լունդենվիկ քաղաքը վերանվանվեց Ealdwic ("հին քաղաք"), ներկայիս Օլդվիչ, որը գտնվում է ներկայիս Վեստմինստերում[40]։
Վերջին երկու բացահայտումները վկայում են, որ Լոնդոնն ավելի հին է, քան մինչ այդ համարվում էր։ 1999 թվականին Վոկսհոլյան կամուրջի մոտ հայտնաբերվել են Բրոնզե դարում կառուցված կամրջի մնացորդներ[41]։
2010-ին Վոկսհոլյան կամրջի հարավում՝ Թեմզայի ափին, հայտնաբերվել է մ.թ.ա. 4500 թվականի բնակավայրի մնացորդներ[42]։
Միջին դարեր
5-րդ դարում հռոմեական կայսրության փլուզումից հետո Լոնդոնը մասամբ լքվեց։ Սակայն սկսած 6-րդ դարից մի Անգլոսաքսյան բնակավայր հայտնի Լունդենվիկ անվանվանմամբ հիմնվեց ռոմանական Լոնդոնի արևմուտքում, ներկայիս Կովենթ Գարդենի և Ստրանդի վայրում, ունենալով ընդամենը 10-12.000 բնակչություն[37]։ 9-րդ դարում Լոնդոնը բազմակի անգամ հարձակման ենթարկվեց Վիկինգների կողմից, ստիպելով բնակչությանը բնակություն հաստատել հին ռոմանական Լոնդոնի տարածքում, որտեղ կարող էին պատսպարվել պարիսպների տակ[38]։ Երբ Անգլիայի թագավորությունը միավորվեց 10-րդ դարում, Լոնդոնը արդեն երկրի ամենամեծ քաղաքն էր իր հարուստ առևտրային կապերով և հանդիսանում էր քաղաքական կենտրոն։
11-րդ թագավոր Էդվարդ խոստովանողը վերագտավ և վերակառուցեց Վեստմինստերյան աբբայությունը և Վեստմինստերը, որը գտնվում է Լոնդոնից քիչ հեռու, և այն դարձրեց թագավորի նստավայր։ Այս իրադարձությունից հետո Վեստմինստերը համարվում է կառավարության բիզնես կենտրոն[43]։
Հաստնիգսի ճակատամարտում իր հաղթանակից հետո Վիլյամ Նվաճողը թագադրվեց Վեստմինստերյան աբբայությունում 1066 թվականի սուրբ ծննդյան օրը[44]։ Վիլյամը կառուցեց Թաուեր, շատ Նորմանդական ամրոցներ վերակառուցեց քարից, որպեսզի ահազդի հարավարևելյան մասում ապրող բնակչությանը[45]։ 1097 թվականին, Ուիլյամ II-ը սկսեց Վեստմինստերյան դահլիճի կառուցումը աբբայութան մոտ, որը հետագայում հիմք հանդիսացավ նոր Վեստմինստերյան պալատի համար[46][47]։
12-րդ դարի ընթացքում կենտրոնական կառավարության կազմը, որը մեծապես կենտրոնացված էր թագավորի շուրջը սկսեց կենտրոնանալ մեկ վայրում։ Այս վայրը Վեստմինստեր էր, սակայն երբ գանձարանը տեղափոխվեց Վինչեստեր, մի մասը տեղափոխվեց Տաուեր։ Մինչդեռ Վեստմինստեր Սիթիին վերածվեց կառավարության մայրաքաղաքի, նրա հարևան Լոնդոնը դարձավ Անգլիայի ամենամեծ քաղաքը և առևտրային կենտրոնը իր սեփական կառավարման մարմիններով։ 1100 թվականին Լոնդոնի բնակչությունը 18.000 էր, իսկ 1300 թվականին այն դարձավ 100.000[48]։
Ժանտախտի տարիներին 14-րդ դարի կեսերին Լոնդոնի բնակչության երրորդ մասը մահացավ[49]։ Լոնդոնը 1381 թ.-ին գտնվում էր Ուտ Թեյլորի ապստամբության կենտրոնում[50]։
Վաղ ժամանակակից
