From Wikipedia, the free encyclopedia
Ածուխ, պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո, որն առաջացել է Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։ Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր։ Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ։ Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ։ Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ։ Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով։ Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի։ Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%։ Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը։ Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»։ Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքային աղերից սինթեզում են իրենց կենդանի մարմինը։ Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան։ Ածուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական (չայրվող) բաղադրիչներից։ Օրգանական մասը կազմում են բիտումները, հումինային թթուներն ու մնացորդային ածուխը։ Անօրգանական հանքային մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի, ալյումինի, կալիումի, նատրիումի սիլիկատները, ֆոսֆատները, սուլֆիդներն ու սուլֆատները։ Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն է, 48,5%-ը՝ գորշ ածուխը։ Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան Գերմանիայում, Չեխիայում, Ռուսաստանում։ Հայաստանում գորշ ածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում։
Կոքսագազը պարունակում է 55–60% ջրածին, 20–30% մեթան, 5–7% ածխածնի օքսիդներ։ Օգտագործվում է որպես վառելանյութ։
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ածխի պաշարները սահմանափակ են, բացի այդ, հանքանյութի զգալի մասն ունի ցածր կալորիականություն։ Հայտնի են Օլթիի և Կարինի ածխի հանքավայրերը։ Ածխի տեղական նշանակության պաշարներ կան նաև Ուրմիո և Վանա լճերի ավազանների ջրբաժանային լեռներում, Աղստև, Վեդի գետերի ավազաններում, Ջաջուռում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ածուխ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 210)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.