Ադըղեայի Հանրապետություն

From Wikipedia, the free encyclopedia

Ադըղեայի Հանրապետությունmap

Ադըղեայի Հանրապետություն կամ Ադըղեա (Ադիգեա), հանրապետություն Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։ Գտնվում է Կուբան և Լաբա գետերի ձախափնյակում։ Տարածքի մեծ մասը գրավում են Մեծ Կովկասի նախալեռներն ու լեռները (բարձրությունը մինչև 3238 մ, Չուգուշ լեռը)։ Տարածքը՝ 7,6 հազար կմ քառակուսի։ Կենտրոնը՝ Մայկոպ։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Ադըղեայի Հանրապետություն
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքՌուսաստան[1]
Հիմնադրված է1991 թ.
Մակերես7600 կմ²
Պաշտոնական լեզուռուսերեն և ադըղեերեն
Բնակչություն463 167 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիMSD?
Հեռախոսային կոդ877
Ավտոմոբիլային կոդ1
Պաշտոնական կայքadygheya.ru(ռուս.)
Thumb
Ադըղեայի Հանրապետություն (Ռուսաստան)
Փակել
Thumb
Ադըղեան Հարավային Կովկասի քարտեզում

Անվանում

Անվանում ստացել է ադըղե ժողովրդի անունից։ 1922 թվականի հուլիսի 27-ին կազմավորվել է Չերքեզական (Ադըղեական) ինքնավար մարզը։ 1922 թվականի օգոստոսի 24-ին վերանվանվել է Ադըղեական (Չերքեզական) ինքնավար մարզ, իսկ 1928 թվականի օգոստոսի 13-ին՝ Ադըղեական ինքնավար մարզ[3]։

Աշխարհագրություն

Ադըղեական ինքնավար մարզը գտնվում է Կովկասի հյուսիսարևմտյան մասում, Կուբան և Լաբա գետերի ձախափնյակում։ Հյուսիսային մասում Մերձկուբանյան թեք հարթավայրն է, հարավում` Մեծ Կովկասի լեռները։ Կլիման չափավոր տաք է և խոնավ։ Հունվարի միջին ջեմաստիճանը Մայկոպում 1,6 °C է, հուլիսին` 22,2 °C: Տարեկան տեղումները 700 մմ են։ Գետերն են` Լաբա, Բելայա, Փսեկուփս, Փշիշ, Աֆիփս, որոնք պատկանում են Կուբանի ավազանին։ Կուբանի վրա են Թշչիկի և Շափսուղի ջրամբարները։ Գերակշռում են սևահողերը։ Նախալեռները ծածկված են անտառներով։

Բնակչություն

2019 թվականի տվյալներով Ադըղեայի Հանրապետությունում բնակվում է 454 744[4] մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 21.01 մարդ/կմ²։

Մանրամասն տեղեկատվություն Բնակչության թվաքանակը ...
Բնակչության թվաքանակը
1926[5]1931[6]1959[7]1970[8]1979[9]1987[10]1989[11]1990[12]1991[12]1992[12]
113 481126 500284 690385 644404 504426 000432 588434 788436 598441 280
1993[12]1994[12]1995[12]1996[12]1997[12]1998[12]1999[12]2000[12]2001[12]2002[13]
446 191448 480449 864450 358450 075450 810450 358449 052447 327447 109
2003[12]2004[12]2005[12]2006[12]2007[12]2008[12]2009[12]2010[14]2011[15]2012[16]
446 828445 242444 438442 735441 199441 176442 775439 996439 935442 451
2013[17]2014[18]2015[19]2016[20]2017[21]2018[22]2019[4]
444 403446 406449 171451 480453 366453 376454 744
Փակել

Ազգային կազմը

Ադըղեայի Հանրապետության ազգային կազմը 2010 թվականի մարդահամարի տվյալներով[23] ունի հետևյալ տեսքը․

Մանրամասն տեղեկատվություն Ազգություն, Թվաքանակը, հազ. մարդ ...
ԱզգությունԹվաքանակը, հազ. մարդԲաժինը, %
Ռուսներ 270.7 63.6
Ադըղեներ 107.0 25.1
Հայեր 15.6 3.7
Ուկրաինացիներ 5.9 1.4
Քրդեր 4.5 1.1
Չերքեզներ 2.7 0.6
Թաթարներ 2.6 0.6
Գնչուներ 2.4 0.6
Ադրբեջանցիներ 1.8 0.4
Հույներ 1.4 0.3
Բելառուսներ 1.3 0.3
Փակել

