From Wikipedia, the free encyclopedia
«Այս հրաշալի կյանքը» (անգլ.՝ It's a Wonderful Life), ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ։ Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի «Ամենամեծ նվերը» ստեղծագործությունն է։ Պրեմիերան կայացել է 1946 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում։
Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը։ Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ՝ հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։
ԱՄՆ-ում ֆիլմն արդեն երկար տարիներ ավանդաբար ցուցադրվում է հեռուստատեսությամբ Ամանորյա տոներին[13], (ինչպես օրինակ նախկին Խորհրդային Միության երկրներում Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ ֆիլմը[14]։ Այն համարվում է Ծննդյան Տոների դասական ու լավագույն ֆիլմերից մեկը ամբողջ աշխարհում[15][16], Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է[17]։
Ֆիլմը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային կինեմատոգրաֆի և հատկապես ամերիկյան մշակույթի վրա, ֆիլմում հնչող շատ արտահայտություններ թևավոր խոսքեր են դարձել։ Ֆիլմը հարմար է ընտանեկան դիտման և նախատեսված է բոլոր տարիքի կինոդիտողների համար. այն ոգեշնչող է և քաջալերող։ Դերասանների կերտած հերոսները, հետաքրքիր սյուժեն՝ անսպասելի լուծումներով, շատ հետաքրքիր ու բարի այս ֆիլմը սիրված են դարձրել կինոդիտողների շրջանում։
Ֆիլմը սկսվում է Բեդֆորդ Ֆոլլզ անվանումով ամերիկյան հորինված մի փոքրիկ քաղաքի տեսարանով։ Քաղաքի բնակիչները աղոթում են Աստծուն՝ խնդրելով օգնել Ջորջ Բեյլիին (Ջեյմս Ստյուարտ)։ Ջորջը հորից ժառանգել էր «Վարկով տներ» կազմակերպությունը, որը քաղաքի բնակիչներին վարկեր էր տրամադրում տներ կառուցելու համար. այդպիսով նա օգնել էր քաղաքի գրեթե բոլոր բնակիչներին։
Հաջորդ կադրում աստղալից երկնքի տեսարան է բացվում, որտեղ Աստված, խոսելով Հովսեփի հետ, (մի մեծ աստղ խոսում է փոքր աստղի հետ), հանձնարարում է նրան հրեշտակներից մեկին ուղարկել երկիր՝ օգնելու Ջորջին։ Որոշում են երկիր ուղարկվել անփորձ, բայց խոստումնալից հրեշտակ Կլարենսին, ով դեռևս թևեր չունի։
Հովսեփը Կլարենսին ցույց է տալիս Ջորջի ամբողջ կյանքը՝ սկսած մանկությունից, որպեսզի Կլարենսը հասկանա, թե ում հետ գործ ունի և ինչպես կարող է օգնել նրան՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից։
Ֆիլմի հիմնական իրադարձությունները սկսվում են հենց Ջորջի մանկությունով...
