Դմիտրի Մենդելեև
From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Իվանովիչ Մենդելեև (ռուս.՝ Дмитрий Иванович Менделеев, փետրվարի 8 (20), 1834[1][2][3], Տոբոլսկ, Տոբոլսկի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][4][5][…] - հունվարի 20 (փետրվարի 2), 1907[1][5][6], Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[5][4][3][…]), ռուս գիտնական-հանրագետ՝ քիմիկոս, ֆիզիկաքիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, տնտեսագետ, նավթային մասնագետ, չափագետ, տնտեսագետ, սարքաշինարար, տեխնոլոգ, բազմակողմանի գիտնական, ուսուցիչ, գյուտարար։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ։ 1869 թվականին բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը՝ բնագիտության հիմնական օրենքներից մեկը։ Թողել է մոտ 500 տպագիր աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից։
Դ. Ի. Մենդելեևը գիտության շատ բնագավառների հիմնարար հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ։ Նա դրել է լուծույթների տեսության հիմքը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը։ 1865-1890 թվականներին եղել է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։
Ծագում
Դմիտրի Իվանովիչ Մենդելևը ծնվել է 1834 թվականի փետրվարի 8-ին Սիբիրի Տոբոլսկ քաղաքում Իվան Պավլովիչ Մենդելեևի (1783—1847) և Մարիա Դմիտրևնա Մենդելեևայի (1793—1850) ընտանիքում։ Նա ընտանիքի վերջին՝ 17-րդ երեխան էր[15] (по другим данным, четырнадцатым[16]): Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը։ Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին։ Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց։
Իր «Ջրային լուծույթների հետազոտումն ըստ տեսակարար կշռի» առաջին խոշոր աշխատության մեջ, որը նվիրված էր մորը, Դմիտրի Իվանովիչը պատմում է[17].
Մենդելեևի հորական պապը՝ Պավել Մաքսիմովիչ Սոկոլովը (1751—1808) հոգևորական էր Տվերի նահանգի Վիշնեվոլոցկոյ նահանգի Տիխոմանդրիցա գյուղում, որը գտնվում է Ուդոմլյա լճի հյուսիսային ծայրամասից երկու կիլոմետր հեռավորության վրա[18]։ Նրա չորս որդիներից միայն Տիմոֆեյն է պահպանել հայրական ազգանունը։ Ինչպես այն ժամանակ ընդունված էր հոգևորականության շրջանում, հոգևոր սեմինարիան ավարտելուց հետո Պ․ Մ․ Սոկոլովի երեք որդիներին տրվեցին տարբեր ազգանուններ․ Ալեքսանդրին՝ Տիխոմանդրիցկի (գյուղի անունով), Վասիլիին՝ Պոկրովսկի (համայնքի անունով, որտեղ ծառայել է Պավել Մաքսիմովիչը), իսկ Իվանը՝ Դմիտրի Իվանովիչի հայրը որպես մականուն ստացավ հարևան կալվածատեր Մենդելեևների ազգանունը (ինքը՝ Դմիտրի Իվանովիչն այսպես էր մեկնաբանում ազգանվան ծագումը․ «տրվել է հորը, երբ նա ինչ-որ բան փոփոխում էր, ինչպես հարևան կալվածատեր Մենդելեևն էր փոխում ձիերին»)[17][19]։
1804 թվականին, ավարտելով հոգևոր ուսումնարանը, Դմիտրի Իվանովիչի հայրը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Այն ավարտելով՝ Իվան Պավլովիչը Տոբոլսկում դառնում է փիլիսոփայության, կիրառական արվեստների և քաղաքատնտեսության ուսուցիչ, որտեղ էլ 1809 թվականին ամուսնացել է Մարիա Դմիտրիևնա Կոռնիլևայի հետ (սերում է սիբիրյան վաճառականների և արդյունաբերողների հին սերնդից[20][21]), որը Յակով Գրիգորևիչ Կոռնիլինի թոռնուհին էր։ 1818 թվականի դեկտեմբերին նա նշանակվել է Տամբովի շրջանի ուսումնարանների տնօրեն։ 1823 թվականի ամռանից