Անասնաբուծություն
From Wikipedia, the free encyclopedia
Անասնաբուծություն, գյուղատնտեսական գիտություն և բնագավառ, որը զբաղվում է գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝ անասնաբուծական մթերքների արտադրության համար։ Անասնաբուծության մեջ են մտնում նաև գյուղատնտեսական կենդանիների աճեցումը և բազմացումը։
Իրենց նշանակությամբ հատկապես աչքի են ընկնում կաթնատու և մսատու տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը։ Անասնաբուծական մթերքների արտադրության մեջ այդ ճյուղերի բաժինը կամում է ավելի քան 90%։ Անասնաբուծության զարգացումով մեծ մասամբ որոշվում է բնակչության սննդի լիարժեքությունը՝ կենդանական սպիտակուցի սպառման գործում։ Անասնաբուծական ծագում ունեցող բոլոր մթերքները (միս, կաթ, յուղ, ձու և այլն) աչքի են ընկնում բարձր կալորիականությամբ և սննդային արժեքով։
Անասնաբուծությունն անհրաժեշտ հումք է մատակարարում նաև վերամշակող արդյունաբերությանը՝ սննդի, տեքստիլ, կաշվի և մի քանի այլ ճյուղերի։ Կարող է կարևոր նշանակություն ունենալ տվյալ երկրի արտադրողական ուժերի զարգացման գործում։