Արհեստական բանականություն
From Wikipedia, the free encyclopedia
Արհեստական բանականություն կամ արհեստական ինտելեկտ (երբեմն նաև մեքենայական ինտելեկտ, անգլ.՝ artificial intelligence, AI), ի տարբերություն մարդուն և կենդանիներին հատուկ «բնական» բանականության, մեքենայի կողմից ցուցադրվող բանականություն։ Ինֆորմատիկայում ԱԻ հետազոտությունը սահմանվում է որպես «խելացի գործակալի» հետազոտություն՝ ցանկացած սարք, որն ընկալում է իր շրջակայքը և ձեռնարկում է գործողություններ, որոնք առավելագույնի են հասցնում հաջողությամբ նպատակին հասնելու նրա հնարավորությունները։ Կոպիտ ասած, «արհեստական ինտելեկտ» տերմինը կիրառվում է, երբ մեքենան իրականացնում է «ճանաչողական» գործառույթներ, ինչպես օրինակ «սովորելը» և «խնդիր լուծելը», որոնց մարդիկ սովորաբար ասոցացնում են «խելքի» հետ [1]։
Արհեստական ինտելեկտի հստակ սահմանները վիճարկելի են․ մեքենաները հետզհետե ավելի բարդ խնդիրներ լուծելու ունակ են դառնում և այն խնդիրները, որոնք նախկինում համարվում էին «ինտելեկտ» պահանջող, հաճախ տարանջատվում են «արհեստական ինտելեկտ» սահմանումից և համարվում զուտ ինժեներական խնդիրներ։ Ըստ այդմ, որոշ մասնագետներ գտնում են, որ «արհեստական ինտելեկտ է այն խնդիրը, որը դեռ չի լուծվել» (AI is whatever hasn't been done yet)[2]։ Օրինակ, գրանշանների օպտիկական ճանաչումը հաճախ արդեն չի դասակարգվում «արհեստական ինտելեկտի» խնդիրների շարքին և համարվում է «սովորական» տեխնոլոգիա[3]։ Արհեստական ինտելեկտի դասին վերագրվող և մեքենաների կողմից որոշակի հաջողությամբ իրականացվող ժամանակակից խնդիրներից են մարդկային խոսքի ճանաչումը, պատկերների ճանաչումը, բարձր մակարդակի ռազմավարական խաղեր խաղալը [4] (ինչպես շախմատը, պոկերը և Go խաղը)[5], ինքնավար (առանց վարորդի) ավտոմեքենաները, բովանդակության բաշխման ցանցերը և ռազմական սիմուլյացիաները։
Արհեստական բանականությունը որպես ակադեմիական ուղղություն ստեղծվել է 1956 թվականին և տարիների ընթացքում լավատեսության մի քանի ալիքներ է ունեցել[6],>[7] որոնց հետևել են հիասթափություն և ֆինանսավորման կորուստ (հայտնի որպես «արհեստական ինտելեկտի ձմեռ»)[8][9], այնուհետ նոր մոտեցումներ, հաջողություն և նորացված ֆինանսավորում[7][10]։ Իր պատմության մեծ մասի ընթացքում արհեստական ինտելեկտը բաժանվել է մի քանի ենթաճյուղերի, որոնք հաճախ հակասությունների մեջ են միմյանց հետ[11]։ Այդ տարաձայնությունները պայմանավորված են տեխնիկական նկատառումներով (օրինակ ռոբոտաշինություն թե՞ մեքենայական ուսուցում)[12], մեթոդաբանությամբ (տրամաբանական ինտելեկտ թե՞ արհեստական նեյրոնային ցանց) կամ ավելի խոր փիլիսոփայական խնդիրներով[13][14][15]։ Մոտեցումների տարբերությունները երբեմն պայմանավորված են նաև սոցիալական գործոննեով (կոնկրետ հաստատություններ կամ կոնկրետ հետազոտողների աշխատանքներ)[11]։
Արհեստական բանականության ավանդական խնդիրները (կամ նպատակները) հիմնականում նեղ և մասնավոր դեպքերի են վերաբերում․ այդ խնդիրների շարքում են՝ գիտելիքի ներկայացումը, ավտոմատացված պլանավորումը, մեքենայական ուսուցումը, բնական լեզվի մշակումը, մեքենայական ընկալումը, օբյեկտների տեղաշարժի ճանաչումը և փոխազդելու ունակությունը[12]։ «Ընդհանուր արհեստական ինտելեկտը», այսինքն բազմազան խնդիրների միաժամանակյա վերլուծությունը և լուծումը, ըստ որոշ մասնագետների, երկարաժամկետ նպատակների թվում է[16]։ Արհեստական ինտելեկտի մոտեցումները ներառում են վիճակագրական մեթոդներ, համակարգչային ինտելեկտ և ավանդական սիմվոլիկ արհեստական ինտելեկտ։ Օգտագործվում են շատ գործիքներ․ որոնում և մաթեմատիկական օպտիմիզացիա, արհեստական նեյրոնային ցանցեր և վիճակագրության և հավանականությունների տեսության վրա հիմնված մեթոդներ։ Արհեստական ինտելեկտի զարգացումը հիմնված հաշվողական գիտության, մաթեմատիկայի, լեզվաբանության, հոգեբանության, փիլիսոփայության, տրամաբանության, խաղերի տեսության և շատ այլ գիտական ուղղությունների վրա։
Ճյուղը հիմնվել է այն դրույթից ելնելով, որ մարդու բանականությունը «հնարավոր է ճշգրիտ նկարագրել, այնպես որ հնարավոր է մեքենա ստեղծել, որ այն նմանակի»[17]։ Սա բարձրացնում է մտքի բնույթի և մարդկային ինտելեկտով օժտված արհեստական էակների ստեղծման էթիկայի փիլիսոփոյական փաստարկները, որոնք խնդիրներ էին, որ ուսումնասիրվել են միֆերի, ֆանտաստիկայի և փիլիսոփայության մեջ անտիկ ժամանակներից ի վեր[18]։ Ոմանք արհեստական ինտելեկտի առաջընթացը դիտարկում են որպես վտանգ մարդկության հանդեպ[19]։ Մյուսները կարծում են, որ ի տարբերություն նախորդ տեխնոլոգիական հեղափոխությունների, կբերի զանգվածային գործազրկության[20]։
Քսանմեկերորդ դարում, հաշվարկային հզորության, տվյալների հսկայական քանակության և տեսական ընկալման բնագավառների զուգահեռ առաջընթացից հետո, արհեստական ինտելեկտի մեթոդները վերածնունդ ապրեցին, և ԱԻ մեթոդները տեխնոլոգիական ինդուստրիայի էական բաղկացուցիչը դարձան, օգնելով լուծել համակարգչային գիտության, մաթապահովման նախագծման և գործողությունների հետազոտման դժվար խնդիրները[10][21]։