Եղիսաբեթ I
From Wikipedia, the free encyclopedia
Եղիսաբեթ I (անգլ.՝ Elizabeth I, սեպտեմբերի 7, 1533[1][2][3] կամ 1533[4], Palace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - մարտի 24 (ապրիլի 3), 1603[1][2][3] կամ 1603[4], Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), Անգլիայի և Իռլանդիայի թագուհի (1558 թվականի նոյեմբերի 17-ից մինչև իր մահը` 1603 թվականի մարտի 24-ին), Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ[7]։
Եղիսաբեթ I | |
---|---|
Ծնվել է՝ | սեպտեմբերի 7, 1533[1][2][3] կամ 1533[4] |
Ծննդավայր | Palace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Մահացել է՝ | մարտի 24 (ապրիլի 3), 1603[1][2][3] կամ 1603[4] |
Վախճանի վայր | Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Վեստմինստերյան աբբայություն | |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Տոհմ | Թյուդորներ |
թագուհի և միապետ | |
Հայր | Հենրի VIII[5][6] |
Մայր | Աննա Բոլեյն[5][6] |
Հավատք | Անգլիկան եկեղեցի |
Առողջական վիճակ | Բնական ծաղիկ |
Ստորագրություն |
Եղիսաբեթը եղել է Հենրի VIII-ի և Աննա Բոլեյնի` նրա երկրորդ կնոջ դուստրը։ Աննա Բոլեյնը մահապատժի է ենթարկվել Եղիսաբեթի ծննդից երկուսուկես տարի անց։ Աննայի ամուսնությունը Հենրի VIII-ի հետ չեղարկվել է, և Եղիսաբեթը հռչակվել է ապօրինի զավակ։ Նրա խորթ եղբայրը` Էդվարդ VI-ը, երկիրը ղեկավարել է մինչև իր մահը` 1553 թվականը` գահը ժառանգություն թողնելով Լեդի Ջեյն Գրեյին` անտեսելով երկու խորթ քույրերի` Եղիսաբեթի և կաթոլիկ Մարի Թյուդորի պահանջները` չնայած օրինական իրավունքներին։ Շուտով Էդվարդի կտակը չեղարկվում է, և Մարին դառնում է թագուհի։ Մարի Թյուդորի կառավարման ժամանակ Եղիսաբեթը մոտ մեկ տարի գտնվել է բանտում` կասկածի ենթարկվելով ապստամբներին սատարելու մեջ։
Քրոջ` Մարի Թյուդորի մահից հետո 1558 թվականին, գահ է բարձրանում վերջինիս խորթ քույրը` խորհուրդի հսկողությամբ[8]։ Նա խիստ կախում ուներ վստահելի խորհրդականների խմբից` Բեռլիի առաջին բարոն Ուիլյամ Սեսիլի գլխավորությամբ։ Թագուհու կարգավիճակում նրա կատարած առաջին նշանակալի քայլը անգլիական բողոքական եկեղեցու ստեղծումն էր, որում նա ստանձնում է գերագույն ղեկավարի պաշտոնը։ Եղիսաբեթյան կրոնական այս կազմավորումը վերածվում է Անգլիայի եկեղեցու։ Սպասվում էր, որ Եղիսաբեթը պետք է ամուսնանա և թագի հետնորդ ծնի, սակայն չնայած բազմաթիվ սիրահետողների` նա այդպես էլ թագաժառանգ չի ունեցել։ Ի վերջո նրան գահին փոխարինել է նրա զարմիկը` Հակոբ Ա-ն Շոտլանդիայից։ Դրանից առաջ թագուհին պատասխանատվություն է կրել Հակոբ Ա-ի մոր` Մարի Ստյուարտի բանտարկության ու մահապատժի համար։
Կառավարման ոլորտում Եղիսաբեթը եղել է ավելի չափավոր, քան նրա հայրն ու խորթ եղբայրը[9]։ Նրա նշանաբաններից մեկն է եղել` "video et taceo" (Ես տեսնում եմ, բայց ոչինչ չեմ ասում)[10]։ Հավատի մեջ նա հարաբերականորեն հանդուրժող էր և խուսափում էր պարբերական հետապնդումներից։ Այն բանից հետո, երբ 1570 թվականին Պապը նրան համարեց ապօրինի զավակ և իր հպատակներին ազատեց նրան հնազանդվելուց, մի քանի դավադրություններ սպառնում էին Եղիսաբեթի կյանքին, և նա դրանք բոլորը հաղթահարեց իր գաղտնի ծառայությունների շնորհիվ։ Եղիսաբեթը զգուշավոր էր արտասահմանյան հարաբերություններում` մանևրելով գլխավոր տերությունների` Ֆրանսիայի ու Իսպանիայի հետ կապերում։ Նա միայն անվճռական կերպով ռազմական մի քանի ոչ արդյունավետ կազմակերպություններ էր պահում, որոնք ունեին սահմանափակ հնարավորություններ Նիդերլանդներում, Ֆրանսիայում ու Իռլանդիայում։ 1580-ական թվականների կեսերին Անգլիան արդեն չէր կարող խուսափել Իսպանիայի հետ պատերազմից։ 1588 թվականին Անգլիայի հաղթանակը իսպանական նավատորմի նկատմամբ Եղիսաբեթի անունը կապեց Անգլիայի պատմության ռազմական մեծագույն հաղթանակներից մեկի հետ։
Հասունանալուց հետո Եղիսաբեթը հռչակվել է իր կուսությամբ, որի շուրջ պաշտամունք է առաջացել, ինչն արտահայտվել է նկարներում, թատերականացված ներկայացումներում և ժամանակի գրականության մեջ։ Եղիսաբեթի տիրակալության շրջանը հայտնի է Եղիսաբեթի դարաշրջան անվանումով։ Այն աչքի է ընկնում անգլիական դրամատուրգիայի զարգացմամբ, երբ հանդես եկան այնպիսի դրամատուրգներ, ինչպիսիք են Ուիլյամ Շեքսպիրը, Քրիստոֆեր Մառլոն, ինչպես նաև անգլիական ծովային նավագնացության արկածախնդրություններով (օրինակ` Ֆրենսիս Դրեյքի նավարկությունները)։ Որոշ պատմաբաններ Եղիսաբեթ I-ին պատկերել են բռնկուն բնավորությամբ, որոշ դեպքերում էլ որպես անվճռական բնավորության տեր թագուհու, որը ուրախանում էր ուրիշների հաջողություններով[11]։ Նրա կառավարման վերջում տնտեսական ու ռազմական մի շարք խնդիրներ ազդեցին նրա վարկանիշի վրա։ Եղիսաբեթի կերպարը ընկալվում է որպես գրավիչ միապետի կերպար, ով վերապրեց մի դարաշրջանում, երբ հարևան երկրների միապետները, բախվելով ներքին խնդիրներին, վտանգում էին իրենց գահը։ Իր ոչ հարազատ եղբոր ու քրոջ կարճ կառավարումից հետո նրա կառավարման 44 տարիները ապահովեցին թագավորության կայունությունը` ձևավորելով ազգային հպարտության գիտակցություն[9]։