Աբու Ղրայբ բանտի բանտարկյալների տանջանքներ
From Wikipedia, the free encyclopedia
Աբու Ղրայբ բանտի բանտարկյալների տանջանքներ, ամերիկացի զինծառայողների կողմից իրականացված գործողություններ, որի ընթացքում բանտարկյալները ենթարկվել են բռնությունների, բռնաբարությունների, կտտանքների, ծեծի և ծաղրի։
2004 թվականի ապրիլին ամերիկյան «CBS» հեռուստաընկերությունը ցուցադրել է սյուժե, որտեղ ներկայացվում էր բանտարկյալների տանջանքները Աբու Ղրայբ բանտում։ Տեսանյութը մեծ ցնցում է առաջացրել Միացյալ Նահանգներում և դարձել միջազգային սկանդալի պատճառ։ Տանջանքների մասին նորությունները բացասաբար են ընդունվել Իրաքի բնակչության կողմից։ Իրաքի կառավարող ժամանակավոր խորհուրդը տանջանքները անվանել է «անթույլատրելի քայլ, որն ուղղված է Իրաքի քաղաքացու արժանապատվության ոտնահարմանը»[1]։
Մի շարք բանտարկյալների տված ցուցմունքների համաձայն, ամերիկացի զինվորականները բռնաբարել են իրենց, քայլել իրենց վրայով, ստիպել են ուտել սնունդ, որը լցված է եղել զուգարանակոնքի մեջ։ Մասնավորապես, բանտարկյալներից մեկը նշել է․ «Նրանք ստիպել են մեզ քայլել քառոտն և հաչել, ինչպես շները։ Մենք շան նման պետք է հաչեինք, իսկ եթե չանեիր, նրանք քեզ ծեծում էին, առանց խղճի խայթի։ Դրանից հետո նրանք մեզ շպրտում էին խցեր, վերցնում ներքնակները, ստիպում քնել հատակին, առանց հանելու գլխաշորերը։ Նրանք գործընթացը միշտ լուսանկարում էին։ Մի ամերիկացի ինձ ասաց՝ ես կբռնաբարեմ քեզ։ Նա կնոջ պատկեր նկարեց իմ մարմնին, ստիպեց ինձ իրեն հարմար դիրք ընդունել և բռնել սեփական ամորձապարկը».[2]։
2005 թվականի փետրվարին «Associated Press» գործակալությունը, հիմնվելով բանտում տեղի ունեցած քննության նյութերի վրա, հայտարարեց, որ բանտարկյալներից մեկը մահացել է՝ ԿՀՎ-ի կողմից իրականացված հարցաքննության ժամանակ։ Սպանված Մանադել ալ Ջամադիի լուսանկարը, որի ֆոնին լուսանկարվել են ամերիկացի զինծառայողներ Չարլզ Գրեյները և Սաբրինա Հարմանը, հրապարակվել է 2004 թվականի նոյեմբերին։ Այդ պահից սկսած, սակայն, ԱՄՆ պաշտպանության նախարարության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները պնդում են, որ Ջամադին ինքնասպանություն է գործել՝ չբացահայտելով գործի մանրամասնությունները։ Associated Press-ի նյութում նշված էր, որ բանտարկյալը մահացել է այն բանից հետո, երբ նրան՝ կապված ձեռքերով, կախել են պատից։ Զինվորական դատական բժշկի եզրակացությամբ, բանտարկյալը խեղդամահ է եղել՝ կրծքին ստացած ճնշման արդյունքում[3]։