From Wikipedia, the free encyclopedia
Ագնիա Լվովնա Բարտո (ռուս.՝ Агния Львовна Барто, օրիորդական ազգանունը՝ Վոլովա (ռուս.՝ Волова)[5], փետրվարի 4 (17), 1901[1] կամ նոյեմբերի 17, 1906[2], Կաունաս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 1, 1981[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][6]), հրեական ծագմամբ խորհրդային մանկագիր, բանաստեղծուհի, գրող, կինոսցենարիստ, ռադիոհաղորդավար։ Ստալինյան երկրորդ աստիճանի (1950) և Լենինյան (1972) մրցանակների դափնեկիր։
Ագնիա Բարտո ռուս.՝ Агнесса Львовна Барто | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Агнесса Львовна Волова |
Ծնվել է | փետրվարի 4 (17), 1901[1] կամ նոյեմբերի 17, 1906[2] |
Ծննդավայր | Կաունաս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 1, 1981[3][2] |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի, մանկագիր, սցենարիստ, գրող, ռադիոհաղորդավար, բալետի պարող և turner |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Ժանրեր | պոեզիա և Սցենար |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Radio Mayak? |
Պարգևներ | |
Ամուսին | Անդրեյ Շչեգլյաև և Պավել Բարտո |
Ազգականներ | Թամարա Դեմբո |
Agniya Barto Վիքիպահեստում |
Ծնվել է կրթված հրեական ընտանիքում[7][8]։ Հայրը՝ Լև Նիկոլաևիչ (Ավրաամ Լև Նախմանովիչ) Վոլովը (1875-1924[9]), ծնունդով եղել է Շավլյայից[10], եղել է անասնաբույժ[11][12]։ Մայրը՝ Մարիա Իլինիչնա (Էլյաշևնա Գիրշովնա Վոլովան (օրիորդական ազգանունը՝ Բլոխ, 1881-1959, ծնունդով եղել է Կովնոյից[13]), զբաղվել է տնային տնտեսությամբ։ Ծնողներն ամուսնացել են 1900 թվականի փետրվարի 16-ին Կովնոյում[14]։ Մորեղբայրը՝ հայտնի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան և թոքախտաբան Գրիգորի Բլոխը (1871-1938), 1924-1936 թվականներին եղել է Յալթայում Տուբերկուլոզի կլիմատոլոգիայի ինստիտուտի կոկորդային կլինիկայի (ներկայում՝ Իվան Սեչենևի անվան բուժման ֆիզիկական մեթոդների և բժշկական կլիմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ) տնօրեն, գրել է մանկական կրթական բանաստեղծություններ[7][15][16]։
Գիմնազիայում սովորելուն զուգահեռ հաճախել է բալետի դպրոց։ Ապա սովորել է պարարվեստի ուսումնարանում, որն ավարտելուց հետո՝ 1924 թվականին, ընդունվել է բալետի թատերախումբ, որտեղ աշխատել է շուրջ մեկ տարի։
Վոլովայի առաջին ամուսինը եղել է բանաստեղծ Պավել Բարտոն։ Նրանք միասին գրել են երեք բանաստեղծություն՝ «Девочка-рёвушка», «Девочка чумазая» և «Считалочка»։ 1927 թվականին ծնվել է նրանց որդին՝ Էդգարը (Գարիկ), իսկ վեց տարի անց նրանք բաժանվել են։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Բարտո ընտանիքը տարհանվել է Սվերդլովսկ։ Այնտեղ Ագնիան ստիպված է եղել սովորել խառատի մասնագիտություն։ Պատերազմի ժամանակ ստացած մրցանակը նա հատկացրել է տանկ պատրաստելու համար[17]։
