օպերա From Wikipedia, the free encyclopedia
Անուշ, հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Երաժշտությունը և լիբրետոն Արմեն Տիգրանյանի (ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի)։ «Անուշ» օպերան գրվել է 1908-1912 թվականների ընթացքում, բայց հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել տեքստի մեջ։ Արմեն Տիգրանյանը հիմնականում աշխատում էր իր հայրենի Ալեքսանդրապոլում։ Դեռ ամենասկզբում, 1908 թվականին առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով[1]։
Սոպրանո երգչուհի Անահիտ Մխիթարյանը Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի գլխավոր դերում | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Արմեն Տիգրանյան |
Լիբրետտոյի հեղինակ | Արմեն Տիգրանյան |
Սյուժեի աղբյուր | Անուշ |
Գործողությունների քանակ | 5 (7 նկար) |
Գործողության տեղ | Տաշիր և Հայաստան |
Գործողության ժամանակ | 19-րդ դար |
Ստեղծման տարեթիվ | 1912 |
Առաջնախաղի տարեթիվ | օգոստոսի 4 (17), 1912 |
Առաջնախաղի վայր | Ալեքսանդրապոլ |
Հրատարակման տարեթիվ | 20-րդ դար |
Anoush opera Վիքիպահեստում |
Պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին։ Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը։ Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր։ Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած։ Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար։ Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին։ Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ։ Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը։
Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց։ Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա։ Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով։ Շուտով Արմեն Տիգրանյանն՝ իր փոքրիկ թատերախմբի հետ միասին, շրջագայեց Հայաստանի, Ռուսաստանի և Անդրկովկասի քաղաքներում։ Օպերան հիացմունքով ընդունվեց Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում ու Բաքվում։
Իսկ արդեն նվագախմբի լրիվ կազմով, պրոֆեսիոնալ կատարողներով «Անուշ»-ը ներկայացվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 50-ամյակի առթիվ 1919 թվականին՝ Թիֆլիսի Արտիստական թատրոնում և Արմեն Տիգրանյանի ղեկավարությամբ։ Դրանից հետո օպերան ներկայացվեց նաև արտասահմանի բազմաթիվ հայաշատ բնակավայրերում՝ թափանցելով ժողովրդի կենցաղի մեջ։ 1970-ական թվականներին «Անուշը» դիտեցին նաև Փարիզում և Մարսելում։
Մի առիթով Տիգրանյանն ասել է. «Մի բան պարզ էր՝ հայկական օպերան չպետք է կրկներ եվրոպականը։ Նա պետք է լիներ յուրօրինակ, ազգային և մոտ ժողովուրդին»։
Օպերան մշտապես ընդգրկված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում։ Գլխավոր դերում՝ Սոֆիա Սայադյան, Հասմիկ Թորոսյան, Սյուզաննա Մելքոնյան, Օֆելիա Համբարձումյան, Մերի Մովսիսյան[2], Լուսինե Մակարյան, Աննա Այվազյան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.