մինչև 1827 թվականի նոյեմբեր Մենդելեևների ընտանիքը ապրել է Սարատովում, իսկ հետագայում վերադարձել են Տոբոլսկ, որտեղ Իվան Պավլովիչը ստացել է Տոբոլսկի դասական գիմնազիայի տնօրենի պաշտոնը։ Նրա արտասովոր խելքը, բարձր ստեղծագործականությունն ու զարգացածոթւյունը որոշեցին այն մանկավարժական սկզբունքները, որոնցով նա առաջնորդվում էր իր առարկաները դասավանդելիս։ Դմիտրիի ծնվելու տարում Իվան Պավլովիչը կուրանում է, որի պատճառով էլ անցնում է թոշակի։ Կատարակտը բուժելու համար նա աղջկա հետ գնում է Մոսկվա, որտեղ հաջող վիրահատությունից հետո վերականգնվում է նրա տեսողությունը։ Բայց նա չկարողացավ անցնել հին աշխատանքին, և ընտանիքը ապրում էր նրա թոշակով[17]։
Մարիա Դմիտրիևնան Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի մայրն է։ Այս խելացի և աշխույժ կինը մեծ դեր է խաղացել ընտանիքի կյանքում։ Չունենալով ոչ մի կրթություն՝ նա իր եղբայրների հետ անցել է գիմնազիայի ինքնուրույն կուրս։ Իվան Պավլովիչի հիվանդության պատճառով ընտանիքը տեղափոխվել էր Վերխնիե Արեմզյանի, որտեղ գտնվում էր Մարիայի եղբոր ապակու գործարանը։ Դմիտրի Մենդելեևի մայրը սկսում է ղեկավարել այդ ֆաբրիկան և Ի․ Պ․ Մենդելեևի մահից հետո ընտանիքն ապրում էր այդ ֆաբրիկայից ստացված միջոցներով։ Դմիտրի Իվանովիչը հիշում է․ «Այդ ապակու գործարանում, որը ղեկավարում էր մայրս, ստացել եմ իմ առաջին տպավորությունները բնությունից, մարդկանցից, արդյունաբերական գործերից։ 1848 թվականի հունիսի 27-ին ֆաբրիկան այրվում է»[22]։ Տեսնելով կրտսեր տղայի հատուկ ընդունակությունները՝ նա իր մեջ ուժ է հավաքում լքել իր հարազատ Սիբիրը, որպեսզի Դմիտրիին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տա։ Նրանք գալիս են Մոսկվա։ Երկու տարի անց, երբ որդին ընդունվել էր Պետերբուրգ մանկավարժական ինստիտուտ, Մարիա Դմիտրիևնան մահանում է։
Մանկություն
Դ․ Ի․ Մենդելեևի մանկությունը համընկել է աքսորված դեկաբրիստների Սիբիր գալու ժամանակաշրջանի հետ։ Ա․ Մ․ Մուրավյովը, Պ․ Ն․ Սվիստունովը, Մ․ Ա․ Ֆոնվիզինը ապրում էին Տոբոլսկի նահանգում։ Դմիտրի Իվանովիչի քույրը՝ Օլգան, դարձավ դեկաբրիստների հարավային ընկերության նախկին անդամ Ն․ Վ․ Բասարգինի կինը, և նրանք երկար ժամանակ ապրել են Յալուտորովսկում՝ Ի․ Ի․ Պուշչինի հարևանությամբ, որի հետ էլ օգնում էին Իվան Պավլովիչի մահից հետո ծայրահեղ վիճակում հայտնված Մենդելեևների ընտանիքին։
Ապագա գիտնականի աշխարհաճանաչողության վրա մեծ ազդեցություն է գործել նրա քեռին՝ Վ․ Դ․ Կոռնիլյովը, վերջինիս մոտ հաճախ են ապրել Մենդելեևները[17]։ Վասիլի Դմիտրևիչը կալվածատեր Տրուբեցկիների կառավարիչն էր։ Նրա տուն հաճախ էին այցելում մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ, որոնց թվում գրական երեկոներին կամ առանց որևէ առիթի կային գրականագետներ Ֆ․ Ն․ Գլինկան, Ս․ Պ․ Շեվիրյովը, Ի․ Ի․ Դմիտրիևը, Մ․ Պ․ Պոգոդինը, Ե․ Ա․ Բարատինսկին, Ն․ Վ․ Գոգոլը, հյուր է եղել նաև Պուշկինի հայրը՝ Ս․ Լ․ Պուշկինը, նկարիչներ Պ․ Ա․ Ֆեդոտովը, Ն․ Ա․ Ռամազանովը, գիտնականներ Ն․ Ֆ․ Պավլովը, Ի․ Մ․ Սնեգիրյովը, Պ․ Ն․ Կուդրյավցևը։ 1826 թվականին Կոռնիլյովը և նրա կինը՝ կոմանդոր Բիլինգսի աղջիկը, իրենց մոտ Պոկրովում հյուրընկալել են Ա․ Ս․ Պուշկինին, որը աքսորից վերադարձել էր Մոսկվա[23]։
Տեղեկություններ են պահպանվել, որոնցում ասվում է, որ Դ․ Ի․ Մենդելեևը Կոռնիլյովների տանը մի անգամ հանդիպել է Ն․ Վ․ Գոգոլին։