Թյուդորների ժամանակաշրջանի ընթացքում բարեփոխումները վերափոխում էին կրոնը դեպի բողոքականություն, Լոնդոնում եկեղեցու սեփականությունը աստիճանաբար սկսեց պատկանել մասնավորին[51]։ Բրդյա հագուստների նյութերը ներմուծվում էին Լոնդոն պատմական Նիդերլանդների տարածքից, որոնք քաղաքում վերամշակվում և ուղարկվում էին երկրի մյուս հատվածներ։ Անգլիական տեխնոլոգիաները դեռ չէին կիրառվում Եվրոպայի հյուսիս արևմտյան մասում։ Առևտրային ուղիները դեպի Իտալիա և Միջերկրական ծով անցնում էին Անդվերպենով և Ալպերի վրայով, ծովային ճանապարհը, որը անցնում էր Ջիբրալթարի նեղուցով կարող էին անցնել միայն իտալական նավերը։ Անգլիացի նավագնացների կողմից Նիդերլանդների վերաբացումից հետ 1565 թվականից սկսվեց մեծ առևտրային հարաբերություններ[52][53]։ Մերկանտիլիզմը աճեց մոնոպոլիսատկան ձեռնարկությունների ինչպիսիք են Արևմտահնդկական ընկերությունը, որը իրականացնում էր Նոր աշխարհի հետ առևտուրը։ Լոնդոնը դարձավ Հյուսիսային ծովի գլխավոր նավահանգիստը, այստեղ սկսեցին գաղթել Անգլիայից և արտասահմանից Բնակչությունը աճեց 1530 թվականի 50.000-ի փոխարեն 1605 թվականին դարձավ 225.000[51]։
16-րդ դարում Ուիլյամ Շաքսպիրը և նրա ժամանակակիցները ապրեցին և ստեղծագործեցին Լոնդոնում, այս ժամանակ մեծ վերելք ապրեց թատրոնը։ Լյուդորների ժամանակաշրջանի վերջում՝ 1603 թվականին, Լոնդոնի տարածքը դեռևս փոքր էր։ 1605 թվականի նոյեմբերի 5-ին Վառոդների սադրանքից հետո Ջեյմս I-ի վրա կատարվեց մահափորց Վսետմենստերում[54]։ 17-րդ դարում Լոնդոնի բնակչության մեծ մասը վարակվեց Ժանտախտով, արդյունքում մահացավ 100.000 մարդ, կամ քաղաքի բնակչության հինգերորդ մասը[55]։
Լոնդոնի մեծ հրդեհը բռնկվեց 1666 թվականին և արագ տարածվեց քաղաքի փայտե տներով[56]։ Վերակառուցում տևեց ավելի քան տաս տարի, արը ղեակավարեց Ռոբերտ Հուկը, ով քաղաքի գլխավոր տեսուչն էր[57]։ 1708 թ.-ին ավարտվեց Կրիստոֆեր Ռենի գլուխ գործոցը համարվող Սուրբ Պողոսի տաճարի շինարարությունը։ Գերորգյան ժամանակաշրջանի ընթացքում արևմուտքում կառուցվեցին նոր թաղամասեր ինչպեսին են Մայֆայրը, կառուցվեցին նոր կամուրջներ Թեմզային երկայնքով։
1762 թվականին Գեորգ III-ը սկսեց Բուքինգեմյան պալատի շինարարությունը, որը ընդարձակվեց հաջորդ 75 տարիների ընթացքում։ 18-րդ դարի ընթացում աճեցին հանցագործությունները և 1750 թվականին ստեղծվեց առաջին մասնագիտացված ոստիկանությունը[58]։ Արդյունքում ավելի քան 200 հանցագործ մահապատժի ենթարկվեցին[59]։ Երեխաների 74 տոկոսը մահանում էին մինչև 5 տարին լրանալը[60]։ Սրճարանները դարձան քննարկումների ամենահայտնի վայրերը, մամուլի աճի հետ աճեց թերթերի քանակը, Ֆլիտ Սթրիթը դարձավ Բրիտանական մամուլի կենտրոն։
Ուշ ժամանակակից
Լոնդոնը ամենամեծ քաղաքն էր 1831 թվականից 1925 թվականներին[61]։ Լոնդոնի գերբնակեցված վիճակը բերեց խոլերա համաճարակի[62], խլելով 14.000 մարդու կյանք 1848 թվականին և 6000 կյանք՝ 1866 թվականին[63], Բնակչության աճը ստիպեց կառուցել աշխարհում առաջին քաղաքային տրասպորտը։ Լոնդոնը ռմբակոծվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քաղաքը մեծ ավերածությունների ենթարկվեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այդ ժամանակ Լյուֆտվաֆեի ռմբակոծություններից մահացան մոտ 30.000 Լոնդոնցի։ Անմիջապես պատերազմից հետո 1948 թվականին Լոնդոնում կազմակերպվեց Ամառային օլիմպիական խաղեր, որի բացումը տեղի ունեցավ Ուեմբլի մարզադաշտում։
