Եռաչափ բիոտպագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Եռաչափ (3D) բիոտպագրություն (կենսատպագրություն, բիոպրինտինգ), 3D տպագրության կամ նմանատիպ տեխնոլոգիաների կիրառումն է կենսաբժշկական գիտությունների մեջ՝ բնական հյուսվածքների հատկություններն առավելագույնս նմանակող հատուկ կառուցվածքների ստացման նպատակով[1]։ 3D բիոտպագրության մեջ կիրառվում են բջիջների, աճի գործոնների և կենսանյութերի (բիոմատերիալների) համադրություններ, որոնք բոլորը միասին (3D բիոտպագրության համատեքստում) ընդունված է անվանել բիոթանաքներ։ Սովորաբար 3D բիոպագրությունն այդ բիոթանաքներով իրականացվում է շերտ առ շերտ կերպով, ինչի արդյունքում ստեղծվում են հյուսվածքանման կառուցվածքներ, որոնք այնուհետև կիրառվում են բժշկության և հյուսվածքային ինժեներիայի ոլորտներում։ Բիոտպագրության մեջ կիրառվում են բազմազան կենսանյութեր։
Եռաչափ բիոտպագրություն | |
---|---|
Եռաչափ տպիչ, որով հնարավոր է տպել կենդանի հյուսվածքներ | |
հապավում | 3D բիոպրինտեր |
հոմանիշ(ներ) | Եռաչափ բիոտպիչ |
մասնագիտություն | Հյուսվածքային ինժեներիա և ռեգեներատիվ բժշկություն |
միջամտություն | Եռաչափ տպագրություն |
Ներկայումս բիոտպագրությամբ հնարավոր է ստանալ հյուսվածքներ և օրգանանման կառուցվածքներ, որոնք կարող են օգտագործվել դեղերի և տարբեր քիմիական նյութերի փորձարկումների և մշակման ոլորտներում[2]։ Սակայն, որպես նորարարական և հեռանկարային տեխնոլոգիա, արժե նշել բջիջների և/կամ արտաբջջային նյութի բիոտպագրությունը հատուկ գելի տեսքով, որից հետագայում կարելի է ստանալ անհրաժեշտ հյուսվածքը կամ օրգանը[3]։ Այսպիսի կառուցվածքները պոտենցիալ կարող են օգտագործվել, օրինակ, հոդերի կամ կապանների վերականգնման մեջ[4]։