1944 թվականին ընտանիքը վերադարձել է Մոսկվա։ Որդին՝ Գարիկը, զոհվել է 1945 թվականի մայիսի 5-ին տասնութ տարեկանում․ նրան վրաերթի է ենթարկել բեռնատարը Լավրուշինսկի նրբանցքում հեծանիվով զբոսնելու ժամանակ[18]։
Ագնիա Բարտոյի երկրորդ ամուսինը եղել է ջերմաէներգետիկ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Անդրեյ Շչեգլյաևը։ Նրանք ունեցել են դուստր՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Տատյանա Շչեգլյաևան։
Ագնիա Բարտոն մահացել է 1981 թվականի ապրիլի 1-ին։ Թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (տարածք № 3)։
1924 թվականին պարարվեստի ուսումնարանի շրջանավարտների ցուցադրական համերգին ներկա է եղել լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկին։ Նա ուշադրություն է դարձրել Ագնիայի արտասանությանը և մի քանի օր անց նրան հրավիրել է ընդունելության ժողկոմում, որտեղ նրան խորհուրդ է տվել դառնալ բանաստեղծուհի[19]։
Ագնիա Բարտոյի առաջին տպագրված բանաստեղծությունները եղել են «Китайчонок Ван Ли» և «Мишка-воришка» (1925) ստեղծագործությունները։ Լույս են տեսել «Բանաստեղծություններ մանուկներին» (ռուս.՝ «Стихи детям», 1949) և «Ձմեռային անտառ՝ ծաղիկների բերելու» (ռուս.՝ «За цветами в зимний лес», 1970) ժողովածուները։
1964-1973 թվականներին «Маяк» ռադիոկայանում վարել է «Գտնել մարդուն» (ռուս.՝ «Найти человека») հաղորդումը, որ նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կորած երեխաների ընտանիքների որոնմանը։ Նրա շնորհիվ վերականգնվել է կապը գրեթե հազար ընտանիքների անդամների միջև[20]։ Այդ հաղորդման հիման վրա գրվել է «Գտնել մարդուն» արձակ գիրքը (1968)։ Հետագայում «Գտնել մարդուն» հաղորդման ձևաչափը հիմք է դարձել «Սպասիր ինձ» (ռուս.՝ «Жди меня») հաղորդման համար։
Հրատարակել է «Մանկական բանաստեղծի նոթեր» (ռուս.՝ «Записки детского поэта», 1976) գիրքը։
Գրել է «Ընկեցիկը» (ռուս.՝ «Подкидыш», Եկատերինա Զելյոնայայի հետ համատեղ, 1939), «Փիղն ու պարանը» (ռուս.՝ «Слон и верёвочка», 1945), «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» (ռուս.՝ «Алёша Птицын вырабатывает характер», 1953), «10000 տղաներ» («10000 мальчиков», 1961) ֆիլմերի սցենարները։
Ագնիա Բարտոյի ստեղծագործությունների մեծ մասը գրվել է նախադպրոցականների և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար։ Նրա բանաստեղծությունները հեշտ ընթերցվող են ու հիշվող։ Դրանց միջոցով հեղինակը հավասարի պես դիմում է երեխային պարզ լեզվով, առանց քնարական շեղումների ու նկարագրությունների։ Նրա բանաստեղծությունների բոլոր հերոսները ունեն անուններ («Մենք Թամարայի հետ» (ռուս.՝ «Мы с Тамарой»), «Ով չի ճանաչում Լյուբոչկային» (ռուս.՝ «Кто не знает Любочку»), «Մեր Տանյան բարձրաձայն լացում է» (ռուս.՝ «Наша Таня громко плачет»), «Վոլոդյայի դիմանկարը» (ռուս.՝ ««Володин портрет»), «Լյոշենկա, Լյոշենկա, շնորհ արա» (ռուս.՝ «Лёшенька, Лёшенька, сделай одолжение»)։
Ֆիլմեր՝ նկարահանված Ագնիա Բարտոյի սցենարով[21]․
