Եվրոպա
մայրցամաք / From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպա, Երկրագնդի վեց աշխարհամասերից մեկը, որն ամբողջությամբ գտնվում է Հյուսիսային և մեծամասամբ Արևելյան կիսագնդերում։ Աշխարհամասը հյուսիսում սահմանակից է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ հարավից՝ Միջերկրական ծովին։ Համարվում է Եվրասիա մայրցամաքի ծայրարևմտյան հատվածը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպա (այլ կիրառումներ)
Եվրոպա | |
---|---|
Տեսակ | աշխարհամաս և մայրցամաք |
Ամենաբարձր կետ | Էլբրուս |
Մակերես | 10 186 000 կմ²[1] |
Կազմված է | Հյուսիսային Եվրոպա[2], Northeastern Europe?[2], Հարավային Եվրոպա[2], Հարավ-արևելյան Եվրոպա[2], Արևելյան Եվրոպա[2], Արևմտյան Եվրոպա[2], Կենտրոնական Եվրոպա[2], Southwestern Europe?, Northwestern Europe?[2], Իտալիա և Բելգիա |
Հյուսիսային կետ | 71° հս․. լ. 24° ավ. ե.HGЯOL |
Հարավային կետ | 36° հս․. լ. 6° ամ. ե.HGЯOL |
Արևելան կետ | 56° հս․. լ. 41° ավ. ե.HGЯOL |
Արևմտյան կետ | 52° հս․. լ. 10° ամ. ե.HGЯOL |
Մասն է | Եվրասիա, Ostfeste? և Երկիր |
Աշխարհագրական տեղադրություն | Հյուսիսային կիսագունդ |
Հայտնաբերում | մ․թ․ա․ 200 հազարամյակ և մ․թ․ա․ 1200 հազարամյակ |
Անվանված է | Եվրոպա |
Սկսած մոտ 1850 թվականից՝ Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական ջրբաժանը համարվում են Ուրալյան և Կովկասյան լեռները, Ուրալ գետը, Կասպից և Սև ծովերը, ինչպես նաև Սևծովյան նեղուցները[3]։ Չնայած «մայրցամաք» տերմինը ասոցացվում է ֆիզիկական աշխարհագրության հետ՝ ցամաքային սահմանը որոշակի առումով կամայական է և մի քանի անգամ վերաձևավորվել է՝ սկսած առաջին ձևավորումից, որն իրականացվել է դեռ անտիկ դարաշրջանում։ Եվրասիայի բաժանումը երկու աշխարհամասերի արտացոլում է արևելք-արևմուտք մշակութային, լեզվական և էթնիկ տարբերությունները, որոնք տարբերվում են տարածաշրջաններով, այլ ոչ բաժանարար գծով։ Աշխարհագրական սահմանը հաշվի չի առնում նաև քաղաքական սահմանաբաժինը, քանի որ Թուրքիան, Ռուսաստանը և Ղազախստանը համարվում են միջաշխարհամասային երկրներ։ Սահմանաբաժան հանդիսացող Կովկասյան լեռներն անցնում են նաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով, ինչը ենթադրում է, որ այս պետությունների տարածքների մի մասը նույնպես գտնվում է Եվրոպա աշխարհամասում։
Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կմ² կամ Երկիր մոլորակի մակերեսի 2%-ը (ցամաքային տարածքի 6,8%-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպան բաժանված է հիսուն ինքնավար պետությունների։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանի տարածքը կազմում է Եվրոպայի տարածքի 39%-ը, իսկ բնակչությունը՝ մոտ 15%-ը։ 2016 թվականի տվյալներով, Եվրոպայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության 11%-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում են Ատլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգ են, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռու գտնվող շրջաններում կլիմային սեզոնային տատանումներն առավել տեսանելի են, քան մերձափնյա հատվածներում։