1951 թվականին Սաութբանկում տեղի ունեցավ Բրիտանական փառատոնը։ 1952 թվականի Մեծ ծուխը ստիպեց 1956 թվականին ընդունել օրենք մաքուր օդի մասին, արդյունքում զգալիորեն վերացավ քաղաքի ծուխը, որը վատ համբավ էր բերում քաղաքին։ 1940-ական թվականներին Լոնդոնը դարձավ բազմաթիվ ներգաղթյալների տուն, հիմնականում թագավորության տարածքներից ինչպիսիք են Ճամայկան, Հնդկաստանը, Բանգլադեշը և Պակիստանը, դարձնելով Լոնդոնը ամենադիվերսիֆիկացված քաղաքը Եվրոպայում։
1690-ական թվականների կեսերից Լոնդոնը դարձավ երիտասարդական մշակույթի կենտրոն։ Նորաձևության դերը վերականգնվեց Ֆանկ ժամանակաշրջանում։ 1965-ին Լոնդոնի քաղաքական դաշտը ընդարձակեց իր սահմանները և ստեղծվեց Մեծ Լոնդոնի խորհուրդը։ Հյուսիսային Իռլանդիայի խռովությունների ժամանակ Լոնդոնը ռմբակոծության ենթարկվեց։ Ռասիստական անհավասարությունը 1981 թվականին չեղյալ հայտարարվեց Բրիքստոնի ապստամբությունից հետո։ Մեծ Լոնդոնի բնակչությունը Երկրորդ համաշխարհայինից հետո սկսեց նվազել, 1939 թվականին քաղաքի բնակչությունը 8,6 միլիոն էր, իսկ 1980 ական թվականներին այն նվազեց մինչև 6,8 միլիոնի։ Լոնդոնի հիմնական նավահանգիստները դարձան Ֆելիքստոուն և Թիբուրին։ Այն մեծ դեր խաղաց լոնդոնի ֆինանսական կենտրոն դառնալուն 1980-ական թվականներին։
Թեմզայի պատնեշի շինարարությունները ավարտվեցին 1980-ական թվականներին, այն կոչված էր պաշտպանելու քաղաքը ջրհեղեղներից։ Մեծ Լոնդոնի խորհորդը լուծարվեց 1986 թվականին, մինչև 2000 թվականը Լոնդոնը միակ մեծ քաղաքն էր առանց կառավարության, բայց դրանից հետո կազմավորվեց նոր կառավարության ավելի լայն լիազորություններով։ 21-րդ դարի սկիզբը տոնելու համար կառուցվեցին Միլենիում Դոմը, Լոնդոնի աչքը և Միլենիում կամուրջը։ 2012 թվականին Լոնդոնը ընդունեց ամառային օլիմպիական խաղերը դարձնելով միակ քաղաքը, որը ընդունել է օլիմպիական խաղերը 3 անգամ[64]։
Տեղական կառավարություն
Լոնդոնի կառավարությունը բաժանված է երկու ճյուղի, ռազմավարական ճյուղ և տեղական ճյուղ։ Ռազմավարական կառավարությունը հսկում է Մեծ Լոնդոնի կառավարումը, իսկ տեղական կառավարությունը հսկում է 33 վարչական համայնքների կառավարումը[65]։ Ռազմավարական կառավարությունը բաժանվում է երկու մասի, Լոնդոնի քաղապետը և Լոնդոնի ժողովը, ով հաստատում է քաղաքի բյուջեն ամեն տարի։. Ռազմավարական կառավարության կենտրոնը Սիթի Հոլն է, որը գտնվում է Սաութվորքում, քաղաքապետն է Սադիկ Խանը։ Քաղաքապետը հաստատում է քաղաքի ռազմավարական պլանը, որը վերջին անգամ վերանայվել է 2011-ին[66]։ Ժողովը կազմված է 32 տեղական