Ադրենալին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ադրենալին (էպինեֆրին, β,3,4-տրիհիդրօքսի-N-մեթիլֆենիլալանին), հորմոն, նեյրոմիջնորդանյութ և դեղամիջոց[1][2]։ Հիմնականում արտադրվում է մակերիկամների միջուկային գոտու քրոմաֆինային բջիջների կողմից և դոֆամինի ու նորադրենալինի հետ միասին համարվում է սիմպաթոադրենալային համակարգի հորմոն, որոնք, արտադրվելով սիմպատիկ նյարդային վերջույթներում, ծառայում են որպես նյարդային ազդակի փոխանցման միջնորդանյութեր[3]։ Բացի մակերիկամների միջուկից, ադրենալինն առաջանում է նաև օրգանիզմի այլ հատվածներում առկա քրոմաֆինային բջիջներում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրենալին (այլ կիրառումներ)
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 51-43-4 |
PubChem CID | 139148732 5816, 139148732 |
DrugBank | 00668 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.090 |
Մակերիկամների միջուկային մասում արտադրվող հիմնական կատեխոլամինը ադրենալինն է (շուրջ 80 %-ը), իսկ արտամիջուկային բջիջներում՝ նորադրենալինը։ Արտասահմանյան գրականությունում ադրենալինն ու նորադրենալինն ավելի հաճախ անվանվում են համապատասխանաբար՝ էպինեֆրին և նորէպինեֆրին։ Ադրենալինը միաժամանակ հորմոն է և միջնորդանյութ։ Սակայն այն հիմնականում հանդես է գալիս որպես հորմոն[4]։
Ադրենալինը սիմպաթոադրենալային մյուս հորմոնների հետ մասնակցում է օրգանիզմի ուժերի մոբիլիզացմանը կրիտիկական իրավիճակներում, սթրեսի կամ «խփիր կամ փախիր» բնույթի ռեակցիաների ժամանակ[5][6]։