Եվրոպան՝ հատկապես Անտիկ Հունաստանը, համարվում է Արևմտյան քաղաքակրթության բնօրրանը[4][5][6]։ 476 թվականին Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումը և Ժողովուրդների մեծ գաղթը արձանագրեցին հին պատմության ավարտը և ազդարարեցին միջնադարի մեկնարկը։ Վերածննդի դարաշրջանի հումանիզմը, արվեստը և գիտությունը դարձան ժամանակակից դարաշրջանի մեկնարկի հիմքը։ Սկսած Աշխարհագրական մեծ հայտնագործություններից, որի մեկնարկը տվել էին Իսպանիան և Պորտուգալիան, Եվրոպան դոմինանտ դեր ստացավ համաշխարհային քաղաքականության ասպարեզում։ 16-20-րդ դարերում եվրոպական գաղութատիրական իշխանությունը տարբեր ժամանակներում իր վերահսկողությունն էր իրականացնում Ամերիկա աշխարհամասում, Աֆրիկայում, Օվկիանիայում և Ասիայի մեծ մասում։
Լուսավորության դարաշրջանը, դրան հաջորդած Ֆրանսիական հեղափոխությունը և Նապոլեոնյան պատերազմները 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբ ձևավորեցին Եվրոպայի մշակութային, քաղաքական և տնտեսական սահմանները։ Արդյունաբերական հեղափոխությունը, որն սկսվել էր 18-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայում նպաստեց տնտեսական, մշակութային և սոցիալական արմատական փոփոխությունների, որոնք հետագայում տարածվեցին ողջ աշխարհում։ Համաշխարհային երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել Եվրոպայի տարածքի մեծ մասում, որի արդյունքում 20-րդ դարի կեսերին աշխարհում ավարտվեց Արևմտյան Եվրոպայի գերիշխանությունը և միջազգային հարաբերությունների համակարգը դարձավ երկբևեռ։ Պետությունների մեծ մասը հավաքվեց ԱՄՆ-ի շուրջ, իսկ մի մասն էլ միավորվեց սոցիալիստական ճամբարին[7]։ Սառը պատերազմի ընթացքում՝ ընդհուպ մինչև Բեռլինի պատի փլուզում (1989 թվական), Եվրոպան Երկաթե վարագույրով բաժանված է եղել արևմուտքում ՆԱՏՕ-ի և արևելքում՝ Վարշավյան դաշինքի երկրների միջև։
1949 թվականին հիմնադրվել է Եվրոպայի խորհուրդը։ Այն ստեղծվել է Ուինսթոն Չերչիլի հանրահայտ ճառից հետո, որի հիմնական էությունը կայանում էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ Եվրոպայի միավորումը։ Եվրոպայի խորհրդի անդամ են եվրոպական բոլոր երկրները՝ բացառությամբ Բելառուսի, Ղազախստանի և Վատիկանի։ Եվրոպական խորը ինտեգրման աճող տեմպերի արդյունքում ձևավորվեց Եվրոպական միությունը (ԵՄ), որն անկախ քաղաքական միավոր է և իր կառուցվածքով գտնվում է դաշնության (ֆեդերացիա) և համադաշնության (կոնֆեդերացիա) միջև[8]։ Եվրոպական