Գիր
From Wikipedia, the free encyclopedia
Գիր կամ գրային համակարգ, բանավոր հաղորդակցման տեսողական պատկերման պայմանական միջոց։ Գիրն ստեղծվել է որևէ գաղափար, միտք կամ առհասարակ խոսք գրավոր եղանակով փոխանցելու համար[1]։ Իբրև մշակութային երևույթ՝ բանավոր խոսքի համեմատությամբ գիրը ի հայտ է եկել ավելի ուշ։ Հաղորդակցման աճող պահանջներին ի պատասխան՝ գիրն ստեղծել են հասարակական, մշակութային բարձր մակարդակ ունեցող ժողովուրդները։
Չնայած և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքը օգտագործվում են հաղորդում փոխանցելու համար, գրավոր խոսքը տարբերվում է բանավորից նրանով, որ ինֆորմացիայի պահպանման և փոխանցման համար ավելի հարմար և վստահելի միջոց է։ Գրային համակարգերը կոդավորելու և վերծանելու համար անհրաժեշտ է, որ գրողն ու ընթերցողը հասկանան այն կազմող նշանների ետևում թաքնված իմաստը։ Գրային համակարգերը լինում են այբուբենների, վանկային այբուբենների և լոգոգրաֆային համակարգերի տեսքով։ Այբուբենը ներառում է ձայնավորներից և բաղաձայններից բաղկացած տառերի համակարգ։ Այս դեպքում տառերը համապատասխանում են խոսքի հնչյուններին։ Վանկային այբուբենում յուրաքանչյուր նշան համապատասխանում է մեկ վանկի։ Լոգոգրաֆային համակարգում յուրաքանչյուր նշան արտահայտում է բառ, ձևույթ կամ իմաստային այլ միավոր։ Գրային համակարգի մեկ այլ տեսակ է աբջադը կամ բաղաձայնային գիրը, որը տարբերվում է սովորական այբուբեններից նրանով, որ այստեղ բացակայում են ձայնավոր հնչյունները։ Մեկ այլ տեսակ է աբուգիդան, որը հատվածային գրային համակարգ է, որում բաղաձայն-ձայնավոր հաջորդականությունները գրվում են որպես միավոր. յուրաքանչյուր միավոր հիմնված է բաղաձայն տառի վրա, իսկ ձայնավոր տառը երկրորդական է, ինչպես հնչյունատարբերիչ նշանը։ Այբուբենները սովորաբար կազմված են լինում 20-35 նշաններից, վանկային գրերը՝ 80-100, իսկ լոգոգրաֆային համակարգերը կարող են պարունակել հարյուրավոր նշաններ։
Գրային համակարգի նշանները որոշակի կայուն հաջորդականությունների հետ միասին կազմում են բառեր կամ հապավումներ՝ այդպիսով հաղորդելով իմաստ։ Նշանների մի հատուկ համակարգ, որը հայտնի է կետադրություն անվանմամբ, օգտագործվում է գրի նշանակությունը հստակեցնելու, կարգավորելու, ինչպես նաև ոճական երանգավորում հաղորդելու նպատակով։ Եթե գրավոր խոսքում այս ամենն արտահայտելու համար կիրառվում են կետադրական նշաններ, ապա բանավոր խոսքում դրանք արտահայտվում են հնչերանգի, դադարների, ձայնափոխումների, շեշտի միջոցով։ Գրավոր խոսքում կիրառվում են նաև տարբեր միջոցներ բանավոր խոսքի քերականական և շարահյուսական կանոններն արտահայտելու համար։
Մինչև գրային համակարգերը՝ օգտագործվում էին պատկերագրեր, գաղափարագրեր և հուշօգնիչ այլ նշաններ։ Այս նշանների միջոցով հնարավոր չէր արտահայտել ամբողջական մտքեր և գաղափարներ։ Գրային համակարգերի ստեղծումը (մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին՝ Նոր քարի դարի Բրոնզի դարում) թույլ տվեց մարդկությանը տեղեկատվությունն ավելի ճշգրտորեն արտահայտել և մնայուն դարձնել։ Գրի միջոցով մարդիկ ի վիճակի եղան հեռահաղորդակցվել։ Տպագրության հայտնագործումը սկիզբ դրեց մասսայական հաղորդակցմանը։
Լոգոգրաֆային գրային համակարգ կիրառող լեզվի համար այբբենական համակարգի ստեղծումը կոչվում է այբբենականացում։ Այդպիսի փորձ արվել է չինարենի լոգոգրաֆային համակարգի հետ, երբ այն փորձել են համապատասխանեցնել լատիներեն, արաբերեն գրերի և նույնիսկ թվերի հետ։ Այբբենականացման ամենահաճախ հանդիպող օրինակը լոգոգրաֆային համակարգը լատիներեն գրերով փոխարինելն է[2]։