Ավասկուլյար նեկրոզ
From Wikipedia, the free encyclopedia
Ավասկուլյար նեկրոզը (անոթազուրկ մեռուկ), որը նաև կոչվում է նաև օստեոնեկրոզ կամ ոսկրային ինֆարկտ, ոսկրային հյուսվածքի մահը արյունամատակարարման կորստի հետևանքով[2]։ Վաղ փուլերում որևէ ախտանիշ կարող է չդիտվել[2]։ Սակայն աստիճանաբար կարող է առաջանալ հոդի շրջանում ցավ, որը կարող է սահմանափակել շարժումները[2]։ Որպես բարդություն՝ կարող է առաջանալ ոսկրի կամ մոտակա հոդի հոդամակերեսի կոլլապս[2]։
Ավասկուլյար նեկրոզ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | Նեկրոզ[1] |
Բժշկական մասնագիտություն | Օրթոպեդիա |
Aseptic osteonecrosis Վիքիպահեստում |
Ռիսկի գործոններից են՝ կոտրվածքները, հոդախախտերը, ալկոհոլիզմը և բարձր դոզաներով ստերոիդ հորմոնների օգտագործումը[2]։ Սակայն այս ախտաբանական վիճակը կարող է առաջանալ նաև առանց որևէ ակնհայտ պատճառի[2]։ Ամենից հաճախ ախտահարվող ոսկրն ազդրոսկրն է[2]։ Ավասկուլյար նեկրոզը համեմատաբար հաճախ է տեղի ունենում նաև բազկոսկրում, ծնկան, ուսի և կոճի շրջաններում[2]։ Որպես օրենք՝ ախտորոշումը կատարվում է ճառագայթաբանական հետազոտությունների միջոցով՝ ռենտգենագրություն, համակարգչային կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն[2]։ Հազվադեպ կիրառվում է բիոպսիա[2]։
Բուժման մեջ կարող են կիրառվել դեղամիջոցներ, բժիշկը կարող է նաև պացիենտին խորհուրդ տալ կատարել հատուկ վարժություններ և քայլելիս չծանրաբեռնել վնասված ոտքը[2]։ Սակայն դեպքերի մեծ մասում ի վերջո հարկ է լինում կատարել վիրահատություն, որը կարող է լինել հետևյալներից որևէ մեկը․ ախտահարման օջախի դեկոմպրեսիա (ապաճնշում), օստեոտոմիա, ոսկրային տրասնպլանտատների կիրառում կամ հոդի էնդոպրոթեզավորում[2]։ ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտ 15 000 դեպք[3]։ Այս ախտահարումն առավել հաճախ հանդիպում է 30-50 տարեկան անձանց մոտ[4], տղամարդկանց մոտ ավելի հաճախ, քան՝ կանանց[3]։