Գլխուղեղ
From Wikipedia, the free encyclopedia
Գլխուղեղ, օրգան, նյարդային համակարգի կենտրոն ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի մոտ։ Միայն որոշ անողնաշարավորներ, ինչպիսիք են, օրինակ, սպունգները, մեդուզաները, ասցիդաները և ծովաստղերը, չունեն գլխուղեղ, փոխարենն ունեն ցրված կամ կենտրոնացած նյարդային հանգույցներ։ Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների՝ տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառության օրգանների մոտ։ Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից[2], որոնցից յուրաքանչյուրը սինապսներով կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ։ Այս նեյրոնները միմյանց հետ կապվում են աքսոններով, որոնցով ազդակները՝ գործողության պոտենցիալները, փոխանցվում են գլխուղեղի կամ մարմնի տարբեր հատվածներ։
Գլխուղեղ | |
---|---|
Շիմպանզեի գլխուղեղ Լոնդոնի գիտությունների թանգարանում | |
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | կենդանական օրգան, գլխուղեղ և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | գլուխ, կենտրոնական նյարդային համակարգ[1] և neurovascular system? |
Կազմված է | առաջային ուղեղ[1], միջին ուղեղ[1], ուղեղաբուն[1] և հետին ուղեղ[1] |
Անատոմիական տեղայնացում | cranial cavity? |
Միանում է | Ողնուղեղ, Տեսողական նյարդ և cranium? |
Մասնագիտություն | նյարդագիտություն |
Տաքսոն | երկկողմանի համաչափ կենդանիներ |
MeSH | A08.186.211 |
Terminologia Anatomica 98 | A14.1.03.001 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889) և 1911 Encyclopædia Britannica |
Brain Վիքիպահեստում |
Ֆիզիոլոգիական տեսակետից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։ Գլխուղեղն իր գործունեությունն իրականացնում է մկանային ակտիվության կառավարմամբ և քիմիական հատուկ միացությունների՝ հորմոնների սինթեզով։ Այս կենտրոնացված կառավարումը թույլ է տալիս առաջացնել արագ և համակարգված պատասխաններ՝ արտաքին միջավայրի փոփոխություններին համապատասխան։ Պատասխան ռեակցիայի ավելի պարզ տեսակները, օրինակ, ռեֆլեքսները կարող են միջնորդավորվել ողնուղեղով կամ ծայրամասային հանգույցներով, բայց ավելի նպատակային վարքային կառավարման համար անհրաժեշտ է կենտրոնացված կառավարում՝ հիմնված զգայական համակարգերի տվյալների վրա, որն ապահովում է գլխուղեղը։
Գլխուղեղի բջիջների աշխատանքը որպես առանձին միավորներ լավ ուսումնասիրված է, սակայն թե ինչպես են նրանք համակարգված ձևով աշխատում միլիոններով, դեռևս հստակ պարզ չէ[3]։ Ժամանակակակից նյարդաբանության վերջին մոդելները գլխուղեղին վերաբերում են ինչպես կենսաբանական համակարգչի, որը չնայած էլեկտրոնային համակարգչից տարբեր է իր մեխանիզմով, բայց նման է այն առումով, որ այն տեղեկատվություն է հավաքում արտաքին աշխարհի մասին, պահպանում և մշակում այն տարբեր եղանակներով՝ էլեկտրական համակարգչի կենտրոնական պրոցեսորի համանմանությամբ (CPU)։