Դեռ վաղ տարիքից Ջորջն անչափ հետաքրքրասեր ու խելացի էր. նա երազում էր դառնալ ճանապարհորդ, լինել աշխարհի հայտնի քաղաքներում, մեկնել սովորելու այլ քաղաքի ուսումնական հաստատություններ։ Նա արդեն պատանի հասակում աշխատում էր քաղաքի դեղատներից մեկում որպես դեղերի ցրիչ՝ մտերմանալով դեղատան տնօրեն միստր Գովերի (Հ. Բ. Ուորներ) հետ։ Մի օր Գովերը հեռագրով լուր է ստանում, որ իր երիտասարդ որդին մահացել է և լուրի ազդեցությամբ դեղի փոխարեն թույն է տալիս Ջորջին՝ հանձնարարելով հասցնել այն քաղաքի հիվանդներից մեկը։ Սակայն Ջորջն ուշադիր լինելով նկատում է, որ դեղի փոխարեն նա իրեն թույն է հանձնել, և այդպիսով կանխում է հաճախորդի մահը։
Ջորջը փոքր եղբայր ուներ՝ Գարրին, ում նա մանուկ հասակում փրկում է խեղդվելուց՝ հանելով կոտրված սառույցի ջրից։ Այդ դեպքից հետո Ջորջի ձախ ականջը վնասվում է և զրկվում լսողությունից։
Պատանի հասակից Ջորջին սիրահարված էին 2 աղջիկ՝ Մերին (Դոննա Ռիդ) և Վիելոտը (Գլորիա Գրեհեմ)։ Ջորջը, սակայն, համակրում էր Մերիին։
Ջորջի հայրը՝ Պիտեր Բեյլին, (Սեմուել Հինդս) ուներ «Վարկով տներ» սեփական ֆինանսական ընկերությունը և քաղաքի բնակիչներին տրամադրում էր երկարաժամկետ վարկեր՝ բնակելի տներ կառուցելու համար։ Ընկերությունում էր աշխատում նաև նրա հորեղբայրը՝ Բիլլի Բեյլին (Թոմաս Միտչել)։ Սակայն այդ ընկերության գրեթե բարեգործական աշխատանքը դուր չէր գալիս քաղաքի ամենահարուստ և դաժան մարդուն՝ Հենրի Պոտերին (Լայոնել Բերիմոր), ով ամեն հնարավորություն օգտագործում էր տիրանալու ուրիշների սեփականությանը և ցանկանում էր, որ «Վարկով տներ» ընկերությունը դադարի գործել կամ ինքը լինի սեփականատերը։ Այնուամենայնիվ Ջորջի հայրն ամեն գնով կարողանում էր պահպանել սեփական ընկերությունը Պոտերի ոտնձգություններից։
Ջորջը փոքր եղբոր հետ գնում է դպրոց՝ մասնակցելու ավարտական միջոցառմանը և այնտեղ հանդիպում է Մերիին։ Այդ ժամանակ Մերիին սիրահարված է լինում դպրոցի տղաներից մեկը՝ Սեմ Ուեյնռայթը (Ֆրենկ Ալբերտսոն)։ Սեմը ցանկանում է դառնալ Մերիի պարընկերը, սակայն պարահրապարակում Մերին ընտրում է Ջորջին և նրանք ամբողջ ժամանակ միասին են պարում։
Միջոցառման ժամանակ հայտարարվում է ամենալավը Չառսլթոն պարող զույգի մրցույթ։ Մինչ Սեմը չարացած հետևում է, թե ինչպես են Ջորջը և Մերին պարում, դպրոցի տղաներից մեկը հուշում է նրան, որ պարահրապարակի տակ լողավազան կա և այն կարելի է բացել կոճակի մեկ սեղմումով, ապա ցույց է տալիս նրան կոճակի տեղը։ Սեմը բացում է լողավազանը և բոլոր պարողները դադարում են պարել, իսկ Ջորջն ու Մերին ինքնամոռաց պարում են՝ չնկատելով բացված լողավազանը. նրանք կարծում են, թե մյուսների չպարելու պատճառը իրենք են։ Ջորջը նույնիսկ ասում է, թե. «... տես, ինչպես են բոլորը մեզ հետևում»:
Ու այդպես էլ չնկատելով բացված լողավազանը՝ նրանք ընկնում են ջուրը։ Տեսնելով այդ՝ միջոցառման գրեթե բոլոր մասնակիցները նետվում են լողավազանի մեջ` այդ թվում և դպրոցի տնօրենը։
