Աֆղանստան
From Wikipedia, the free encyclopedia
Աֆղանստան (փուշթու/դարի՝ افغانستان, փուշթու՝ Afġānistān [avɣɒnisˈtɒn, ab-][7], դարի՝ Afġānestān [avɣɒnesˈtɒn]), պաշտոնական անվանումը Աֆղանստանի Իսլամական Էմիրություն, դեպի ծով ելք չունեցող, մասամբ ճանաչված պետություն Հարավային Ասիայում[8]։ Աֆղանստանը հարավից և արևելքից սահմանակից է Պակիստանին, արևմուտքից՝ Իրանին, հյուսիսից՝ Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, հյուսիս-արևելքից՝ Չինաստանին։ Տարածքը կազմում է մոտ 652 000 կմ2, որի մեծ մասը Հինդուքուշ լեռնաշղթան է[9]։ Քաբուլը պետության ամենամեծ քաղաքն ու մայրաքաղաքն է։
փուշթու՝ فغانستان դարի՝ افغانستان Աֆղանստանի Իսլամական Էմիրություն |
|||
---|---|---|---|
|
|||
|
|||
Մայրաքաղաք | Քաբուլ | ||
Ամենամեծ քաղաք | Քաբուլ | ||
Պետական լեզուներ | փուշթու, դարի | ||
Կառավարում | կրոնապետություն | ||
- | Ամիր ալ-մումանին | Ախունդզադա Հայբաթուլա | |
- | Նախագահ | Աբդուլ Հանի Բարադար | |
Տարածք | |||
- | Ընդհանուր | 652,864 կմ² (47-րդ) | |
- | Ջրային (%) | աննշան | |
Բնակչություն | |||
- | 2015 նախահաշիվը | 38,928,011 (47-րդ) | |
- | 2011 մարդահամարը | 29,757,566[1] | |
- | Խտություն | 50 /կմ² (153-րդ) 129 /մղոն² |
|
ՀՆԱ (ԳՀ) | 2015 գնահատում | ||
- | Ընդհանուր | $39.174 միլիարդ[2] (96-րդ) | |
- | Մեկ շնչի հաշվով | $1,224[2] (164-րդ) | |
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | ||
- | Ընդհանուր | $23.227 միլիարդ[3] (106-րդ) | |
- | Մեկ շնչի հաշվով | $726[4] (72-րդ) | |
Ջինի (2008) | 27.8[5] (միջին) | ||
ՄՆԶԻ (2013) | 0.468[6] (բարձր) (169th) | ||
Արժույթ | Աֆղանի (AFN) | ||
Ժամային գոտի | +4:30 | ||
Ազգային դոմեն | .af | ||
Հեռախոսային կոդ | +93 |
Աֆղանստանում մարդկության բնակության փաստերը սկսվում են միջին պալեոլիթի ժամանակաշրջանից․ այն գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա, որով էլ կապ է հաստատել Միջին Արևելքի և Ասիայի մնացյալ մասերի հետ։ Այս տարածքում բնակվել են ամենատարբեր ժողովուրդներ, և այն եղել է բազմաթիվ ռազմական արշավանքների թատերաբեմ, այդ թվում Ալեքսանդր Մակեդոնացու, Մաուրյանների, մուսուլման արաբների, մոնղոլների, բրիտանացիների, Խորհրդային Միության և 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների։ Այն կոչվել է «անհաղթելի»[10][11] և համարվել է «կայսրությունների գերեզմանոց»[12]։ Այս տարածքում են ծագել և հսկայական կայսրություններ ստեղծել քուշաները, հեփթաղները, սամանիները, սաֆարիները, ղազնևիները, ղուրիները, խալաջիները, մուղալները, հոտաղները, դուրանիները և այլն[13]։
Ժամանակակից Աֆղանստանի քաղաքական պատմությունը սկսվել է 18-րդ դարում Հոտաղ և Դուրանի դինաստիաների օրոք։ 19-րդ դարի վերջերին Աֆղանստանը դարձել է բուֆերային պետություն՝ հայտնվելով Բրիտանական Հնդկաստանի և Ռուսական կայսրության «Մեծ Խաղի» միջև։ Բրիտանական Հնդկաստանի հետ Աֆղանստանի սահմանը Դուրանդի գիծն էր, որը սահմանվել էր 1893 թվականին բրիտանացի դիվանագետ Դուրանդի կողմից։ Այս սահմանը չի ընդունվում աֆղանական կառավարության կողմից և 1947 թվականին Պակիստանի անկախության հռչակումից հետո բազմաթիվ հակամարտությունների պատճառ է դարձել։ 1919 թվականի Անգլո-աֆղանական երրորդ պատերազմից հետո պետությունն ազատվել է արտաքին ազդեցությունից և Ամանուլլահ թագավորի գլխավորությամբ դարձել միապետություն, մինչև որ 50 տարի անց Զահիր շահը գահընկեց է արվել և ստեղծվել է հանրապետությունը։ 1978 թվականին՝ Աֆղանստանում տեղի ունեցած երկրորդ հեղաշրջումից հետո, այն դարձել է սոցիալիստական պետություն, այնուհետև՝ Խորհրդային Միության պրոտեկտորատ։ Այս պատճառով 1980-ական թվականներին սկսվել է Խորհրդա-աֆղանական պատերազմը՝ մեկ կողմից մոջահեդ ապստամբների, մյուս կողմից Խորհրդային Միության և Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության զինված ուժերի միջև, որն ավարտվեց 1989 թվականին խորհրդային զորքերի դուրսբերմամբ։
1996-ից մինչև 2001 թվականը Աֆղանստանի տարածքի մեծ մասը գրավված է եղել իսլամական ֆունդամենտալիստական Թալիբան խմբավորման կողմից, որը ամբողջատիրական վարչակարգ հաստատեց երկրում։ 2001 թվականին ՆԱՏՕ-ի գլխավորությամբ կոալիցիային հաջողվել է դուրս մղել Թալիբանին և երկրում ստեղծվել է ժողովրդավարական սկզբունքով ընտրված կառավարություն։ Չնայած դրան՝ Թալիբանը շարունակեց իր ձեռքի տակ պահել երկրի կարևոր հատվածներ[14]։
2021 թվականին Թալիբանը վերագրավեց երկրի տարածքի ահռելի մեծ մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը[15]։
Աֆղանստանը ունիտար նախագահական իսլամական հանրապետություն է 31 միլիոն բնակչությամբ, որի մեծ մասը էթնիկ փուշթուներ են, տաջիկներ, հազարներ և ուզբեկներ։ Աֆղանստանը ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, 77-ի խմբի, Տնտեսական համագործակցության կազմակերպության և Չմիացած երկրների շարժման անդամ է։ Աֆղանստանի տնտեսությունը աշխարհում 108-րդն է իր 64,08 միլիարդ դոլար ՀՆԱ-ով։ Պետությունը մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով աշխարհում 186 պետությունների ցանկում 167-րդն է՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 2016 թվականի զեկույցի[16]։