Այդ ամենով հանդերձ Դմիտրի Իվանովիչը մնացել է այնպիսին, ինչպես իր հասակակից տղաները։ Դմիտրի Իվանովիչի որդին՝ Իվան Մենդելեևը հիշում է, որ մի անգամ, երբ հայրը հիվանդ էր, իրեն ասել է․ «Ամբողջ մարմինս այնպես է ցավում, ինչպես Տոբոլսկի կամրջի վրա մեր դպրոցական ծեծկռտուքից հետո»։
Հարկ է նշել, որ գիմնազիայի ուսուցիչների մեջ առանձնացել է ռուս գրականություն և բանահյուսություն դասավանդող հայտնի գրող Պ․ Պ․ Երշովը։ Հետագայում նրանք Դմիտրի Իվանովիչի հետ բարեկամներ են դարձել։
Ընտանիք և երեխաներ
Դ․ Ի․ Մենդելեևը ամուսնացել է երկու անգամ։ 1862 թվականին ամուսնացել է բնիկ տոբոլսկցի Ֆեոզվա Նիկիտովնա Լեշչեվոյի (գրող Երշովի խորթ աղջկա) հետ։ Կինը (կրճատ անունը՝ Ֆիզա) իրենից մեծ էր 6 տարով։ Այս ամուսնությունից ծնվեցին երեք երեխաները՝ աղջիկը՝ Մարիան (1863), մահացել է մանկական հասակում, տղան՝ Վլադիմիրը (1865—1898) և մյուս աղջիկը՝ Օլգան (1868—1950)։ 1876 թվականին 42-ամյա Դմիտրի Մենդելեևը ծանոթացել է սիրահարվել է 16-ամյա Աննա Իվանովնա Պոպովին (1860—1942՝ դոնյան կազակի աղջկան[24]։ Երկրորդ ամուսնությունից ծնվել են 4 երեխաները՝ Լյուբով (1881—1939), Իվան (1883—1936) և երկվորյակներ Մարիան ու Վասիլին (1886—1922)[17][25][26][27]։ 21-րդ դարում Մենդելեևների սերնդից կար միայն Ալեքսանդր Կամենսկին՝ Մենդելեևի աղջիկ Մարիայի թոռը[28]; он умер от последствий алкоголизма, не оставив потомков[29][30]։
Դ․ Ի․ Մենդելեևը եղել է ռուս գրող Ա․ Բլոկի աները, որը նրա աղջիկ Լյուբովի ամուսինն էր։
Դ․ Ի․ Մենդելեևը եղել է ռուս գիտնականներ Մ․ Յ․ Կապուստինի (պրոֆեսոր-առողջաբան) և Ֆ․ Յ․ Կապուստինի (պրոֆեսոր-ֆիզիկոս) քեռին։ Նրանք իր դուստր Եկատերինա Իվանովնա Մենդելեևի որդիներն էին[31]։
Ստեղծագործական կյանքի ժամանակագրություն
1841-1859
- 1841 թ. օգոստոսի 1-ին ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի առաջին դասարանը։ Միտյան իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ եղբորից, և, երբ վերջինիս գիմնազիա տարան, որոշեցին նրա հետ ուղարկել նաև Միտյային։ Հենց սկզբից Միտյան սկսեց հեշտ յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով։ Եվ, եթե հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան, միայն ի հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության։
- 1841 թվականի օգոստոսի 9-ին նա ընդունվում է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ Եթե գիմնազիստ Մենդելեևի համար կային սիրած ու չսիրած առարկաներ, ապա ուսանող Մենդելեևը անհագ ծարավով էր լցված ընդհանրապես գիտելիքների նկատմամբ։ Լինելով ֆիզիկոմաթեմատիկական ֆակուլտետի ուսանող, ժամանակ էր գտնում դասախոսություններ ունկնդրելու պատմաբանասիրական, կենսաբանական ֆակուլտետներում։ Այնուամենայնիվ, ինստիտուտում սովորելու տարիներն ուղեկցվեցին առողջական աստիճանաբար վատացող վիճակով։ Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և գտնվում էր անհույս վիճակում, բայց այդ ախտորոշումը հետագայում հերքվեց։
- 1855 թ. հունիսի 20-ին ոսկե մեդալով ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայացավ ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող։ Ուսանողական տարիները ցույց տվեցին, որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»։ Իսկ քննությունից հետո նրա ուսուցիչ, ակադամիկոս Ֆրիցշեն խնդրագիր է ներկայացնում ինստիտուտի տնօրինությանը.