միությունը ձևավորվել է Արևմտյան Եվրոպայում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականից, ինտեգրացիոն ընդլայնումը շարժվել է դեպի արևելք։ Եվրոպական միության անդամ պետությունների մեծ մասի դրամական միավորը եվրոն է, որն ամենաշատ կիրառվող դրամական միավորն է ողջ Եվրոպայի տարածքում։ ԵՄ Շենգեն գոտին վերացրել է անդամ պետությունների միջև առկա սահմանները և հսկում է էմիգրացիոն գործընթացները՝ անդամ պետությունների տարածքներում։ Եվրոպայի օրհներգը Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան է, իսկ օրը՝ մայիսի 5-ը (Եվրոպայի Խորհրդի օր) կամ մայիսի 9-ը (ԵՄ օր)։ Այդ օրը նշվում է, այսպես կոչված, Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։
Հունական դասական առասպելաբանության մեջ Եվրոպան (հին հունարեն՝ Εὐρώπη) փյունիկյան արքայադուստր էր։ Ըստ մի տեսակետի՝ նրա անունը կազմված է հին հունարեն εὐρύς (էուրուս), «լայն, ընդարձակ»[9] և ὤψ (օփս, նաև ὠπός, օփոս) «աչք, դեմք, կերպարանք»[10] արմատներից։ Հետևաբար նրանց համակցությունը՝ «Eurṓpē» (Եվրոպա), նշանակում է «ակնասևեռ» կամ «լայնատարած»[11][12][13][14]։ Հնդեվրոպական նախակրոնի մեջ «լայն» բառը եղել է Երկիր բառի մակդիրը։ Երկրին նվիրված բանաստեղծություններում և երկերում հաճախ կիրառվում է «լայն» մակդիրը՝ որպես երկիր մոլորակին փոխարինող բառ[15]։ Ըստ մեկ այլ տեսակետի, որի հեղինակը Ռոբերտ Բիքսն էր, «Եվրոպա» բառն ունի նախահնդեվորապական ծագում։ Բիքսը դա բացատրում էր այն հանգամանքով, որ եթե այն առաջացած լիներ «εὐρύς»-ից, ապա մեկ այլ տեղանուն կլիներ, ոչ թե Եվրոպա։ Բիքսը Եվրոպայի հետ կապված տեղանուններ գտավ Հին Հունաստանի տարածքում և Հին Մակեդոնիայում (օրինակ՝ Եվրոպոս)[16]։
Որոշ գիտնականներ «Եվրոպա» անվանումը փորձել են կապել «արևմուտք» բառի սեմական համարժեքի հետ։ Իր հերթին էրեբու բառն ունի աքքադական ծագում և նշանակում է «մայր մտնել, իջնել ներքև» (արևամուտ), իսկ փյունիկերենում «էրեբ» նշանակում է «երեկո, արևմուտք»[17]։ Վերջինս ընկած է արաբերեն Մաղրիբ և եբրայերեն մա'արավ բառերի հիմքում։ Փրինսթոնի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Մայքլ Բարրին «Էրեբ» բառը հայտնաբերել է ասորական արձանագրություններում, որտեղ այն կիրառվում է «գիշեր, արևամուտ(ի) [երկիր]» իմաստներով։ Ի հակադրումն սրա, ասորերենում կիրառվում է նաև «ասու» (Ասիա) բառը, որն օգտագործվում է «արևածագ(ի) [երկիր]» իմաստներով։ Քարտեզագրական կոնվենցիայի տեսանկյունից նույն անվանումը հանդիպում է նաև հունարենում՝ «Ἀνατολή» տարբերակով (Անատոլե "[արևա] ծագ", "արևելք", հետագայում նաև Անատոլիա)[18]։ Մարտին Լիչֆիլդ Վեսթը նշում է, որ «հնչյունաբանական տեսանկյունից Եվրոպա անվան և սեմական ցանկացած բառի կառուցվածքի միջև առկա կապը շատ թույլ է»[19], մինչդեռ Բիքսը անվան կապը սեմական լեզուների հետ համարում է քիչ հավանական։ Բացի այս վարկածներից գոյություն ունի նաև հնդեվրոպական նախալեզվի «*h1regʷos» արմատը, որը նշանակում է «մթություն»։ Վերջինիս հունարենում վերարտադրվում է որպես «Էրեբուս»։