Պատմություն

Ադըղեները հայտնի են հնուց` Կովկասյան լեռնաշղթային հարող Մերձսևծովյան շրջաններում։ Նրանք զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ։ 6-10-րդ դարերն ընկել են Բյուզանդիայի ազդեցության տակ։ 6-րդ դարում նրանց մոտ տարածվել է քրիստոնեությունը։ 13-րդ դարում ադըղեները ենթարկվել են Ոսկե Հորդային։ 16-րդ դարից սկսած, ավելի քան երկու հարյուր տարի ադըղեների դեմ պատերազմներ են մղել թուրք սուլթաններն ու նրանց վասալ Ղրիմի խաները և մահմեդականացրել ժողովրդին։

Ադըղեայի տերիտորիան Ռուսաստանին է միացվել 1830-1864 թվականներին։ Ռուսաստանին միանալու շնորհիվ ադըղեական, ժողովուրդը, չնայած ցարիզմի գաղութակալական դաժան քաղաքականությանը, հնարավորություն է ստացել հաղորդակից լինելու ռուսական առաջադիմական մշակույթին, ռուս հեղափոխական և առաջադեմ գործիչներին, Ռուսաստանում զարգացող հեղափոխական և բանվորական շարժմանը։ Մինչհեղափոխական շրջանում ադըղեների տերիտորիան մտնում էր Կուբանի մարզի մեջ։ Հոկտեմբերյան հեղափոխությունը ադըղեական ժողովրդին ազատագրեց ցարական գաղութարարներից և տեղական հարստահարիչներից։ 1918 թվականի հունվարին Մայկոպում հռչակեց սովետական իշխանություն, իսկ մայիսին ստեղծվեց Կուբան-Սևծովյան Սովետական Հանրապետությունը, որի կազմի մեջ մտավ նաև Ադըղեան։ Չնայած 1918 թվականի աշնանը Կուբանն ու Ադըղեան սպիտակգվարդիականների ձեռքն ընկան, բայց 1920 թվականի մարտին այստեղ վերականգնվեց սովետական իշխանությունը։ 1920 թվականի դեկտեմբերի 11-ին Կուբան-Սևծովյան հեղկոմը որոշեց ադըղեական շրջաններն առանձնացնել որպես վարչական ինքնուրույն միավոր։ Համառուսաստանյան ԿԳԿ-ի 1922 թվականի հուլիսի 27-ի դեկրետով կազմվեց ինքնավար մարզ, որի մեջ մտան Փսեկուփսի, Շիրվանի և Ֆարզի օկրուգները։ Սկզբում այն անվանվել է Չերքեզական Ինքնավար Մարզ, իսկ 1922 թվականի օգոստոսի 24-ին` Ադըղեական։ 1936 թվականին Ադըղեային են միացվել Մայկոպը և Գիագայի շրջանը, միաժամանակ մարզի կենտրոնը Կրասնոդարից տեղափոխվել է Մայկոպ։ Երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականության կենսագործման շնորհիվ Ադըղեայում մեծ փոփոխություններ են կատարվել. ստեղծվել է արդյունաբերություն, մեքենայացված գյուղատնտեսություն, զարգացել է ազգային մշակույթը։

Տնտեսություն

Ադըղեայի արդյունաբերության առաջատար ճյուղերը մշտապես եղել են սննդի արդյունաբերությունը, փայտամշակությունը, նավթի և գազի արդյունահանումը, մեքենաշինությունը։ Էներգետիկան հիմնված էր Բելայա գետի ջրային ռեսուրսների վրա։ Սննդարդյունաբերությունը տալիս էր շաքար, պահածոներ, եթերային յուղեր, միս, գինի, ծխախոտ, յուղ և այլն։ Մայկոպում է եղել ԽՍՀՄ կահույքի և փայտամշակման խոշորագույն արտադրամասերից մեկը` «Դրուժբա»-ն։ Այստեղ եղել են գազի, նավթի, շինանյութի հանքավայրեր։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը հացահատիկի` ցորենի, բրնձի, եգիպտացորենի մշակությունն էր։ Ադըղեային է բաժին ընկել 1966 թվականի ցանքատարածությունների 50%-ը։ Կանեփի, շաքարի ճակնդեղի, արևածաղկի, ծխախոտի, եթերայուղատուների, թեյի տեխնիկական կուլտուրաները զբաղեցնում էին ցանքերի 16%-ը, բանջարաբոստանային կուլտուրաները` 2,3%-ը, կերային կուլտուրաները` 34,5%-ը։ Տարածված է եղել նաև պտղաբուծությունն ու այգեգործությունը, մսակաթնատու անասնապահությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը։

