Մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով[1]։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար[1]։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։
Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխնիկական կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։ Մշակույթը, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի[1]։ Նյութական մշակույթն ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ, տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, արվեստ և այլն), հոգևոր մշակույթը՝ գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, լուսավորություն, հասարակական գիտակցության ձևեր), առասպելաբանություն, փիլիսոփայություն, գրականություն (բանավոր և գրավոր)։ Գիտությունը կազմում է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն[2]։
Միջին դարերում մշակույթ հասկացությունը օգտագործվում էր մշակաբույսերի աճեցման հարցում տեխնոլոգիական զարգացվածությունը բնորոշելու համար։ Այդտեղից էլ առաջացել է գյուղատնտեսություն agriculture բառը։ Մշակույթ հասակացությունը 18-րդ դարից սկսեցին կիրառել նաև մարդկանց բնութագրելիս։ Այսինքն՝ մարդկանց, ովքեր առանձնանում էին իրենց բարեկիրթ պահվածքով և կրթվածությամբ սկսեցին անվանել «կուլտուրական» կամ քաղաքակիրթ։ Այդպես էին բնորոշում հիմնականում արիստոկրատներին, որպեսզի նրանց տարանջատեն սովորական, ըստ իրենց՝ մյուս «անկուլուրական» մարդկանցից, ովքեր սովորական շարքային քաղաքացիներ էին։ Գերմաներեն Kultur բառը ևս բնութագրում է հասարակության քաղաքակրթվածության աստիճանը։ Մշակույթ հասկացությունը սերտորեն կապվում էր տարբեր հասարակություններում քաղաքակրթության զարգացման մակարդակի հետ, սակայն դրանք ամենևին էլ պետք չէ նույնացնել։ Մշակույթ հասկացության ժամանակակից գիտական սահմանումը զերծ է մարդկանց բաժանման արիստոկրատական կամ քաղաքակրթության զարգացման մակարդակի բնորոշումներից։ Այսպես, մշակույթը սահմանվում է որպես համոզմունքների, արժեքների և արտահայտչամիջոցների ամբողջություն, որոնք ընդհանուր են որոշակի խմբի համար, ծառայում են նրանց սոցիալական փորձի կուտակմանը, ինչպես նաև վերահսկում ու կանոնակարգում են տվյալ խմբի անդամների վարքագիծը։ Մշակույթի յուրացումը հասարակության կամ խմբի ներսում տեղի է ունենում ուսուցման միջոցով[3]։ Ընդհանուր առմամբ մշակույթ հասկացությունը կարելի է սահմանել նաև՝ որպես հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։ Մշակույթը ընդգրկում է իր մեջ անթրոպոլոգիան՝ մարդաբանությունը, որը բացատրում է մի շարք երևույթների առաջացման ու զարգացման ընթացքը, դրանց փոխանցման սոցիալական և քաղաքակրթական հետևանքները։ Մշակույթը սահմանվում է նաև որպես ժամանակի ընթացքում ձեռք բերված գիտելիքների հավաքածու։ Ներկայումս գոյություն ունեն մշակույթի տասնյակից ավել սահմանումներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է մշակութը իր յուրահատուկ կողմերով և հատկանիշներով։ Ամենաընդհանրական կերպով մշակույթ է այն ամենը, ինչ ստեղծվել է մարդու կողմից պատմության զարգացման ընթացքում։ Ըստ Օ. Յակուբի մշակույթ հասկացությունը մատնանշում է հասարակության որակական բնութագրիչները, էությունն ու առանձնահատկությունները, դրա զարգացման ընթացքն ու ձեռքբերումները։ Ամերիկյան սոցիոլոգիական մտքի կարկառուն ներկայացուցիչներից Ն. Սմելզերը մշակույթը սահմանում է որպես արժեքների, աշխարհի մասին պատկերացումների և վարքային մոդելների համակարգ, որն ընդհանուր է որոշակի կենսաձև ունեցող մարդկանց խմբի համար։ Ընդհանրացնելով մշակույթի սահմանման տարբեր ուղղությունները, նշենք, որ սոցիոլոգիայում մշակույթը համարվում է զարգացող բարդ կառուցվածքային ամբողջություն, որն ունի սոցիալական բնույթ, դրսևորվում է սոցիալական փոխհարաբերություններում և ուղղված է հասարակության մեջ նյութական և ոչ նյութական՝ հոգևոր, երևույթների ու արժեքների, ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը։