Դիֆուզիա
From Wikipedia, the free encyclopedia
Դիֆուզիա (լատին․՝ diffusio—տարածում, ընդարձակում), շփվող նյութերի փոխադարձ ներթափանցումը մասնիկների ջերմային շարժման հետևանքով։ Հատուկ է գազերին, հեղուկներին և պինդ մարմիններին։ Դիֆուզիան ընթանում է կոնցենտրացիայի նվազման ուղղությամբ։ Մասնիկների տեղափոխությունը կոնցենտրացիաների տարբերության ազդեցությամբ կոչվում է դիֆուզիոն հոսք, որ չափվում է դիֆուզիայի ուղղությանը ուղղահայաց մակերեսով անցնող դիֆուզվող մասնիկների քանակով։