Հաջորդ տեսարանում Ջորջը Մերիին տուն է ճանապարհում։ Նրանք քաղաքում հանդիպում են կիսաքանդ ու լքված մի տան։ Մերին ասում է, որ ինքը շատ է սիրում այս տունը, իսկ Ջորջը կատակով պատասխանում է, որ ինքը չի համաձայնվի նույնիսկ որպես ուրվական այնտեղ ապրել։ Որոշում են քար նետել տան ուղղությամբ, ասելով, որ եթե հաջողվի ապակի կոտրել, ուրեմն իրենց երազանքը կկատարվի։ Ու այդպես էլ անում են։ Ճանապարհին Ջորջը փորձում է սեր խոստովանել Մերիին, ու ասում է.- «Ի՞նչ ես ուզում դու, Մերի՛, ի՞նչ ես ցանկանում, դու լուսի՞նն ես ուզում։ Միայն ասա՛, ես կնետեմ պարանը, կբռնեմ այն և կնվիրեմ քեզ»։
Սակայն նրանց խոսակցությունը կիսատ է մնում. հորեղբայր Բիլլին մեքենայով անցնելիս նկատում է Ջորջին և ասում, որ նրա հոր առողջական վիճակը հանկարծակի վատացել է, և նա այժմ մահամերձ է։ Ջորջը հորեղբոր հետ մեկնում է։
Հայրը մահանում է։ Մահվանից հետո Պոտերը ցանկանում է ինքը ղեկավարել ընկերությունը։ Ստացվում է այնպես, որ տնօրենների խորհուրդը որոշում է, որ եթե Ջորջը չղեկավարի ընկերությունը, ապա այն կանցնի Պոտերին։ Ջորջը, հորեղբորից տեղեկանում է այդ մասին և, իր կամքին հակառակ, ինքն է գլխավորում հոր ընկերությունը՝ շարունակելով վերջինիս գործը, այն է՝ վարկեր տրամադրել բնակիչներին տների կառուցման համար։ Այդ նպատակով «Բեյլի պարկ» անունով թաղամաս են կառուցում։ Այդ ձևով նա, փաստորեն, քաղաքի հասարակ բնակիչներին պաշտպանում է չարամիտ Պոտերից, իսկ ինքը դառնում շատերի սիրելին և մտերիմը։
Ընկերությունը գլխավորելուց հետո Ջորջը փոխում է իր ծրագրերը և այլևս չի մտածում ճամփորդությունների մասին։ Արդյունքում նա Գարրիին է իր փոխարեն ուղարկում այլ քաղաք՝ ուսում ստանալու։ Գարրին ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Բեդֆորդ Ֆոլլզ քաղաք իր նշանած աղջկա հետ, ում հանդիպել էր նրա հոր աշխատավայրում։
Փոքր եղբոր ամուսնությունից հետո Ջորջը կարծես մի փոքր փոխվում է՝ հասկանալով, որ նաև իր ամուսնանալու ժամանակն է։ Չնայած որ քաղաքի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը՝ Վիոլետը, դեռ պատանի հասակից բացեիբաց սիրաշահում էր նրան, Ջորջի մտքում, որպես հարսնացու, միայն Մերին էր։
Կարծես տղամարդկային հպարտությունից ելնելով նա չի ցանկանում տեսնել Մերիին ու միայն մոր (Բելա Բոնդի) հորդորներից հետո է որոշում այցելել նրան, ում վերջին անգամ տեսել էր շատ տարիներ առաջ՝ դպրոցի ավարտական միջոցառման ժամանակ։ Նա գնում է Մերիի տան մոտ, սակայն ամաչում է ներս մտնել։ Մերին նկատում է նրան պատուհանից ու բարևելով հարցնում, թե ինչ է անում իրենց կողմերում։ Ջորջը պատասխանում է, որ ուղղակի պատահական անցնում էր այս կողմով։ Մերին նրան հրավիրում է իրենց տուն ու երջանկությունից Մերիի աչքերը սկսում են փայլել։