համայնքների անդամներից և Լոնդոն Սիթի կորպորացիայի անդամներից[67]։ Նրանք պատասխանատու են տեղական ծառայությունների համար, ինչպիսիք են աղբահանությունը, դպրոցները, սոցիալական ծառայությունները, Ճանապարհաշինությունը և այլն։ Այնպիսի գործառնությունների ինչպիսիք են թափոնների կառավարումը ժողովը վերահսկում է համատեղ տեղական կառավարման մարմինների հետ։ 2009-2010 թվականներին Լոնդոնի կառավարության ընդհանուր ծախսերը կազմել են 22 միլիոն ֆունտ[68]։
Հսկողությունը Մեծ լոնդոնում բացի Լոնդոն քաղաքից իրականացնում են Մետրոպոլի ոստիկանական ուժերը, որոնց ղեկավարում է քաղաքապետի ենթակայության տակ գտնվող (MOPAC) մարմինը[69][70]։ Լոնդոն Սիթին ունի իր սեփական ոստիկանությունը, որը կոչվում է Լոնդոնի ոստիկանություն[71]։ Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հսկում է քաղաքի երկաթուղային տրանսպորտը և մետրոպոլիտենը[72]։
Լոնդոնի հրշեջ ջոկատը Մեծ Լոնդոնի հրշեջ ծառայությունն է։ Այն համարվում է երրորդ ամենամեծ հրշեջ ջոկատը աշխարհում[73]։ Շտապօգնության ծառայությունը իրականացվում է Լոնդոնի շտապօգնության բրիգադի կողմից, որը աշխարհում ամենամեծն է[74]։
Ազգային կառավարություն
Լոնդոնը Մեծ Բրիտանիայի կառավարության նստավայրն է, որը գտնվում է Վեստմինստերի պալատի մոտ։ Շատ կառավարական դեպարտամենտներ գտնվում են Խորհրդարանի մոտ, Վայթհոլլի երկայնքով, ներառյալ վարչապետի նստավայրը, որը գտնվում է Դաունինգ սթրիթ 10 հասցեում[75]։
Կառուցվածք
Լոնդոնի տարածքը մտնում է Մեծ Լոնդոն վարչատարածքային միավորի մեջ։ Հնագույն Լոնդոն Սիթին ժամանակին ընդգրկում էր ամբողջ բնակավայրը, սակայն բնակչության աճի հետ միավորվեցին նաև մերձքաղաքյա բնակավայրերը և ստեղծվեց ներկայիս Լոնդոնը[76]։ Մեծ Լոնդոնի 40 տոկոսը ծածկում է Լոնդոնի փոստային տարածքը, սակայն մնացած մասը փոստային հասցեներում օգտագործում է ԼՈՆԴՈՆ անվանումը[77][78]։
Լոնդոնի հեռախոսային տարածաշրջանի կոդը (020) ծածկում է մեծ տարածք Մեծ Լոնդոնի կազմում, չնայած որոշ շրջաններ միացված չեն հեռախոսային գոտուն։
Արտաքին հատվածի բնակչության աճը այժմ կանխվում է Մետրոպոլիտենի կանաչ գոտով[79], սակայն արտաքին հատվածում բնակելի տարածքի ընդլայնումը մոտենում է Մեծ Լոնդոնի սահմաններին։ Մեծ Լոնդոնը բաժանվում է ներքին Լոնդոնի և արտաքին Լոնդոնի[80]։ Քաղաքը Թեմզա գետով բաժանվում է Հյուսիսային և Հարավային մասերի, որի կենտրոնում գտնվում է Կենտրոնական Լոնդոնը։
Կարգավիճակ
Լոնդոնի հետ միասին Լոնդոն Սիթին և Վեսմինստեր Սիթին ունեն քաղաքւ կարգավիճակ,ինչպես նաև Լոնդոն Սիթին և Մեծ Լոնդոնը ունեն ավանդական երկրի կարգավիճակ[81]։ Մեծ Լոնդոնի տարածքում նախկինում եղել են մի քանի պատմական երկրներ, ինչպիսիք են Միդլսեկսը, Քենթը, Սարեյը և Հերթֆորդշայրը[82]։ Անգլիայի մայրաքաղաք, հետագայում նաև Մեծ Բրիտանիայի պաշտոնապես հայտարարաման որևէ փաստաթուղթ չի ստեղծվել[Ն 1]:
