Դիսկրետ մաթեմատիկա
From Wikipedia, the free encyclopedia
Դիսկրետ մաթեմատիկան մաթեմատիկայի ճյուղերից մեկն է, որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում դիսկրետ (ընդհատ) բնույթ ունեցող մաթեմատիկական կառուցվածքների հատկությունները։ Այդպիսի կառուցվածքներից են վերջավոր խմբերը, վերջավոր գրաֆները, վերջավոր ավտոմատները և այլն։ Ի տարբերություն դիսկրետ մաթեմատիկայի, դասական մաթեմատիկան հիմնականում զբաղվում է անընդհատ բնույթ ունեցող կառուցվածքների հատկությունների ուսումնասիրությամբ։
Դիսկրետ և անընդհատ մաթեմատիկաների միջև հստակ սահմանազատում չկա. նրանց միջև անընդհատ տեղի է ունենում գաղափարների և մեթոդների փոխանակում և հաճախ հարկ է լինում ուսումնասիրել մոդելներ, որոնք միաժամանակ օժտված են և՛ դիսկրետ, և՛ անընդհատ հատկություններով։ Մաթեմատիկայում կան որոշ բաժիններ, որոնք կիրառում են դիսկրետ մաթեմատիկայի մեթոդներն անընդհատ կառուցվածքների ուսումնասիրման համար (օրինակ՝ հանրահաշվական երկրաչափությունը) և հակառակը՝ դասական մաթեմատիկայի մեթոդները՝ դիսկրետ կառուցվածքների ուսումնասիրության համար (օրինակ՝ թվերի տեսության որոշ ասիմպտոտիկ հարցեր)[1]։