Անօրգանական քիմիա
From Wikipedia, the free encyclopedia
Անօրգանական քիմիա, գիտություն, որն ուսումնասիրում է քիմիական տարրերի և միացությունների հատկությունները՝ կախված ատոմների և մոլեկուլների կառուցվածքից (ածխածնի միացությունները, բացի մի քանի պարզերից, իրենց յուրահատկությունների և բազմազանության պատճառով ուսումնասիրվում են օրգանական քիմիայում)։ Զբաղվում է նաև քիմիական կապի, արժեքականության, ատոմների և մոլեկուլների կառուցվածքի հետազոտմամբ, նոր նյութերի ստացման ու հատկությունների գիտական կանխատեսմամբ և տեխնիկայի պահանջները բավարարող (քիմիապես կայուն, ջերմակայուն և այլն) նյութերի ստացման եղանակների մշակմամբ։ Մեթոդների և հետազոտվող օբյեկտների բազմազանության պատճառով անօրգանական քիմիան սերտորեն կապված է բնությունն ուսումնասիրող այլ գիտությունների (երկրաբանություն, երկրաքիմիա, ֆիզիկա, կենսաբանություև, աստղաքիմիա և այլն) հետ։
Անօրգանական քիմիան օգտագործում է ֆիզիկայի, բյուրեղագիտության, վերլուծական քիմիայի, ֆիզիկական քիմիայի տեսական հիմունքները և փորձարարական եղանակները։ Անօրգանական քիմիաի ժամանակակից տեսության հիմքում ընկած են քվանտային տեսությունը, ալիքային մեխանիկան, ատոմի միջուկի տեսությունը, պարբերական օրենքը, մոլեկուլային օրբիտալների տեսությունը, կոորդինացիոն միացությունների տեսությունը, ինչպես նաև միացությունների տարածական կառուցվածքի, էլեկտրական և մագնիսական հատկությունների, կլանման և առաքման սպեկտրների ուսումնասիրությունները։