Իր կարգավիճակը ստացել է սահմանադրական կոնվենցիայով, դարձնելով իր կարգավիճակը որպես դե ֆակտո մայրաքաղաք։ 12-րդ և 13-րդ դարերում Վեստմինստերյան պալատի զարգացման հետ, Անգլիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Վինչեստեր։ Շատ հաճախ Մեծ Լոնդոնը համարվում է Անգլիայի շրջան[5]։
Տեղագրություն
Մեծ Լոնդոնի ընդհանուր մակերեսը կազմում է 1583 կմ քառակուսի, որում ապրում է 7.172.036 մարդ 2001 թվականի դրությամբ և խտությունը կազմում 4542 մարդ քառակուսի կիլոմետր։ Լոնդոնի մետրոպոլիտենի մակերեսը կազմում է 8383 կմ կառակուսի, ապրում է 13.709.000 մարդ և խտությունը կազմում է 1510 մարդ քառակուսի կմ[86]։ Ժամանակակից Լոնդոնը գտնվում է Թեմզա գետի ավազանում, որը նավարկելի գետ է և անցնում է քաղաքի հարավ արևմուտքից դեպի արևելք։ Թեմզայի գետահովտում են գտնվումՊառլամենտի շենքը, Էդինգթոն հիլսը և Փրայմռոզ հիլը։ Թեմզան ժամանակին ավելի ընդարձակ էր իր մեծ ճահճային գոտիներով, մակընթացության ժամանակ նրա լայնությունը հինգ անգամ գերազանցում էր ներկայիս լայնությանը[87]։
Վիկտորիայի ժամանակաշրջանից թեմզայի հունը նեղացվել է, իսկ շատ վտակներ ներկայումս անցնում են գետնի տակով։ Թեմզան մակընթաց գետ է և Լոնդոնում ջրհեղեղը հավանական է[88]։ Այս վտանգից խուսափելու համար 1974 թվականին սկսվեց Թեմզայի պատնեշի շինարարությունը։ Պատնեշը կոչված է պաշտպանել քաղաքը մինչև 2070 թվականը, իսկ հետագա պաշտպանության հարցը դեռևս քննարկվում է[89]։
Կլիմա
Լոնդոնը ունի հանգիստ օվկիանոսային կլիմա (Կյոպպեն. Cfb ), ինչպես Հարավային Բրիտանիայի բոլոր քաղաքներում։ Չնայած Լոնդոնը ունի անձրևային քաղաքի վարկանիշ, սակայն այն տեղումների քանակով զիջում է (տարեկան 601մմ) Հռոմին, Բորդոյին, Թուլուզին, Նեապոլին, Սիդնեյին և Նյու Յորքին[90][91][92][93][94][95][96]։ Ջերմաստիճանի առավելագույնը եղել է 2003 թվականի օգոստոսին 38.1 °C[97], իսկ նվազագույնը -16.1 °C 1962 թվականի հունվարին[98]։
Ամառները հիմնականում տաք են, երբեմն շոգ։ Միջինում տարվա մեջ 31 օր Լոնդոնում ջերմաստիճանը բարձր է25 °C-ից և 4,2 օր` 30.0 °C-ից։
Ձմեռները հիմնականում զով ու խոնավ են, ջերմաստիճանի փոքր տատանումներով։ Ձյուն գալիս է հազվադեպ` իր հետ բերելով ճանապարհատրանսպորտային բարդություններ։ Գարունը և աշունը համարյա չեն տարբերվում ջերմաստիճանով։ Որպես մեծ քաղաք` Լոնդոնի տարբեր մասերի ջերմաստիճանները կարող են մեծ տարբերություն ունենալ[99]։
Լոնդոնի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F | 63 | 67.6 | 75.6 | 84.9 | 91 | 96.1 | 98.1 | 100.6 | 95.7 | 85.8 | 69.4 | 63.3 | 100.6 |
Միջին բարձր °F | 46.6 | 47.1 | 52.3 | 57.6 | 64.2 | 69.8 | 74.3 | 73.8 | 67.8 | 59.9 | 52 | 46.9 | 59.4 |
Միջին ցածր °F | 36.1 | 35.8 | 39 | 41.9 | 47.7 | 53.1 | 57 | 56.7 | 52.5 | 47.1 | 40.8 | 36.9 | 45.5 |
Ռեկորդային ցածր °F | 8.2 | 14.7 | 22.8 | 27.3 | 30.4 | 34.7 | 42.1 | 42.6 | 35.2 | 26.1 | 19.4 | 10.8 | 8.2 |