Մուլտֆիլմեր՝ նկարահանված Ագնիա Բարտոյի բանաստեղծությունների հիման վրա[22]․
1974 թվականի հունվարի 9-ին Լիդիա Չուկովսկայան հեռացվել է ԽՍՀՄ գրողների միությունից (այդ որոշումը չեղարկվել է 1989 թվականի փետրվարին), նրա հրապարակումները ԽՍՀՄ-ում լիովին արգելվել են (մինչև 1987 թվականը)։ Այդ իրադարձություններին է նվիրված Լիդիա Չուկովսկայայի «Հեռացման գործընթաց։ Գրական բարքերի ուրվանկար» (ռուս.՝ «Процесс исключения. Очерк литературных нравов») գիրքը[23], որն առաջին անգամ հրատարակվել է 1979 թվականին Փարիզում՝ «YMCA-Press» հրատարակչությունում։ ՌԽՖՍՀ գրողների միության Մոսկվայի բաժնի քարտուղարության նիստին ի թիվս այլ գրողների մասնակցել է նաև Ագնիա Բարտոն, որն իր ելույթով նպաստել է Գրողների միությունից Կոռնեյ Չուկովսկու հեռացմանը։ Նա հանդես է եկել երկրում Չուկովսկայայի երկերի տպագրման դեմ՝ որպես պատճառ նշելով դրանց հակախորհրդային բնույթը. «Ինչո՞վ բացատրել, որ մարդը կարող է հասնել նման հակախորհրդայնության, այդպիսի չարության։ Ես ուզում եմ հարցնել ձեզ. ինչո՞ւ եք դուք այդքան չար։ Որտեղի՞ց է այդքան չարություն ձեր մեջ։ Ես երեկ կարդացի «Ժողովրդի զայրույթը»[24], տպավորությունը ճնշող է։ Չարություն, չարություն, չարություն»[23]։
Նախկինում՝ 1930 թվականին, Լիտերատուրնայա գազետայում տպագրվել էր Ագնիա Բարտոյի ստորագրությամբ նամակ, որն ուղղված էր ժողովրդական հեքիաթների ու Կոռնեյ Չուկովսկուհեքիաթների դեմ[25]։ 1944 թվականին Կոռնեյ Չուկովսկին կանչվել է Գրողների միություն, որտեղ նրա զինվորական հեքիաթը («Одолеем Бармалея!») կոչել են «անմիտ անհեթեթություն» և Կոռնեյ Չուկովսկուն մեղադրել երեխաներին սոցիալիստական ոգով դաստիարակելու խնդիրները գիտակցաար գռեհկացնելու մեջ։ Երբ Կոռնեյ Չուկովսկին վերադարձել է տուն, դուստրը՝ Լիդիան, հարցրել է. «Ո՞վ էր ամենից ստորը»։ Չուկովսկին պատասխանել է՝ Բարտոն[23]։
Լիդիա Չուկովսկայային Գրողների միությունից հեռացնելու ժամանակ Ագնիա Բարտոն ասել է. «Ես մտածում եմ այնպես, ինչպես Շոստակովիչն ու Չինգիզ Այթմատովը, իսկ դուք՝ ինչպես Սոլժենիցինն ու Սախարովը։ Ինձ համար ծանր է մտածել, որ մեծ բարություն ուսանած Կոռնեյ Չուկովսկու լուսավոր հիշատակի վրա ընկնում է ձեր ստվերը»[23]։
Լիդիա Չուկովսկայան այդ ժողովի մասին հիշել է. «Իսկ գլխավորն այն էր, որ ես այլևս երբեք, մինչև իմ կյանքի վերջը մի սենյակում չեմ տեսնի այդքան շատ, մեկը մյուսի նման ընտրված ընկած մարդկանց։ Նրանցից շատերը տեղ էլ չունեին ընկնելու։ Բայց ոմանք ընկել էին, գլորվել այդ բյուրոկրատական ճահճուտը տաղանդի բարձունքից։ ...Չէ՞ որ Ագնիա Բարտոն էլ անկասկած ընդունակ մարդ է, ցավոք՝ ամեն ինչի»[23]։ Խոսքը վերաբերում է Դանիելի ու Սինյավսկու դատավարությանը, երբ ՊԱԿ քննչական բաժնի հանձնարարությամբ Բարտոն գրողների դատի նախօրեին որպես փորձագետ կարծիք է հայտնել Դանիելի գրքի մասին, որում ընդգծել է Դանիելի ստեղծագործության հակախորհրդային ուղղվածությունը[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.