Օլիմպիական խաղեր
From Wikipedia, the free encyclopedia
Ժամանակակից Օլիմպիական խաղեր կամ Օլիմպիադաներ (անգլ.՝ Olympic Games, Olympics, ֆր.՝ Jeux olympiques[1]), խոշորագույն միջազգային մարզական իրադարձություն, ամառային և ձմեռային մարզաձևերի մրցաշարեր, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հազարավոր մարզիկներ մասնակցում են բազմատեսակ մրցությունների։ Օլիմպիական խաղերը համարվում են գլխավոր մարզական մրցությունն աշխարհում, որոնց մասնակցում է ավելի քան 200 երկիր[2]։ Օլիմպիական խաղերն անցկացվում են ամեն չորս տարին մեկ. Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են հերթականությամբ՝ մեկը մյուսից երկու տարի անց։
Օլիմպիական խաղերի ստեղծումը ոգեշնչվել է անտիկ Օլիմպիական խաղերից, որոնք անցկացվում էին Հին Հունաստանի Օլիմպիա բնակավայրում՝ սկսած մ. թ. ա. 8-րդ դարից, սակայն արգելվել են մ. թ. 4-րդ դարում։ Բարոն Պիեռ դը Կուբերտենի ջանքերով 1894 թվականին հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ 1896 թվականին Աթենքում անցկացվել են ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ն Օլիմպիական շարժման ղեկավար մարմինն է, որի կառուցվածքն ու լիազորությունները որոշվում են ըստ Օլիմպիական խարտիայի։
20-րդ և 21-րդ դարերի ընթացքում Օլիմպիական շարժումը զարգացում է ապրել, ինչը հանգեցրել է որոշակի փոփոխությունների Օլիմպիական խաղերում։ Արդյունքում ստեղծվել են Ձմեռային օլիմպիական խաղերը սառույցի վրա անցկացվող ու ձմեռային այլ մարզաձևերի համար, Պարալիմպիկ խաղերը հաշմանդամություն ունեցող մարզիկների համար, ինչպես նաև Պատանեկան օլիմպիական խաղերը պատանի մարզիկների համար։ Դեֆլիմպիկ և Հատուկ օլիմպիական խաղերը նույնպես հաստատվել են ՄՕԿ-ի կողմից։ Վերջինս ժամանակի ընթացքում ստիպված է եղել հարմարվել կատարվող տնտեսական, քաղաքական ու տեխնիկական փոփոխություններին։
Արևելյան երկրներում պետության կողմից ֆինանսավորվող և «ամբողջ դրույքով մարզիկ աշխատող սիրողականների» ի հայտ գալն էլ ավելի է վնասել զուտ սիրողականի գաղափարախոսությանը, քանի որ ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծել արևմտյան երկրների ինքնաֆինանսավորվող մարզիկների համար։ Խորհրդային Միությունը ներկայացնում էր մարզիկների թիմ, որոնք պաշտոնապես ուսանողներ, զինվորներ կամ բանվորներ էին, բայց իրականում նրանցից շատերին պետությունը վճարում էր իրենց ողջ ժամանակը մարզումներին տրամադրելու համար[3][4]։ Որպես արդյունք՝ Օլիմպիական խաղերին զուտ սիրողական մակարդակի մարզիկների փոխարեն, ինչպես նախատեսել էր Կուբերտենը, սկսել են մասնակցել պրոֆեսիոնալ մարզիկներ։ Զանգվածային լրատվամիջոցների կողմից աճող կարևորությունն ստեղծել է Օլիմպիական խաղերի կորպորատիվ հովանավորության ու առևտրայնացման խնդիր։ Համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են 1916, 1940 և 1944 թվականների Օլիմպիական խաղերը։ Սառը պատերազմի տարիներին լայնածավալ բոյկոտումների արդյունքում սահմանափակվել է երկրների մասնակցությունը 1980 և 1984 թվականների Օլիմպիական խաղերին, սակայն վերջինին մասնակցել է 140 Օլիմպիական ազգային կոմիտե, ինչը ռեկորդ էր այդ ժամանակի համար[5]։
Օլիմպիական շարժումը ներառում է Միջազգային մարզական միավորումները, Ազգային օլիմպիական կոմիտեները (ԱՕՄ) և կազմակերպում կոմիտեներ բոլոր Օլիմպիական խաղերի համար։ Որպես որոշումներ ընդունող մարմին՝ ՄՕԿ-ը պատասխանատու է Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրության համար, ինչպես նաև կազմակերպում և ֆինանսավորում է Օլիմպիական խաղերը՝ համաձայն Օլիմպիական խարտիայի։ ՄՕԿ-ը նաև որոշում է օլիմպիական ծրագիրը, որ կազմված է այն մրցություններից, որոնք պետք է անցկացվեն Խաղերի ընթացքում։ Կան օլիմպիական մի շարք արարողություններ ու խորհրդանիշներ, որոնցից են Օլիմպիական դրոշն ու ջահը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բացման ու փակման արարողությունները։ Ավելի քան 13 000 մարզիկ է մասնակցում Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում անցկացվող 33 տարբեր մարզաձևերից անցկացվող շուրջ 400 մրցումներին։ Ամեն մի մրցության արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած մարզիկներն արժանանում են համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։
Ժամանակի ընթացքում Օլիմպիական խաղերին սկսել են մասնակցել բոլոր պետությունները։ Մասնակիցների թվաքանակի աճը հանգեցրել է մի շարք խնդիրների ու վեճերի, ներառյալ բոյկոտները, խթանիչների օգտագործումը, կաշառակերությունը և ահաբեկչական հարձակումը 1972 թվականին։ Ամեն երկու տարին մեկ անցկացվող Օլիմպիական խաղերը, մեծապես լուսաբանվելով զանգվածային լրատվամիջոցների կողմից, անհայտ մարզիկներին հնարավորություն են տալիս ձեռք բերել ազգային, իսկ երբեմն նաև միջազգային ճանաչում։ Օլիմպիական խաղերը դրանք ընդունող երկրին ու քաղաքին նաև հնարավորություն են տալիս ներկայանալ աշխարհին։