Տարբեր լեզուներում հաճախ Եվրոպա բառի փոխարեն կիրառվում են այլ բառեր, որոնք մատնանշում են Եվրոպա մայրցամաքը։ Օրինակ, չինարենում կիրառվում է Օուժոու (歐洲/欧洲) անվանումը։ Ճապոներենում կիրառվում է չինական ծագում ունեցող Օսյու (ճապ.՝ 欧州 Ōshū) տերմինը։ Ճապոներենում «Եվրոպական Միություն» բառի համար կիրառվում է Օսյու Ռենգո (ճապ.՝ 欧州連合 Ōshū Rengō) բառը, չնայած որ առավել հաճախ կիրառվում է Յորոպա (ճապ.՝ ヨーロッパ Yōroppa) անվանումը։ Թյուրքական որոշ լեզուներում Եվրոպա մայրցամաքը մատնանշելու համար կիրառվում է պարսկական ծագում ունեցող Ֆրանգիստան («Ֆրանկների երկիր») անվանումը, չնայած որ առավել կիրառական են «Ավրոպա» կամ «Եվրոպա» տարբերակները[20]։
Համեմատական սահմանում
Եվրոպայի ինտերակտիվ քարտեզը, որը ցույց է տալիս աշխարհամասային սահմանների ամենահաճախ կիրառվող տարբերակը[Ն 1]։
Ցուցում՝ կապույտով նշված են այն երկրները, որոնք գտնվում են Եվրոպայի և Ասիայի սահմանին, իսկ
կանաչով նշված են այն երկրները, որոնք աշխարհագրական առումով Եվրոպայում չեն, սակայն սերտորեն ասոցացվում են այդ աշխարհամասի հետ։
Եվրոպայի՝ որպես աշխարհագրական տերմինի, մեծապես տարածված սահմանումը կիրառվում է սկսած 19-րդ դարի կեսերից։ Եվրոպայի ափերը հյուսիսից, արևմուտքից և հարավից ողողվում են ծովերով և օվկիանոսներով։ Ընդունված է ասել, որ Եվրոպան արևելքում և հյուսիս-արևելքից եզրափակվում է Ուրալյան լեռներով, Ուրալ գետով և Կասպից ծովով, հարավ-արևելքից՝ Կովկասյան լեռներով, Սև ծովով և Սև ու Միջերկրական ծովերն իրար կապող նեղուցներով[21]։
Մայրցամաքի աշխարհագրական կազմի մեջ մտնող կղզիները հիմնականում գտնվում են մայրցամաքին մոտ՝ բացառությամբ Իռլանդիայի և Գրենլանդիայի։ Իսլանդիան աշխարհագրորեն պատկանում է Եվրոպա մայրցամաքին, նույնը նաև Գրենլանդիան՝ չնայած շատերը կարծում են, որ այն պատկանում է Հյուսիսային Ամերիկային։ Գրենլանդիան քաղաքականապես պատկանում է Դանիային։ Այդուհանդերձ, կան որոշ բացառություններ, որոնք պայմանավորված են սոցիալ-քաղաքական և մշակութային տարբերություններով։ Կիպրոսն աշխարհագրորեն պատկանում է Ասիային (Փոքր Ասիա), սակայն թե՛ մշակութային, և թե՛ քաղաքական տեսանկյունից համարվում է Եվրոպայի մասը։ Բացի այդ, երկիրը նաև Եվրոպական միության անդամ է։ Իսկ արդեն Մալթան դարեր շարունակ աշխարհագրորեն պատկանում է Հյուսիսային Աֆրիկային, սակայն քաղաքական և մշակութային տեսանկյունից Եվրոպայի անբաժան մասն է[22]։ «Եվրոպա» տեղանվան կիրառումը բրիտանական անգլերենում կարող է վերաբերել բացառապես մայրցամաքային Եվրոպային[23]։
