Ամերիկայի Միացյալ Նահանգներ
պետություն Հյուսիսային Ամերիկայում / From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ կամ պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից, որոնք իրականում կիսանկախ պետություններ են (ինչն արտահայտված է նրանց պաշտոնական անունների մեջ․ օրինակ՝ Կալիֆոռնիան կոչվում է Կալիֆոռնիա Հանրապետություն և դա այժմ էլ գրված է նրա դրոշի վրա), և դաշնային նշանակության Կոլումբիա շրջանից[10][11]։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային[12], հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև՝ ծովային սահման ունի Ռուսաստանի հետ[13]։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում
Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականի հուլիսի 4-ին[14]։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը[14]։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը[14], որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը[14]։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի լիգային և Միջազգային արդարադատության մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո վերջինս դարձավ կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ առաջին միջուկային տերությունն աշխարհում։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք (4-րդն աշխարհում)[15] և ունի 322 370 752 մարդ (ըստ 2015 թվականի նախահաշվարկի) բնակչություն (3-րդն աշխարհում)[16]։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է, խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու Յորքից բացի, երկրի տարածքում կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը[17]։ Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆինիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն[17]։ Պետական լեզուն անգլերենն է[18], որն այստեղ տարածվել է գաղութային տարիներին։
Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում[19]։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 %։
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։
«Ամերիկա» անվան առաջին կիրառումը համարվում է 1507 թվականը, երբ այն հայտնվեց գերմանացի քարտեզագիր Մարտին Վալձեմյուլլերի աշխարհի քարտեզին։ Քարտեզի վրա անվանումը մեծատառերով էր և գրված էր ներկայիս Հարավային Ամերիկայի տարածքի վրա։ Քարտեզագիրն ընտրել էր անվանումը՝ ի պատիվ Ամերիգո Վեսպուչիին։ իտալացի ճանապարհորդն առաջինն էր, որ ենթադրեց՝ Վեստ Ինդիան Ասիայի արևելյան սահմանը չէ, այլ նախկինում անհայտ տարածքի մաս[21]։ 1538 թվականին ֆլամանդացի քարտեզագիր Գերհարդ Մերկատորն «Ամերիկա» անվանումն օգտագործեց ամբողջ Արևմտյան կիսագունդն անվանելու համար[22]։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներ» (անգլերեն՝ United States of America) բառակապակցությունը թվագրվում է 1776 թվականի հունվարի 2-ին, հեղինակը՝ Սթիվեն Մոյլենն էր, որը Ջորջ Վաշինգտոնի ռազմական օգնականն էր և մայրցամաքային զորքերի մուսթեր֊մաստեր գեներալը։ Դիմելով Ջոզեֆ Ռիդին՝ Մոյլանը ցանկանում էր ուղեկցել «Ամերիկայի Միացյալ նահանգների մեծածավալ և հզոր ուժերին» դեպի Իսպանիա՝ հեղափոխական պատերազմին աջակցելու համար[23][24][25]։ «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» արտահայտության առաջին հայտնի տպագրությունը The Virginia Gazette պարբերականի անանուն հոդվածն է (Ուիլյամսբերգ, Վիրջինիա, ապրիլի 6, 1766)[26]։
Ջոն Դիքինսոնի պատրաստած Համադաշնության հոդվածների երկրորդ սևագիր տարբերակը, որն ավարտվեց 1776 թվականի հունիսի 17-ին, ճանաչում էր, որ «Համադաշնության անվանումը պետք է լինի «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»[27]։ Հոդվածների վերջնական տարբերակի մեջ, որը 1777 թվականի վերջին ուղարկվել էր նահանգներ ստորագրման, ասվում էր, որ «Այս համադաշնության անվանումը պետք է լինի «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»» ("The Stile of this Confederacy shall be 'The United States of America'")[28]: 1776 թվականի հունիսին Թոմաս Ջեֆերսոնն Անկախության հռչակագրի իր սևագրի վերնագրում մեծատառերով գրել էր «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ»[27]։ Այս նախնական տարբերակը տարածվեց միայն 1776 թվականի հունիսի 21֊ին, և պարզ չէ՝ այն գրվել է Դիքինսոնից առաջ, թե հետո[27]։
«Միացյալ Նահանգներ» արտահայտությունը սկզբում հոգնակի էր համարվում։ Նկատի էր առնվում նահանգների համախումբ, օրինակ՝ «Միացյալ Նահանգները ... են»։ Եզակի ձևը տարածվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո։ Եզակի ձևը ներկայումս ստանդարտ ձևն է։ Միացյալ Նահանգների քաղաքացին ամերիկացին է։ «Ամերիկացի» տերմինը հազվադեպ է առնչվում այնպիսի թեմաների, որոնք կապված չեն Միացյալ Նահանգների հետ[29]։