Դիլիջան
քաղաք Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Դիլիջան, նախկինում անվանվել է նաև Դելիջան, հանգստավայրային և առողջարանային բնակավայր (քաղաքային համայնք) Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոն Իջևանից 36 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Աղստև գետի ափին՝ ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա։ Բնակավայրը շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով, որի արդյունքում էլ տեղացիների կողմից հաճախ անվանվում է «Հայկական Շվեյցարիա» կամ «Փոքր Շվեյցարիա»։ Համարվում է Հայաստանի ամենանշանավոր հանգստավայրերից մեկը, որը անմիջականորեն հարում է «Դիլիջան ազգային պարկ» բնության հատուկ պահպանվող տարածքին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դիլիջան | |||||
հին անվանում՝ Դելիջան | |||||
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Մարզ | Տավուշի մարզՏավուշի մարզ | ||||
Համայնքի ղեկավար | Դավիթ Սարգսյան | ||||
Առաջին հիշատակում | 1670 թվական | ||||
Այլ անվանումներ | Դելիջան | ||||
Տվյալ կարգավիճակում | 1958 թվական թվականից | ||||
Մակերես | 13 կմ² | ||||
ԲԾՄ | 1500±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||||
Խոսվող լեզուներ | հայերեն (ճնշող մեծամասնություն) | ||||
Բնակչություն | 23.700 մարդ (2015[1]) | ||||
Խտություն | 1400 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | հայեր (ճնշող մեծամասնություն) | ||||
Կրոնական կազմ | հայ առաքելական եկեղեցի (ճնշող մեծամասնություն) | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +374 (268) | ||||
Փոստային ինդեքս | 3901-3906 | ||||
Փոստային դասիչ | 3901-3906 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 57 | ||||
Պաշտոնական կայք | dilijan.am | ||||
| |||||
Ըստ 2015 թվականի համապետական մարդահամարի տվյալների՝ Դիլիջան համայնքի բնակչությունը կազմում է 23,700 մարդ։ Բնակչությունը առավելապես միատարր է (ճնշող մեծամասնությունը հայերն են)։
Դիլիջանը նաև զբոսաշրջային կարևորագույն կենտրոն է։ Համայնքի կենտրոնում գտնվող Շարամբեյան փողոցը, որը համարվում է քաղաքի պատմական կենտրոնը, հայտնի է իր ինքնատիպ ճարտարապետությամբ, ինչպես նաև արհեստանոցներով, պատկերասրահներով ու թանգարաններով։ Քաղաքի շրջակայքում են գտնվում զբոսաշրջային նշանակություն ունեցող Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Գոշի լիճը և այլն։ Դիլիջանը նշանավորվում է նաև որպես արշավների, լեռնային հեծանվասպորտի և առողջարանային հանգստի կենտրոն։
Հայաստանի Կառավարությունը ծրագրում է Դիլիջանը դարձնել տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը։ 2013 թվականից այստեղ է գործում Հայաստանի կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը։ Համայնքում է գտնվում Հայաստանի և տարածաշրջանի ամենանշանավոր միջազգային կրթական հաստատություններից մեկը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։ 2016 թվականից ի վեր Դիլիջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկված է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում։
Ներկայումս Դիլիջանը համարվում է Հայաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը[2]։