Ապոլլոն
From Wikipedia, the free encyclopedia
Ապոլլոն (հին հունարեն՝ Ἀπόλλων) կամ Ֆոյբոս (հին հունարեն՝ Φοῖβος, «լուսափայլ»), հին հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկը, Զևսի և Լետոյի որդին, Արտեմիս աստվածուհու եղբայրը։
- Այս հոդվածը դիցարանի աստծո մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ապոլլոն (այլ կիրառումներ)։
Համարվում էր` լույսի, արևի, բնության, պայծառ սկզբնավորման աստվածը, արվեստների հովանավոր, մուսաների առաջնորդ (դրա համար նրան անվանում էին Ապոլլոն Մուսեգետես (հունարեն՝ Μουσηγέτης))։
Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում։ Նրա մայրը՝ Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել։ Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալքիների վրա։ Լետոյի՝ Դելոս բարձրանալուն պես ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին։ Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչև օրս։ Դելոսի շուրջբոլորը շառաչում է ծովը։ Անձուկ տեսքով բարձրացել էին Դելոսի ժայռերը՝ մերկ ու ամայի, առանց նվազագույն բուսականության։ Միայն ծովային ճայերն էին, որ ապաստան էին գտնում այդ ժայռերի վրա, և իրենց տխուր կանչերով լցնում կղզին։ Բայց ահա ծնվեց լույսի աստված Ապոլլոնը, և ամենուրեք հորդած պայծառ լույսի հեղեղը։ Նորածին աստծուն բարձրագոչ փառաբանեցին Դելոս կղզում հավաքված աստվածները՝ նրան ամբրոսիա և նեկտար մատուցելով։ Ամբողջ բնությունը, աստվածուհիների հետ մեկտեղ, ցնծության մեջ էին։ Ուշ շրջանում Ապոլլոնի պաշտամունքի մեջ դեռևս պահպանվել էին տոտեմիզմի հետքեր։ Այսպես Արկադիայում տոնում էին գյուղատնտեսության տոնը։ Ապոլլոնը այդ խնջույքների ժամանակ հանդես էր գալիս ոչխարի կերպարանքով։ Նա հին ժամանակաշրջանում հոտերի պահապան աստվածությունն էր։
Նրա պաշտամունքի հետքերը տանում են դեպի Փոքր Ասիա։ Ապոլլոնը հետզհետե դառնում է աղեղնավոր, ռազմիկ-աստված։