Ար-դեկո
From Wikipedia, the free encyclopedia
Ար-դեկո[1] կամ արտ-դեկո[2][3] (ֆր.՝ art déco, բառացի՝ դեկորատիվ արվեստ, 1925 թվականի փարիզյան ցուցահանդեսի անունից ֆր.՝ Exposition Internationale des Arts Décoratifs et Industriels Modernes), ազդեցիկ ուղղություն կերպարվեստում և դեկորատիվ արվեստում 20-րդ դարի առաջին կեսին։ Ուղղությունն առաջացել է Ֆրանսիայում 1920-ական թվականներին, իսկ 1930-1940-ական թվականներին միջազգային ճանաչում ձեռք բերեց՝ դրսևորվելով ճարտարապետության, նորաձևության, գեղանկարչության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն դադարեց ակտուալ լինելուց։ Սա էկլեկտիկ ոճ է, որն իրենից ներկայացնում է մոդեռնիզմի և նեոկլասիցիզմի համադրում։ Ար-դեկո ոճը իր զգալի ազդեցությունն է ունեցել նկարչական այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են կուբիզմը, կոնստրուկտիվիզմը և ֆուտուրիզմը։
Ար-դեկոյի տարբերակիչ առանձնահատկություններն են խիստ օրինաչափությունը, երկրաչափական համարձակ ձևերը, երկրաչափական էթնիկ նախշերը, գունային հարստությունը, զարդապատկերների առատությունը, շքեղությունը, ժամանակակակից թանկարժեք նյութերը՝ փղոսկր, կոկորդիլոսի կաշի, ալյումին, հազվագյուտ ծառատեսակներ, արծաթ։ ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում ար-դեկո ոճը աստիճանաբար զարգացավ դեպի ֆունկցիոնալիզմ։