Նա տան հին գրամաֆոնով միացնում է այն երաժշտությունը, որ իրենք էին երգում իրենց վերջին հանդիպման ժամանակ։ Ավելին նա նույնիսկ նկարել էր մի նկար, որտեղ Ջորջը պարանով իբր լուսինն է որսում։ Նրանց խոսակցությունը սակայն չի ստացվում, և Ջորջը ոչ մի արձագանք չի տալիս ու նույնիսկ ցանկանում է գնալ տնից։
Բայց հենց այդ ժամանակ Մերիենց տան հեռախոսը զանգում է։ Մերին վերցնում է, պարզվում է որ զանգահարողը Սեմ Ուեյնռայթն է և Մերին սկսում է իբր սիրաշահել Սեմին, բայց դա անում է միայն Ջորջի վրա ազդելու համար։ Հենց հեռախոսային խոսակցության ժամանակ նրանք հասկանում են, որ սիրում են իրար, գրկախառնվում են ու համբուրվում։
Շուտով Ջորջը և Մերին ամուսնանում են և հարսանիքին ներկա է գտնվում գրեթե ողջ քաղաքը։ Սակայն հենց նրանց ամուսնության օրը Պոտերը քաղաքի բանկերի միջոցով այնպես է անում, որ «Վարկով տներ» կազմակերպությունը մնա գրեթե առանց գումարի։ Իմանալով այդ մասին քաղաքի բնակիչները ցանկանում են հետ վերցնել իրենց ներդրված գումարները։ Միստր Պոտերը հրավիրում է Ջորջին իր մոտ խոստանալով օգնել գումարով, եթե նա համաձայնի այսպես ասած համագործակցել իր հետ։ Մի պահ կարիքից ելնելով Ջորջը քիչ է մնում համաձայնվի, սակայն սթափվելով փոխում է որոշումը։ Տեսնելով որ այլ ելք չկա, Ջորջը ու Մերին իրենց հարսանեկան ճամփորդության գումարներն են ներդնում ընկերություն ու այդպիսով բավարարում ավանդատուների պահանջները։
Չնայած նրանք չեն մեկնում ուղևորության, ապրում են խաղաղ ու երջանիկ կյանքով, ունենում են 4 երեխա, և բնակվում են հենց այն տան մեջ, որը տեսել էին իրենց առաջին հանդիպման ժամանակ, իսկ տունը տարիների ընթացքում վերանորոգելով՝ դարձնում են քաղաքի ամենագեղեցիկ տներից մեկը։
Սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը և ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն այս կամ այն կերպ մասնակցություն են ունենում պատերազմին։ Ջորջին չեն զորակոչում մի ականջի չլսելու պատճառով և նա որպես պարեկ կատարում է գիշերային հերթապահություն։ Մերին մեծացնելով 4 երեխա, սակայն աշխատելու ժամանակ է գտնում ՝ մթերք մատակարարելով ռազմաճակատ։ Ջորջի մայրը և Մերիի մայրը (Սառա Էդվարդ) աշխատում են Կարմիր Խաչում որպես բուժքույրեր։ Հենրի Պոտերը գլխավորում է զորակոչային հանձնաժողովը, Սեմ Ուեյնռայթը զբաղվում է պլաստմասե իրերի արտադրությամբ՝ դրանով աջակցելով թիկունքին։ Քաղաքի շատ տղաներ մասնակցում են պատերազմին և հերոսաբար կռվում, իսկ Գարրին մասնակցելով պատերազմին որպես օդաչու, ոչնչացնում է թշնամու 15 ինքնաթիռ։
Պատերազմի ավարտից հետո Գարրի Բեյլին ԱՄՆ-ի նախագահի կողմից պարգևատրվում է մեդալով՝ արժանանալով հերոսի կոչումով, իսկ նրա վերադարձը մեծ շուքով նշում է ամբողջ քաղաքը։