Տեղումներ դյույմ | 2.173 | 1.61 | 1.638 | 1.72 | 1.945 | 1.776 | 1.752 | 1.949 | 1.933 | 2.697 | 2.323 | 2.173 | 23.689 |
Ռեկորդային բարձր °C | 17.2 | 19.8 | 24.2 | 29.4 | 32.8 | 35.6 | 36.7 | 38.1 | 35.4 | 29.9 | 20.8 | 17.4 | 38.1 |
Միջին բարձր °C | 8.1 | 8.4 | 11.3 | 14.2 | 17.9 | 21.0 | 23.5 | 23.2 | 19.9 | 15.5 | 11.1 | 8.3 | 15.2 |
Միջին ցածր °C | 2.3 | 2.1 | 3.9 | 5.5 | 8.7 | 11.7 | 13.9 | 13.7 | 11.4 | 8.4 | 4.9 | 2.7 | 7.5 |
Ռեկորդային ցածր °C | −13.2 | −9.6 | −5.1 | −2.6 | −0.9 | 1.5 | 5.6 | 5.9 | 1.8 | −3.3 | −7.0 | −11.8 | −13.2 |
Տեղումներ մմ | 55.2 | 40.9 | 41.6 | 43.7 | 49.4 | 45.1 | 44.5 | 49.5 | 49.1 | 68.5 | 59.0 | 55.2 | 601.7 |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 11.1 | 8.5 | 9.3 | 9.1 | 8.8 | 8.2 | 7.7 | 7.5 | 8.1 | 10.8 | 10.3 | 10.2 | 109.5 |
Միջին ամսական արևային ժամ | 61.5 | 77.9 | 114.6 | 168.7 | 198.5 | 204.3 | 212.0 | 204.7 | 149.3 | 116.5 | 72.6 | 52.0 | 1632,6 |
աղբյուր: [100][101] |
Լոնդոնի կենտրոնի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 8.5 (47.3) |
8.9 (48) |
11.7 (53.1) |
15.7 (60.3) |
18.6 (65.5) |
22.4 (72.3) |
23.6 (74.5) |
23.2 (73.8) |
20.8 (69.4) |
16.1 (61) |
11.9 (53.4) |
8.6 (47.5) |
15.8 (60.4) |
Միջին օրական °C (°F) | 6.8 (44.2) |
6.8 (44.2) |
8.8 (47.8) |
12.0 (53.6) |
14.8 (58.6) |
18.3 (64.9) |
19.6 (67.3) |
19.4 (66.9) |
17.3 (63.1) |
13.5 (56.3) |
10.0 (50) |
7.0 (44.6) |
12.8 (55) |
Միջին ցածր °C (°F) | 5.0 (41) |
4.7 (40.5) |
5.8 (42.4) |
8.2 (46.8) |
10.9 (51.6) |
14.1 (57.4) |
15.5 (59.9) |
15.5 (59.9) |
13.7 (56.7) |
10.9 (51.6) |
8.0 (46.4) |
5.4 (41.7) |
9.8 (49.6) |
Աղբյուր #1: [102] | |||||||||||||
Աղբյուր #2: [103] |
Շրջաններ
Լոնդոնի հսկայական տարածքը հաճախ բաժանում են շրջանների, ինչպիսիք են Բլումսբերին, Մեյֆերը, Ուեմբլին և Վայթչապելը։ Դրանք ոչ պաշտոնական տարածքներ են, որոնք ժամանակին եղել են գյուղեր կամ նախկին թաղամասեր։
Այս անվանումները օգտագործվում են ավանդույթի համաձայն։ 1965 թվականից Մեծ Լոնդոնը բաժանվեց 32 բորոների[104][105]։ Լոնդոն Սիթին համարվում է հիմնական ֆինանսական շրջանը[106]։
Լոնդոնի արևմտյան մասը համարվում է շոպինգի շրջան, որը գրավում է զբոսաշրջիկներին[107]։ Արևմտյան Լոնդոնը համարվում է թանկարժեք շրջան, որտեղ անշարժ գույքը կարող է վաճառվել տասնյակ միլիոն ֆունտով[108]։ Կենգսինգտոնի և Չելսիի բորոյում բնակարանի միջին գինը անցնում է 2 միլիոն ֆունտը, ինչը ավելի թանկ է քան կենտրոնական Լոնդոնում[109][110]։
Լոնդոնի արևելյան ծայրամասում, որը ավելի մոտ է Լոնդոնի նավահանգստին, ապրում են մեծ թվով ներգաղթյալներ և համարվում է Լոնդոնի ամենաաղքատ շրջաններից մեկը[111]։ Արևելյան Լոնդոնում ժամանակին կային մեծ քանակության արդյունաբերական հիմնարկներ, սակայն վերջին ժամանակներում այստեղ կառուցվեցին օլիմպիական և պարալիմպիական շինություններ[111]։