Տրանսպորտ

Ադըղեայի տարածքով են անցել Կրասնոդար-Նովորոսիյսկ և Արմավիր-Տուափսե երկաթուղիները։ Վերջինս Բելորեչենսկ կայարանի մոտից ճյուղավորվում էր դեպի Մայկոպ-Կամեննոմոստսկի։ Մայկոպն ավտոբուսային հաղորդակցություն է ունեցել նաև Հյուսիսային Կովկասի շատ քաղաքների և Ադըղեայի շրջանների հետ։ Կուբան գետը նավարկելի է եղել։ Զարգացած է եղել նաև օդային տրանսպորտը։

Առողջապահություն

1971 թվականին Ադըղեայում եղել է 831 բժիշկ, 3900 հիվանդանոցային մահճակալ։ Մարզում եղել են նաև հանքաղբյուրներ։

Կրթություն

Սովետական տարիներին ստեղծվել է ադըղեերենը` ադըղեական գիրը։ 1971-1972 ուսումնական տարում հանրակրթական դպրոցում սովորել է շուրջ 79,7 հազար աշակերտ, գործել են նաև 6 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ` 6,5 հազար սովորողով և ադըղեական մանկավարժական ինստիտուտը` 3,5 հազար ուսանողով։ Մայկոպում եղել է պատմագավառագիտական թանգարան, 159 մասսայական գրադարան, 174 ակումբային հիմնարկ, 302 կինո։

Մամուլ

Ադըղեայում լույս են տեսել «Սոցիալիստիչիսկիե Ադըղեյ» թերթը, որը 1926 թվականից հրատարակվել է ադըղեերենով և «Ադիգեյսկայա պրավդա» մարզային թերթը։

Գրականություն

Գրավոր գրականությունը սկզբնավորվել է 1918 թվականին՝ ադըղեական գրի ստեղծումից հետո։ Ազգային գրականության արագ զարգացմանը նպաստել է հարուստ բանահյուսությունը։ Պահպանվել են ժողովրդական էպոսի հերոսների` նարտերի մասին չափածո ասքեր։ Ժողովրդական աշուղ Թեուչեժը պատկերել է ադըղեների ազատագրական պայքարը։ 1948 թվականին պետական մրցանակի է արժանացել ադըղեական արձակի հիմնադիր Քերաշևի «Բախտի ճանապարհ» վեպը։ Հայրենասիրությամբ են տոգորված ադըղեական պոեզիայի հիմնադիր Հաթկովի ստեղծագործությունները։ Խորհրդային տարիներին գրականությունը հարստացել է Կոստանովի, Եվթիխի, Պարանուկի, Տլյուստենի, Ջաղուփի, Կասպարովի և այլոց երկերով։

Ճարտարապետություն

Ադըղեայի տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարի դոլմեններ, վաղ երկաթի դարի պաշտպանական աշտարակների, պաշտամունքային կառույցների մնացորդներ։ Դարեր շարունակ պատրաստվել են կավով շրջածեփված հյուսածո պատերով, ծղոտե կամ եղեգնյա երկթեք տանիքով ժողովրդական շինություններ, 19-րդ դարից` փայտե կամ ծղոտե տներ։ Սովետական տարիներին աուլներում շինարարության մեջ օգտագործել են փայտ, խարամբետոն և աղյուս։ Մայկոպում կառուցվել են բնակելի և հասարակական բազմահարկ շենքեր, այդ թվում` երկաթուղային կայարանը, «Օկտյաբր» և «Գիգանտ» կինոթատրոնները, դրամատիկ թատրոնը, մարզկոմի շենքը, «Ադըղեա» հյուրանոցը։

Կերպարվեստ

Ադըղեների հինավուրց կիրառական արվեստին բնորոշ են ոսկեկար զգեստները, արծաթյա իրերը, թաղիքե գորգերը, եղեգնյա խսիրները, փայտի և քարի քանդակազարդումը։ Օգտագործվել են երկրաչափական նախշեր, բուսազարդեր։ Սովետական տարիներին սկսել է զարգանալ պրոֆեսիոնալ կերպարվեստը։ Ադըղեայում են ստեղծագործել գեղանկարիչներ Սոկոլովը, Մեխեդը, Օվչարենկոն, Մելնիկովը, գրաֆիկ Շահբազյանը, քանդակագործ Սիդաշենկոն և այլք։