« …երիտասարդը լիովին տիրապետում է քիմիական գիտության մինչև իսկ նորագույն ուղղությանը։ Խոնարհաբար խնդրում եմ աջակցել, որպեսզի ծառայության նշանակելիս պարոն Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ»։ |
- 1855 թ. նոյեմբերի 14-ին նշանակվում է ավագ ուսուցիչ Օդեսայում։ Այստեղ ամեն ինչ կար գիտական առաջին քայլերն անող պատանու համար. լաբորատորիա, գրադարան, ժամանակ։ Եվ ընդամենը վեց ամիս հետո պաշտպանեց տեսակարար ծավալներին նվիրված դիսերտացիան, ստանալով ֆիզիկայի և քիմիայի մագիստրոսի առաջին աստիճանը։ Նրա ուսումնասիրությունները գիտական հիմքերի վրա դրեցին ապակու ստացման ողջ գործընթացը։
- 1856 թվականին պաշտպանել է դիսերտացիան «դասախոսություններ կարդալու իրավունքի համար»՝ «Կայծքարահողային միացությունների կառուցվածքը» (ընդդիմախոսներ Ա․ Ա․ Վոսկրեսենսկի և Մ․ Բ․ Սկոբլիկով),հաջողությամբ վարել է առաջին դասախոսությունը՝ «Սիլիկատային միացությունների կառուցվածքը»։ Այնուհետև հունվարին առանձին հրատարակությամբ Պետերբուրգում լույս է տեսել Մենդելեևի թեկնածուական դիսերտացիան՝ «Իզոմորֆիզը կապված կազմության բյուրեղային ձևի այլ հարաբերությունների հետ»[32]; հոկտեմբերի 10-ին տրվել է քիմիայի մագիտրոսի գիտական աստիճան։
- 1857 հունվարի 9-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի քիմիայի ամբիոնում ստացել է պրիվատ-դոցենտի կոչում։
- 1857—1890 թվականներին դասավանդել է Ցարական Սանկտ Պետերբուրգի համալսարանում (1865 թվականից՝ քիմիական տեխնոլոգիաների պրոֆեսոր, 1867 թվականից՝ ընդհանուր քաիմիայի պրոֆեսոր), կարդացել է դասախոսությունների քիմիայից, միաժամանակ 1863-1872 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, ղեկավարել է այդ ինստիտուտի քիմիական լաբորատորիան, դասավանդել է նաև Նիկոլաևյան ինժեներական ակադեմիայում և ուսումնարանում։
- 1859—1861 թվականներին գիտական գործուղումով եղել է Գերմանիայում։
Հայդելբերգյան շրջան (1859-1861)
1859 թ. ապրիլին երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման։ Սկզբում Մենդելեևը եղավ եվրոպական տասը համալսարանական քաղաքներում, մինչև որ կանգ առավ գերմանական Հայդելբերգի վրա։
Այնտեղ նա հանդիպել է Ջ․ Ու․ Գիբսի հետ։ Հայդելբերգում ստեղծել է սարքավորումներով հարուստ լաբորատորիա՝ հայտնի ֆրանսիացի մեխանիկներ Պերրոյի և Սալերոնի մոտ պատվիրելով կատետոմետրեր և միկրոսկոպներ[17]։ Նա պրպտուն աշխատանքով ժխտել է «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տվել, որ դրանք, ինչպես և բոլոր հեղուկները, ունեն այսօր գիտական աշխարհում ընդունված Մենդելեևյան «եռման բացարձակ ջերմաստիճանը»։
Արտասահմանում Մենդելեևի հետ աշխատակցում էին գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը։ Նրանց հետ Մենդելեևը քննարկման առարկա էր դարձրել նյութի մի միասնական չափ գտնելու անհրաժեշտությունը։ Դրա համար Մենդելեևն սկսեց զբաղվել իրենց հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն ուսումնասիրելով, որը հետագայում հիմք հանդիսացավ քիմիական գիտության բնագավառում արված հեղաշրջման համար։