Ճարտարապետություն
Լոնդոնի շինությունները շատ տարբեր են, որպեսզի այն բնութագրվի որևէ եզակի ճարտարապետական ոճի, մասամբ այն պատճառով, որ նրանք կառուցվել են տարբեր դարերում։ Շատ տներ և հասարակական շինություններ ինչպիսիք են Լոնդոնի ազգային պատկերասրահը, կառուցվել են Պորտլանդի ապարից։ Քաղաքի որոշ շրջաններում, հատկապես կենտրոնական մասի արևմուտքում շինությունները սպիտակ ստուկկոյից են։ Կենտրոնական Լոնդոնում քիչ թվով շինություններ են մնացել, որոնք կառուցված են եղել 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհից առաջ, դրանց մեջ մտնում են հռոմեական մնացորդներ, Թաուերը և մի քանի Թյուդորյան ժամանակաշրջանի շինություն։ Թյուդորյան ժամանակաշրջանի օրինակ է Հեմպթոն թագավորական պալատը, որը Անգլիայում ամենահին թյուդորյան պալատն է կառուցված կարդինալ Թոմաս Վոլսիիի կողմից 1515 թվականին 1515[112]։
Քրիստոֆեր Վրենի կողմից 17-րդ դարի վերջի կառուցված եկեղացիները և 18-րդ և 19-րդ դարերի ֆինանսական հաստատությունները ինչպիսիք են Թագավորական բորսան և Անգլիական բանկը, 20-րդ դարի Օլդ Բեյլին և 1960-ականների Բարբիկան Էսթեյթը համարվում են ճարտարապետական ժառանգություն։
Լքված, բայց շուտով վերանորոգված Բաթերսի էներգիակայանը գտնվում է գետի հարավ արևմուտքում, այստեղ կան նաև մի քանի երկաթգծի կայարաններ, որոնք Վիկտրոիական ժամանակաշրջանի ճարտարապետության նմուշներ են, դրացից ամենահայտնիներն են սրբ Պանկրաս և Պադդինգթոն երկաթգի կայարանները[113]։ Լոնդոնի ծարաբեռնվածությունը տարբեր է, կենտրոնը ծանրաբեռնված է շատ աշխատատեղերի առկայության պատճառով։ Ներքին Լոնդոնը շատ ավելի ծանրաբեռնված է քան արտաքին Լոնդոնը։
Լոնդոն Սիթիում տեղակայված Մոնումենտ կառուցվել է ի հիշատակ Լոնդոնի մեծ հրդեհի, ինչը տեղի է ունեցել նրա մոտակայքում։ Մարմարե կամարը և Վելիգթոնի կամարը գտնվում են, Պարկ Լեյնի համապատասխանաբար հյուսիսային և հարավային ծայրերում և ունեն թագավորական կապեր։ Նելսոնի սյունը, որը գտնվում է Տրաֆալգարյան հրապարակ, համարվում է ազգային հուշարձան և Կենտրոնական Լոնդոնի ամնեահայտնի տեսարժան վայրերից մեկը։ Հին շինությունները հիմնականում կառուցված են աղյուսով, շատ հաճախ Լոնդոնի դեղին աղյուսից կամ մուգ նարնջագույն աղյուսից[114]։
Խիտ տարածքներում շատ են միջին և բարձրահարկ շինությունները։ Լոնդոնի երկնաքերերից են Մերի Էքս երկնաքերը, Թուեր 42-ը, Բրոդգեյթ Թաուերը և One Canada Square-ը, որոնք հիմնականում գտնվում են երկու ֆինանսական թաղամասերում` Լոնդոն Սիթիում և Քեների Ուարֆում։ Բարձրահարկ շինությունների շինարարությունը քաղաքի որոշ մասերում սահմանափակված է, եթե դրանք կփակեն Սուրբ Պողոսի Տաճարի և այլ պատմական շինությունների տեսարանները։ Այնուամենայնիվ Լոնդոնի կենտրոնում կան մեծ թվով երկնաքերեր, ներառյալ Shard London Bridge-ը, որը Եվրամիության ամենաբարձր շինությունն է։