Մի անգամ Ամանորի նախօրեին Ջորջի հորեղբայր Բիլլին պատահաբար կորցնում է ընկերությանը պատկանող 8000 $ գումարով լի պայուսակը[18]։ Ջորջը խիստ բարկանում է հորեղբոր վրա, և նրանք սկսում են փնտրել պայուսակը այն տեղերում, որտեղ այցելել էր նա, սակայն ապարդյուն։ Ջորջը հանձնարարում է հորեղբորը գաղտնի պահել լուրը։ Իսկ պայուսակը գտել էր չարամիտ Պոտերը և որոշել էր չվերադարձնել այդ գումարը, հասկանալով, որ գումարի բացակայության արդյունքում ընկերությունը կսնանկանա և ինքը ընկերության տերը դառնալու հնարավորություն կունենա։
Նյարդային վիճակում նա գալիս է տուն, որտեղ նրա ընտանիքի անդամները պատրաստվում են Ամանորին՝ զարդարելով տունը և տոնածառը։ Ջորջը սկսում է բարկանալ կնոջ և երեխաների վրա, երբ խնդրում են օգնել իրենց, հետո իմանալով որ փոքր աղջիկը՝ Զուզուն (Կարոլին Գրիմս) հիվանդ պառկած է անկողնում, բարձրանում է նրա մոտ, խոսելով երեխայի հետ մի քիչ հանգստանում է։ Քիչ անց հեռախոսով իր երեխաների ուսուցչին է անպատվում, ում ամուսինը սպառնում է ծեծել նրան։ Ապա այդպես բարկացած հեռանում է տնից գնալով քաղաքի սրճարան, որտեղ պատահական հանդիպում է ուսուցչի ամուսնուն, ով բռունցքով հարվածում է նրան, և սկսվում է վիճաբանություն։ Արդյունքում, սրճարանի աշխատող Նիկը (Շելդոն Լեոնարդ) երկուսին էլ վռնդում է սրճարանից։ Ապա մեքենայով բախվում է քաղաքի մեծահարուստներից մեկի բակում տնկված ծառին, ով զայրանում է նրա վրա, ասելով որ այն իրենց ընտանեկան ծառն է և Բեդֆորդ Ֆոլլզի ամենահին ծառը։
Այդ ընթացքում գումարի բացակայության մասին Պոտերը տեղյակ է պահում բանկին և դատախազությանը։
Նա նույնիսկ դիմում է Պոտերի օգնությանը, խնդրելով նրանից իրեն վարկ տրամադրել` ցանկացած տոկոսով, իսկ Պոտերը բնականաբար մերժում է։
Չգտնելով ոչ մի լուծում նա մեկնում է քաղաքից դուրս և պատրաստվում է ինքնասպան լինել վայր նետվելով կամրջից, սակայն հենց այդ պահին նա տեսնում է մի մարդու, ով խեղդվում է օգնություն խնդրելով, և Ջորջը նետվում է ջուրը այլ բանի համար` փրկելու ջուրը նետված մարդուն՝ Կլարենսին (Հենրի Տրևերս), ով պարզվում է երկնքից ուղարկված հրեշտակ է` ի պատասխան Ջորջի համար աղոթքների։
Կլարենսը Ջորջին պատմում է, որ ինքը մի քանի հարյուր տարեկան է, երկրորդ կարգի հրեշտակ է՝ այսինքն դեռ թևեր չունի, և եթե իրեն հաջողվի օգնել Ջորջին, նա կստանա թևեր, ու ասում է, որ երբ երկրի վրա զանգակի ձայն է լսվում, դա նշանակում է որ երկնքում որևէ հրեշտակ թևեր է ստացել։ Նա ասում է, որ ինքը դիտմամբ է իրեն նետել ջուրը, որպեսզի Ջորջը ինքնասպան չլինի։ Ջորջը սակայն մտատանջվելով խնդիրների մասին, լուրջ չի ընդունում նրա ասածները։
Չնայած Կլարենսի բոլոր ջանքերին Ջորջը չի հավատում, որ նա հրեշտակ է, և Աստծուց խնդրում է օգնել իրեն, ակամայից արտասանելով, որ, «ավելի լավ կլիներ, որ ինքը երբեք ծնված չլիներ»: Լսելով այդ, Կլարենսն այնպես է անում, որ Ջորջը իրականում ծնված չի եղել, և ասում նրան, որ դու չես ծնվել։ Ջորջը կրկին չի հավատում և հեռանում է։