Այժմ «մոլեկուլյար մեխանիկան», որը փորձում էր ձևավորել Դ․ Ի․ Մենդելեևը, ունի միայն պատմական նշանակություն, չնայած գիտնականի այդ հետազոտությունները թույլ են տալիս դիտարկել նրա հայացքների արդիականությունը, որն ընդհանուր տարածում գտավ միայն Կառլսրուեում տեղի ունեցած քիմիկոսների միջազգային կոնգրեսում(1860)[17][25][26][27]։
Հայդելբերգում Մենդելեևը սիրավեպ է ունեցել դերասանուհի Ագնեսա Ֆոյխտմանի հետ, արդյունքում Մենդելեևը նրան փող էր ուղարկում երեխայի համար, չնայած համոզված չէր, որ հայրը ինքն էր[28]։
1860-1907
1861 թվականի փետրվարի 14-ին արտասահմանյան գործուղումից վերադառնում է Պետերբուրգ։ Այստեղ ստանալով համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, գիտական լայն գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հողերի պարարտացման, նավթարդյունաբերության հետ կապված մի շարք հարցերի ուսումնասիրություններով։ Երեսունմեկ տարեկան հասակում պաշտպանում է ջրի հետ սպիրտի միացման մասին դոկտորական դիսերտացիան։
1869 թ. փետրվարի 17-ին տպագրության է ստորագրում պարբերական համակարգի առաջին ուրվագիրը։ Մենդելեևի պարբերական աղյուսակը քիմիական նոր տարրերի հայտնաբերման միակ ու անփոխարինելի բանալին է։ Գիտնականը նրա վրա աշխատել է շուրջ 40 տարի, մինչև որ վերջապես գտավ բոլոր միացությունների հիմնական նմանությունը՝ ատոմականությունը։ Շուտով նա հրատարակեց այն նյութերի մանրամասն բնութագրերը, որոնք աշխարհում դեռ ոչ-ոք չէր տեսել։ Շուտով աշխարհի տարբեր ծայրերում սկսեցին հայտնաբերել նկարագրված հատկություններն ունեցող նյութերը՝ գալլիումը, սկանդիումը, ռադիումը և այլն, որոնք հաստատեցին աղյուսակի ճշմարտացիությունը։
1886 թ. Մենդելեևը կատարեց իր երրորդ և չորրորդ ուղևորությունը Կովկաս՝ նավթարդյունաբերության ուսումնասիրման նպատակով։ Այս ուղևորությունների և քրտնաջան հետազոտությունների արդյունքն են Մենդելեևի ներդրումները նավթամուղների, նավթատար նավերի, նավթի թորման կաթսաների ստեղծման գործում։ Նույն ձևով արդյունավետ էին գիտնականի ուղևորությունները Դոնեցկի ավազան՝ քարածխի արդյունաբերության ուսումնասիրման նպատակով, Ուրալ և Սիբիր՝ մետաղագործական արդյունաբերությունն ուսումնասիրելու համար և այլն։
1893 թ. հուլիսի 1-ին նշանակվում է չափ ու կշիռների գլխավոր պալատի կառավարիչ։ Խոշոր գործնական նշանակություն ունեն չափաբանության բնագավառում Մենդելեևի կատարած աշխատանքները։ Նրա ջանքերով 1899 թ. Ռուսաստանում ներդրվեց չափման մետրական համակարգը։ Ձեռնամուխ լինելով օդերևութաբանական հետազոտությունների, Մենդելեևն աշխատում է այնպիսի չափիչ սարքերի պատրաստման ուղղությամբ, որոնցով հնարավոր են դառնում ճշգրիտ չափումները մթնոլորտի տարբեր կետերում՝ առանց օդաչուի բարձրացող օդապարիկներով։
1894թ. հունիս - Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների դոկտորի կոչման հանդիսավոր շնորհում։
1905 թ. նոյեմբեր - ուղևորություն Լոնդոն՝ թագավորական ընկերության ամենաբարձր պարգևը՝ Կոպլեյի մեդալն ստանալու։
1907թ. հունվարի 20 - սրտի կաթվածից վախճանվեց Դ. Ի. Մենդելեևը։