Մյուս նշանակալի ժամանակակից շինություններից է Սիթի Հոլը Սաութվարքում, իր օվալային կառուցվածքով[115], և Բրիտանական գրադարանը Սոմերս Թաուն/Քինգ Քրոսում։
Բնություն
Լոնդոնը համարվում է աշխարհի ամենականաչ քաղաքներից մեկը ավելի քան 40 տոկոս կանաչ գոտիով կամ բաց ջրերով։ Թեմզայի ավազանում աճում են մոտ 2000 տեսակի ծաղկաբույս, իսկ գետում բազմանում է 120 տեսակի ձուկ[116]։ Կենտրոնական Լոնդոնում հաշվվում են մոտ 60 տեսակի թռչուններ, 47 տեսակի թիթեռ, իսկ Լոնդոնի շրջակայքում 1173 տեսակի ցեցեր և ավելի քան 270 տեսակի սարդեր։ Լոնդոնի զբոսայգիներիում բնակվում են մեծ քանակությամբ ջրային թռչուններ։ Լոնդոնում կան 38 հատուկ գիտական նշանակության վայրեր, երկու ազգային բնական արգելանոցներ և 76 տեղային բնական արգելանոցներ[117]։
Երկկենցաղները մեծ թիվ են կազմում մայրաքաղաքում, ներառյալ հասարակ տրիտոնը, որը ապրում է Ժամանակակաից Թեյթի տարածքում, բացի այդ գորտերը, դոդոշները և տրիտոնների մի քանի տեսակներ։ Միևնույն ժամանակ տեղաբնիկ որոշ սողուններ, ինչպիսիք են իլիկաօձը, երկար մողեսը, սովորական լորտուն և սովորական իժը, հանդիպում են հիմնականում արտաքին Լոնդոնում[118]։
Բացի այդ Լոնդոնում են բնակվում մոտ 10.000 աղվես, ամեն քառակուսի կիլոմետրին բաժին է ընկնում 8 աղվես։ Այս քաղաքային աղվեսները ավելի մուգ են, քան նրանց մյուս ցեղակիցները, ինչը բացատրվում է քաղաքային մուգ գույներով։ Աղվեսները անգամ սողոսկում են Խորհրդարանի շենք, որտեղ գտնում են նրանց քնած վիճակում գրասենյակներում։ Մեկ այլ աղվես ներխուժել է Բուքինգհեմյան պալատ սպանել Եղիսաբեթ II-ի վարդագույն ֆլամինգոներից մի քանիսին։ Հիմնականում աղվեսները և քաղաքի բնակչությունը իրար հետ հարմարվում են։ 2001 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքում, 3.779 հարցվածներից 80 տոկոսին դուր են գալիս աղվեսները[119][120]։
Լոնդոնի մյուս կենդանիներից են ոզնին, առնետը, մուկը, ճագարը, գետնափորը և սկյուռը[121]։ Արտաքին Լոնդոնի վայրի տարածքներում ինչպիսին է Էփփինգ անտառը, հանդիպում են բազմաթպիսի այլ կենդանիներ, ներառյալ նապաստակը, փորսողը, դաշտամուկը, դեղին մուկը և այլն ի լրումն աղվեսի և սկյուռի։
Լոնդոնում հանդիպած ամենատարօրինակ կենդանին եղել է մահացած կետը, որին տեսել են Թեմզայում[122], իսկ ԲիԲիՍի ընկերության կողմից Լոնդոնի մասին նկարահանված վավերագրական ֆիլմում ներկայացված է` ինչպես են աղավնիները օգտագործում Լոնդոնի ստորգետնյա ուղիները, և ինչպես են աղվեսները ենթարկվում նստել հրամանին երշիկի դիմաց[123]։
Կարմիր և մոխրագույն եղջերուների հոտերը ազատ տեղաշարժվում են հիմնականում Ռիչմոնդ և Բուշի այգիներով։ Նրանց հիմնականում պատվաստում են նոյեմբերից փետրվար ժամանակահատվածում, որպեսզի նրանց քանակը չնվազի[124]։