Այբուբեն
From Wikipedia, the free encyclopedia
Այբուբենը յուրաքանչյուր լեզվի համար գործածվող տառերի ամբողջություն է՝ ավանդաբար պահպանվող որոշակի դասավորությամբ։ Այս հասկացության համար շատ ժողովուրդներ գործածում են ալֆաբետա անվանումը, որը կապված է հին հունարենի այբուբենի առաջին տառերի՝ α- ի (ալֆա) և β- ի (բետա) անվանումներից։ Հիշյալ սկզբունքով, այսինքն՝ տառերի ընդունված համակարգի առաջին երկու գրերի անուններով ժամանակի ընթացքում տարբեր ժողովուրդներ կազմել են սեփական անվանումները։ Հայերենի այբուբենի անվանումը կազմված է մեր այբուբենի առաջին երկու տառերի՝ ա- ի (այբ) և բ- ի (բեն) անուններից։ Ընդհանրապես գրի (գրության) գաղափարը ավելի հին է, քան այբուբենինը։
Այբուբենի գաղափարը կապվում է գրության զարգացման այն շրջանի հետ, երբ ստեղծվել է տառ հնչյունային գիրը։ Այբուբենի մեջ մտնող ամեն մի տառ սովորաբար մեկ հնչյունի նշան է, թեև այդ հնչյունը նշվում է մեկից ավելի տառերով, կամ հակառակը՝ մեկ տառը մեկից ավելի հնչյունների նշան է լինում։ Փյունիկյան գրերի համակարգը, որն ուներ 22 տառ և զուրկ էր ձայնավորներից, հիմք հանդիսացավ մի շարք լեզուների, այդ թվում նաև հունական գրությանը։ Հունարենը ուներ 24, լատիներենը սկզբում 23 (իսկ միջին դարերից 24), Մեսրոպյանը 36 (հետագայում ավելացան հունարենից փոխառված ևս 2 տառ), ռուսերենը 32, իսկ գերմաներենը 26 տառ։ Հնում այբուբենի տառերը օգտագործվել են թվեր արտահայտելու համար։