Արարատ
լեռ Թուրքիայում / From Wikipedia, the free encyclopedia
Արարատ (ավանդական հայերեն՝ Սիս և Մասիս) հանգած հրաբուխ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[3]։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է[4]։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արարատ | |
---|---|
Արարատը Արտաշատ քաղաքից | |
Տեսակ | լեռ և տեսարժան վայր |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածքային միավոր | Աղրըի մարզ |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 5137 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 3611 մետր[2] |
Վերջին ժայթքում | 1840 |
Առաջին վերելք | 1829 թ-ի սեպտեմբերի 27 Ֆրիդրիխ Պարրոտ Խաչատուր Աբովյան |
Սմիթսոնիան կոդ | 213040 |
«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։
Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է Արարատի վրա։ Հին Կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռների» վրա։
Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Մեծ տեղ ունի հայ գրականության և մշակույթի մեջ։ Նոյյան տապանի հետ այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվել է Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում, որի համար էլ համարվում է հայերի պատմական հայրենիքի մի մասը։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»։
19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր հայկական պետականությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ հայկական ժամանակակից առաջին պետական կառույցը, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին, հաճախ անվանվել է Արարատյան Հանրապետություն կամ Արարատի Հանրապետություն, քանի որ այն կենտրոնացած էր Արարատյան դաշտում[5][6][7]։
Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Պատմության մեջ գրանցված լեռան առաջին հաջողված վերելքը գրանցվել է 1829 թվականին, երբ առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեքսեյ Զդոռովենկոն, Մատվեյ Չալպանովը։