Սակայն մտնելով քաղաք, նա անակնկալի է գալիս, պարզելով որ ոչ ոք չի ճանաչում իրեն, իսկ քաղաքի անվանումը Բեդֆորդ Ֆոլլզ չէր այլևս, այլ Հենրի Պոտերի անվամբ՝ Պոտերսֆիլդ։ Տների փոխարեն քաղաքում կառուցված էին տարբեր զվարճանքի օբյեկտներ, որոնք պատկանում էին միստր Պոտերին։
Նա մեկնում է հայրական տուն, սակայն մայրը չի ճանաչում, ասելով որ նա ունեցել է մեկ որդի, ով մահացել է՝ մանուկ ժամանակ խեղդվելով ջրում։ Գնալով քաղաքի գերեզմանատուն, նա այնտեղ տեսնում է իր եղբոր գերեզմանը։
Հանդիպում է դեղատան տնօրեն Գովերին, ով խելագարվել էր բանտից դուրս գալուց հետո, ուր նրան ուղարկել էին բնակչի թունավորման համար։ Եվ այդպես քաղաքի մյուս բոլոր բնակիչները՝ սրճարանի տնօրեն միստր Մարտինին (Ուիլյամ Էդմունդս), բարմեն Նիկը և այլք չեն ճանաչում իրեն։
Նա նստում է տաքսի և սկսում խոսել տաքսու վարորդ Էռնիի (Ֆրենկ Ֆայլեն) հետ, ում նա օգնել էր բնակարանի հարցում, սակայն վերջինս չէր ճանաչում իրեն, իսկ հիմա չուներ տուն և կինը բաժանվել էր նրանից։ Էռնին կարծում է, թե իր մեքենան նստողը խելագար է, ճանապարհին թաքուն իմաց է տալիս ոստիկան Բերտին (Ուորդ Բոնդ)։ Նա գալիս է իր տուն՝ հանդիպելու Մերիին և երեխաներին, սակայն նոր տան փոխարեն այնտեղ այժմ նախկին հին տունն էր, որտեղ ոչ ոք չէր բնակվում։ Այդ ժամանակ հայտնվում է Կլարենսը և ասում, որ սա քո տունը չէ, քանի որ դու չես ծնվել այստեղ, իսկ տանը երկար տարիներ ոչ ոք չի բնակվել, Կլարենսը նաև ասում է, որ Մերին այժմ աշխատում է քաղաքի գրադարանում։
Բերտը ցանկանում է ձերբակալել նրանց, սակայն Ջորջը փախչում է, և Բերտը ցանկանում է ձեռնաշղթաներ դնել Կլարենսի ձեռքերին։ Այդ ժամանակ Կլարենսը բարձրաձայն օգնության է կանչում Հովսեփին, և վերջինս այնպես է անում, որ Կլարենսը պարզապես անհետանում է ոստիկանի ձեռքից՝ հայտնվելով այլ վայրում։
Ջորջը գտնում է Մերիին, սակայն նա էլ չի ճանաչում իրեն, ով այդպես էլ չէր ամուսնացել փաստորեն, ու երբ լսում է Ջորջի այն խոսքերը, թե նա իր ամուսինն է՝ ուշաթափվում է։
Հասկանալով որ Կլարենսը իրոք ճիշտ էր, Ջորջը խնդրում է նրան վերադարձնել պատմությունը և շրջել ժամանակը հետ շրջել։ Կլարենսը ասում է.- «Ջորջ, քեզ վիճակվեց տեսնել, թե ինչպիսին կլիներ աշխարհն առանց քեզ», ապա փոխում է ժամանակի ընթացքը։ Ջորջն արագորեն հայտնվում է տանը, որտեղ հանդիպում է ընկերությունը ստուգող հաշվապահին և քաղաքի դատախազին, ովքեր եկել էին ձերբակալելու իրեն։
Սակայն անսպասելիորեն նրանց տուն են գալիս քաղաքի գրեթե բոլոր բնակիչները, ում ժամանակին օգնել էր Ջորջը և յուրաքանչյուրը իր խնայողություններից տրամադրում է Ջորջին՝ վերականգնելու ընկերության հաշիվները։ Պարզվում է, որ դա կազմակերպել էր իր կինը՝ Մերին, ով բոլորից օգնություն էր խնդրել Ջորջի համար, իսկ նրանք չէին մերժել։ Տեսնելով այդ ամենը շերիֆը անվավեր է ճանաչում նրա ձերբակալման ակտը՝ պատռելով այն։ Ֆիլմն այդպիսով երջանիկ ավարտ է ունենում, իսկ Ջորջը տեսնում է Կլարենսի գիրքը՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», որի վրա գրված է.