Երաժշտություն

Ադըղեական ժողովրդական երաժշտության հիմքը մաժորի և մինորի դիատոնիկ լադերն են, կիրառվել են կվարտա, կվինտա, օկտավա հիմքով երկձայնություն։ Տարածված երգային հին ժանրերից է օրեդը, որտեղ հանդես են գալիս մեներգիչը և խումբը։ Ժողովրդական գործիքներն էին կամիլը, շիչեպշինը, պխաչիչը, 19-րդն դարից նաև հարմոնը։ Պարատեսակներից հայտնի են եղել ուջը, զաֆակը, զագատլյատը։ Երաժշտական ֆոլկլորը հավաքել և ուսումնասիրել են Միրոնովը, Գնեսինը, Գրեբնևը և այլք։ Ադըղեայում գործել է ժողովրդական երգի և պարի անսամբլ։

Թատրոն

Պրոֆեսիոնալ թատրոնի զարգացումն սկսվել է Ադըղեական ԻՄ-ի կազմավորումից հետո։ 1933 թվականին կազմակերպվել է Ադըղեական մարզային կոլտնտեսային-սովխոզային թատրոնը, 1941 թվականին՝ Մայկոպի Պուշկինի անվան մարզային միացյալ դրամատիկ թատրոնը։ Թատերական գործիչներից հայտնի են ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ախեջակովը, վաստակավոր արտիստ Սխակումիդովան, Ցեյը և ուրիշներ։

Վարչատարածքային բաժանում

Ադըղեայի Հանրապետությունը բաժանվում է 9 մունիցիպալ կազմավորումների՝ 2 քաղաքային օկրուգների և 7 մունիցիպալ շրջանների։

Քաղաքային օկրուգները և դրանց կենտրոնները․

I. Մայկոպի քաղաքային օկրուգ — ք․ Մայկոպ
II. Ադիգեյսկի քաղաքային օկրուգ — ք․ Ադիգեյսկ

Շրջանները և դրանց վարչական կենտրոնները․

1. Գիագինսկայայի շրջան — ստ․ Գիագինսկայա
2. Կոշեխաբլի շրջան — աուլ Կոշեխաբլ
3. Կրասնոգվարդեյսկոեի շրջան — գ․ Կրասնոգվարդեյսկոե
4. Մայկոպի շրջան — ավ․ Տուլսկի
5. Շովգենովսկիի շրջան — աուլ Խակուրինոխաբլ
6. Տախտամուկայի շրջան — աուլ Տախտամուկայ
7. Տեուչեժսկի շրջան — աուլ Պոնեժուկայ

Հայերը Ադըղեայում

Հանրապետության տարածքում հայերը բնակություն են հաստատել հնագույն ժամանակներից։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին զգալի թվով հայեր այստեղ են գաղթել Նոր Նախիջևանից, Ղրիմից, Թուրքիայից (հիմնականում՝ Սամսունից, Տրապիզոնից, Օրդուից)։ Զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարանոցային բույսերի մշակությամբ, ծխախոտագործությամբ, արհեստներով և առևտրով, հիմնել են ծխախոտի գործարան, 1899-ին՝ առևտրի տուն (Մայկոպում), մասնակցել մշակութային կյանքին։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարզի հարյուրավոր հայեր կռվել են գերմանական ֆաշիզմի դեմ, իսկ Սերգեյ Սիվիկյանը (1925-71) դարձել է Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ։

1979-ի մարդահամարի տվյալներով՝ Ադըղեայում ապրում էր 6400 հայ, 1989-ի տվյալներով՝ 10460 հայ, հիմնականում՝ Մայկոպում, Տուլիսկ ավանում, Շահումյան (ունի շուրջ 1600 հայ բնակիչ, տեղի դպրոցում դասավանդվում է հայոց լեզու), Պերվոմայսկ, Դաղստան, Սևեռնի, Կրասնի, Տաուչեխաբլ, Գալուկայ, Ադիգեյսկ, Պրոլետարսկի, Կրասնի Օկտյաբր գյուղերում։ Մայկոպում երկար տարիներ գործել է Շահումյանի անվան հայկական ակումբը, որտեղ բեմադրվել են հայկական պիեսներ։

2003 թվականի տվյալներով Ադըղեայի Հանրապետությունում բնակվում է շուրջ 25 հազար հայ[24]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.