Անգլալեզու աղբյուրներում Եվրոպա աշխարհամասը բնորոշելիս կիրառվում է «մայրցամաք» տերմինը, ինչը սակայն կիրառելի չէ հայերենում, քանի որ ընդունված է ասել, որ Եվրոպան Եվրասիա մայրցամաքի միայն մի մասն է, իսկ Եվրասիան բաժանված է Եվրոպա և Ասիա աշխարհամասերի միջև։ «Աշխարհամաս» տերմինը սովորաբար կիրառվում է մայցամաքներն իրենց շրջապատող կղզիների հետ միասին բնորոշելու համար։ Մինչ ներկայիս սահմանման կիրառումը, որը ներառում էր լեռնային ջրբաժանները, Եվրոպայի և Ասիայի միջև սահմանը մի քանի անգամ վերաձևավորվել է հայեցակարգի առաջին ձևակերպումից և հիշատակումից ի վեր։ Քարտեզագիր Հերման Մոլը 1715 թվականին նշել է, որ Եվրոպան սահմանափակված է մասնակի կապված ջրային ուղիներով, որոնք ուղղված են դեպի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներ, Իրտիշ գետ, որը միավորվում է Օբ գետին դրա վերին հատվածում և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։ Ի հակադրումն սրա, Եվրոպայի ներկայիս արևելյան սահմանը մասամբ գծված է Ուրալյան և Կովկասյան լեռներով, ինչն ինչ-որ չափով կամայական և անհետևողական է՝ համեմատած «աշխարհամաս» տերմինի ցանկացած հստակ սահմանման հետ։
Եվրասիայի ներկայիս բաժանումը երկու աշխարհամասերի արտացոլում է Արևմուտք-Արևելք մշակութային, լեզվական և էթնիկ զանազանությունները, որոնք տարբերվում են սպեկտրով, այլ ոչ թե հստակ բաժանարար գծով։ Եվրոպայի և Ասիայի միջև աշխարհագրական սահմանը չի համընկնում որևէ երկրի սահմանների հետ և միայն անցնում է ջրային մի քանի տարածքներով։ Թուրքիան համարվում է միջաշխարհամասային պետություն, որն ամբողջությամբ բաժանված է ջրով, մինչդեռ Ռուսաստանը և Ղազախստանը միայն մասամբ են բաժանված ջրային ուղիներով։ Ֆրանսիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը արդեն միջմայրցամաքային պետություններ են, քանի որ դրանց առանձին տարածքներ, որոնք գտնվում են այլ մայրցամաքների տարածքներում, բաժանված են օվկիանոսներով և ծովերով։ Օրինակ՝ Իսպանիան տարածքներ ունի Միջերկրական ծովից դեպի հարավ՝ Սեուտան և Մելիլյան, որոնք աշխարհագրորեն պատկանում են Աֆրիկային և ընդհանուր սահման ունեն Մարոկկոյի հետ։ Համաձայն ներկայիս սահմանման՝ Վրաստանը և Ադրբեջանը միջաշխարհամասային երկրներ են, որտեղ ջրուղիները ամբողջությամբ փոխարինվել են լեռներով, որպես աշխարհամասերի բաժանարար գիծ։ Հայաստանը աշխարհագրորեն ամբողջությամբ գտնվում է Ասիայի տարածքում, սակայն քաղաքական, մշակութային և պատմական առումներով կապված է Եվրոպայի հետ։ Բացի այդ, Հայաստանն անդամակցում է եվրոպական, այլ ոչ ասիական կառույցներին ու կազմակերպություններին։
Հասկացության պատմություն
Վաղ շրջանի պատմություն