«Սիրելի Ջորջ, հիշիր, նա ով ընկերներ ունի, երբեք չի մնա դժբախտության մեջ։ Շնորհակալություն թևերի համար։ Սիրով, Կլարենս»։
Ու հենց այդ ժամանակ լսվում է զանգի ղողանջ ու Ջորջի աղջիկ Զուզուն ասում է. - Նայիր հայրիկ, զանգ է ղողանջում, ուսուցիչս ասում է, «Ամեն անգամ երբ զանգ է ղողանջում, մի հրեշտակ թևեր է ստանում»։
Գլխավոր դերեր
Երկրորդական դերեր
Էպիզոդային դերեր
Ջորջի ու Մերիի երեխաներ
Գլխավոր հերոսների մանուկ հասակի դերեր
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը ընդգրկված է հետևյալ տեղերում.
Ֆիլմի նկարահումների և պատմության մասին Ամերիկացի գրող Ստեֆան Կոքսը գիրք է գրել, որտեղ նա հավաքագրել է ֆիլմի ստեղծման մասին շատ պատմություններ։
Ֆիլմի մասին նկարահանվել են վավերագրական ֆիլմեր։ Դրանք են 1990 թվականին «Այս հրաշալի կյանքը ֆիլմի» ստեղծումը»[34] և 1991 թվականին «Ֆրենկ Կապրայի անձնական հիշողությունները «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի մասին»[35] հեռուստատեսային վավերագրական ֆիլմերը։
Ֆիլմը նկարահանված է 35 մմ-անոց սև-սպիտակ ժապավենի վրա, սֆերիկ նկարահանման մեթոդով, 1.37 : 1 ֆորմատով, մոնո ձայնային էֆեկտով։
Ֆիլմի նկարահանվել է մոտ 3 ամսում, նկարահանումները սկսվել են 1946 թվականի ապրիլի 15-ին և ավարտվել հուլիսի 27-ին։ Նկարահանումները հիմնականում են արվել RKO Radio Pictures-ի նկարահանման հրապարակում։ Հատուկ ֆիլմի համար պատրաստվել է Բեդֆորդ Ֆոլզ քաղաքի դեկորացիաները։
Հիմնական նկարահանման վայրերն են՝
Ֆիլմի գունավոր տարբերակի պատրաստման համար ռեժիսոր Ֆրենկ Կապրան հանդիպում է ունենում ֆիլմի գունավորման Colorization Inc. ընկերության նախագահ Վիլսոնի Մարկլի հետ, ով ոգևորությամբ է ընդունում Կապրայի առաջարկը։ Ընկերության գեղարվեստական տնօրեն Բրայան Հոլմսը փորձնական պատրաստում է ֆիլմից 10 րոպեանոց գունավորված կադր։ Այն արժանանում է Կապրայի հավանությանը, և նա այդ ընկերության հետ ցանկանում է կնքել պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի, սկզբում ընկերությանը պետք է վճարվեր պահաջվող գումարի մի մասը՝ 260, 000 $, իսկ մնացածը ընկերությունը կստանար ֆիլմի շահույթից։ Այս ընկերությունը մինչ այդ գունավորել էր Հոլիվուդյան երկու սև-սպիտակ հայտնի ֆիլմ՝ «Հանդիպում Ջոն Դոուի հետ» (1941) և «Լեդի մեկ օրով» (1933)։
Սակայն պայմանավորվածության ժամանակ առաջացած խնդիրների հետևանքով այդ նախագիծը չի կայանում։
Ֆիլմը հետագայում երեք անգամ թողարկվել է գունավորված տարբերակով։
Բյուջեն ըստ պաշտոնական տվյալների կազմել է 3, 180, 000 $, չնայած ըստ ֆիլմի պատմաբան Ստեֆան Կոքսի օրիգինալ բյուջեն եղել է 3, 000, 000 $[37]: Կինովարձույթում ֆիլմը ԱՄՆ-ում ունեցել է 3, 300, 000 $ եկամուտ։
Ուիքենդի շահույթներ
Ընդհանուր շահույթներ
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, 1946 թվականին։ Շատ երկրներում ֆիլմի պրեմիերան կայացել է ավելի ուշ։ Մի քանի անգամ տարբեր երկրներում կայացել է նաև ֆիլմի հետահայաց ցուցադրություն[38]։
Ֆիլմում բացի ֆիլմի համար Դմիտրի Տյոմկինի գրված երաժշտություններից հնչում են նաև Ամերիկյան ու այլ ժողովուրդների ազգային ժողովրդական երգեր ու մեղեդիներ, նաև հատվածներ համաշխարհային երաժշտական ստեղծագործություններից[39]։ Դրանք են.
անվանում | հեղինակ | թվական | ֆիլմի տեսարանում |
---|---|---|---|
«Buffalo Gal (Won't You Come Out Tonight)» | Ուիլյամ Քուլ Ուայթ | դպրոց, նաև մի քանի այլ կադրերում ևս | |
«Adeste Fidelis (O Come All Ye Faithful)» | Ջոն Ռիդին | ֆիլմի սկզբում | |
«Charleston» | Ջեյմս Ջոնսոն | 1923 | դպրոցում պարի ժամանակ |
«My Wild Irish Rose» | Չոնս Օլկոտտ | 1899 | Թոմաս Միտչելի հերոսի՝ Բիլլի կատարմամբ |
«Հարսանեկան քայլերգ» | Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդի | 1843 | Ջորջի և Մերիի ամուսնության ժամանակ |
«I Love You Truly» | Քերիի Ջակոբս Բոնդ | 1906 | երգում են Բերտը (Ուորդ Բոնդ) և Էռնին (Ֆրենկ Ֆայլեն) |
«This Is the Army, Mr. Jones» | Իրվինգ Վերլին | 1943 | պատերազմի սկսվելու տեսարաններ |
«When Johnny Comes Marching Home» | Լուիս Լամբերտ Պատրիկ Սառսֆիլդ Գիլմոր | 1863 | պատերազմի ավարտվելու տեսարաններ |
«Hark! The Herald Angels Sing» | Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդի բառերի հեղինակ՝ Չառլզ Ուեսլի նվագում է՝ Քերոլ Կումբսը | 1856 | Բեյլիենց տանը տոնակատարության ժամանակ |
«Auld Lang Syne» | բառերի հեղինակ՝ Ռոբերտ Բառնս (ավանդական շոտլանդական բալլադ) | 1788 | ֆիլմի ավարտի տեսարան |
«Twinkle, Twinkle, Little Star» | ժողովրդական երգ | հնչում է հրեշտակի թեմաների ժամանակ | |
«Vieni, vieni» | երաժշտություն՝ Վինսենթ Սքոթ բառերը՝ Հենրի Վերնա և Ջորջ Կուգեր կատարում է՝ Թինո Ռոսսին | 1884 | հնչում է Մարտինիի սրճարանում |
«Avalon» | Վինսենթ Ռոուզ (Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայից) | 1920 | երբ Ջորջը մոր հետ խոսում է տան շքամուտքում |
Ֆիլմի նկարահանումների, ստեղծագործական անձնակազմի և ստեղծման հետ կապված շատ տեղեկություններ կան.
«Այս հրաշալի կյանքը» ֆիլմը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային և հատկապես ամերիկյան կինոարվեստի վրա, այն բազմիցս հիշատակվում է շատ այլ ֆիլմերում, սերիալներում և մուլտֆիլմերում, նաև ֆիլմից կադրեր են տեղ գտել այլ ֆիլմերում։
Դրանցից են.
Ֆիլմը երկու անգամ էկրանավորվել է որպես հեռուստատեսային ֆիլմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.