Եվրոպայի՝ որպես աշխարհագրական տերմինի առաջին գրավոր հիշատակումն արվել է Ապոլլոնին նվիրված հոմերոսյան հիմներում, որտեղ Եվրոպան բնորոշում էր Եգեյան ծովի արևմտյան ափը։ Որպես աշխարհամասի անվանում՝ այն առաջին անգամ կիրառվել է մ.թ.ա. 6-րդ դարում Անաքսիմանդրոսի և Հեկատեոս Միլեթացու կողմից։ Անաքսիմանդրոսն Ասիայի և Եվրոպայի միջև սահմանն անց էր կացնում Կովկասում գտնվող Փազիս գետով (ներկայիս Ռիոն գետը Վրաստանի տարածքում)։ Մինչև մ.թ.ա. 5-րդ դարն այս սահմանումը կիրառում էր նաև Հերոդոտոսը[24]։ Նա նշում էր, որ անհայտ անձանց կողմից աշխարհը բաժանված է երեք մասերի՝ Եվրոպայի, Ասիայի և Լիբիայի (Աֆրիկա), որոնք միմյանցից անջատվում էին Նեղոս և Փազիս գետերով։ Հերոդոտոսը նաև նշում էր, որ ոմանց կարծիքով Եվրոպայի և Ասիայի միջև սահմանն անցնում էր ոչ թե Փազիս, այլ Դոն գետով[25]։ Դոն գետով Եվրոպայի արևելյան սահմանի սահմանումը տրվել է 1-ին դարում աշխարհագրագետ Ստրաբոնի կողմից[26]։ «Հոբելյանների գրքում» աշխարհամասը բնորոշվում է որպես հող, որը Նոյը տվել էր իր երեք որոդիներին։ Ըստ դրա՝ Եվրոպան ձգվում էր Ջիբրալթարի նեղուցում գտնվող Հերկուլեսյան սյուներից (որը Եվրոպան բաժանում էր Հյուսիսային Աֆրիկայից) մինչև Դոն գետ (որը Եվրոպան բաժանում էր Ասիայից)[27]։
Միջնադարում և մինչև մեր օրեր հասած սահմանումներից մեկը մեծապես կիրառվել է հռոմեական ժամակաշրջանում։ Այդ ժամանակաշրջանի հեղինակները, ինչպես օրինակ Պոսիդոնիոսը[28], Ստրաբոնը[29] և Կլավդիոս Պտղոմեոսը[30], Եվրոպայի և Ասիայի միջև սահմանը ևս անց էին կացնում Տանայիս գետով (ժամանակակից Դոն գետը)։
Հռոմեական կայսրությունը մեծ նշանակություն չէր տալիս մայրցամաքային բաժանման հայեցակարգին։ Այդուհանդերձ, Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո արևմտյան մշակույթը, որը կապված էր լատիներենի և կաթոլիկ եկեղեցու հետ, սկսեց ինքնին ասոցացվել «Եվրոպա» հայեցակարգի հետ[31]։ Մշակութային ոլորտը բնորոշելու նպատակով «Եվրոպա» տերմինն առաջին անգամ կիրառվել է 9-րդ դարում Կարոլինգյան արվեստի մեջ։ Այդ ժամանակներից սկսած տերմինը բնորոշվում էր որպես Արևմտյան եկեղեցու ազդեցության գոտի, որը հակակշռում էր Արևելյան ուղղափառ եկեղեցիներին և Իսլամական աշխարհին։
Եվրոպայի՝ որպես լատինական քրիստոնեական աշխարհի հողերի մշակութային սահմանումը ձևավորվել է 8-րդ դարում, որը բնորոշվում էր որպես նոր մշակութային համատիրություն՝ ստեղծված գերմանական ավանդույթների և քրիստոնեական-լատինական մշակույթի միաձուլման արդյունքում, ինչը մասամբ հակադրվում էր Բյուզանդական կայսրությանն ու իսլամական աշխարհին և սահմանափակվում էր Հյուսիսային Իբերիայով (Իսպանիայի հյուսիս), Բրիտանական կղզիներով, Ֆրանսիայով, քրիստոնեացված Արևմտյան Գերմանիայով, Ալպյան տարածաշրջանով ու Հյուսիսային և Կենտրոնական Իտալիայով[32]։ Հայեցակարգը կարոլինգյան արվեստի ամենակուռ ժառանգություններից մեկն է։ «Եվրոպա» տերմինը հաճախ հանդիպում է Կառլոս Մեծի պալատական գիտնականներից մեկի՝ Ալքուինի նամակներում[33]։ «Եվրոպա» տերմինի փոխակերպումը որպես մշակութային և աշխարհագրական տերմինի հանգեցրել է Եվրոպայի արևելյան սահմանների վրա մշակութային ազդեցությանը, հատկապես այն տարածքների, որոնք գտնվել են Բյուզանդական, Օսմանյան և Ռուսական կայսրությունների ազդեցության ներքո։ Այդպիսի հարցերի վրա ազդեցություն են ունեցել լրացուցիչ դրական իմաստները, որոնք ասոցացվում էին «Եվրոպա» տերմինի հետ՝ դրա կիրառողների կողմից։ Նման մշակութային դատողությունները կիրառելի չեն Հյուսիսային և Հարավային Ամերիկաների համար՝ չնայած եվրոպական երկրների կողմից դրանց գրավմանը և բնակեցմանը։ Փոխարենը, առաջացավ «Արևմտյան քաղաքակրթություն» հայեցակարգը՝ Եվրոպան և նրա գաղութները միավորելու համար[34]։
Ժամանակակից սահմանումներ
Եվրոպայի արևելյան ճշգրիտ սահմանը որոշելու հարցը ծագել է վաղ նորագույն ժամանակաշրջանում, երբ Մոսկվայի մեծ իշխանության արևելյան ընդլայնումը սկսեց ներառել Հյուսիսային Ասիան։ Ողջ միջնադարում և ընդհուպ մինչև 18-րդ դար Եվրասիա մայրցամաքի տարածքի ավանդական բաժանումը երկու աշխարհամասի՝ Եվրոպայի և Ասիայի, ինչպես ավելի վաղ այդ մասին գրել էր նաև Պտղոմեոսը, անցել է Սևծովյան նեղուցներով, Սև ծովով, Կերչի նեղուցով, Ազովի ծովով և Դոն գետով (հնում՝ Տանայիս)։ Սակայն 16-18-րդ դարերում կազմված քարտեզները տարբերվում էին նրանով, թե ինչպես Դոնի Կալաչի մոտից շարունակել սահմանը Դոնի երկայնքով (որտեղ այն ամենամոտն է Վոլգային, իսկ ներկայումս կապված է Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքով) դեպի մի տարածություն, որը նախկինում երբևիցե որևէ ձևով չէր նկարագրվել աշխարհագրագետների կողմից։
Մոտ 1715 թվականին Հերման Մոլը կազմեց մի քարտեզ, որը ցույց էր տալիս Օբ ու Իրտիշ գետերի հյուսիսային հատվածները։ Վերջինս Օբ գետի խոշոր վտակն է, որը հանդիսանում է իրար հետ մասամբ կապված մի շարք ջրային ուղիների հիմնարար հատվածը։ Այդ ջրային ուղիներն անցնում էին Եվրոպայի և Ասիայի սահմանով՝ սկսվելով Սևծովյան նեղուցներից և Դոն գետով հասնում մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ 1721 թվականին նա կազմեց առավել թարմացված քարտեզ, որը հեշտ ընթեռնելի էր։ Սակայն նրա առաջարկը՝ խոշոր գետերը համարել սահմանազատման գիծ, երբեք չկիրառվեց մյուս աշխարհագրագետների կողմից, որոնք չէին ընդունում այն մոտեցումը, որ ջրային սահմանները Եվրոպայի և Ասիայի բաժանման միակ օրինական բաժանարարն են։
Չորս տարի անց՝ 1725 թվականին, Ֆիլիպ Յոհան ֆոն Ստրալենբերգն առաջինն էր, որը հեռացավ Դոն գետը որպես երկու աշխարհամասերի ավանդական բաժանարարի մոտեցումից։ Նա նոր սահմանագիծ գծեց Վոլգա գետի երկայնքով, որը շարժվում էր դեպի հյուսիս՝ Սամարայի թեքվածք, այնուհետ Օբշի Սիրտի երկայնքով (ջրբաժան Վոլգա գետի և Ուրալյան լեռների միջև) դեպի հյուսիսում գտնվող իր ակունքը՝ Ուրալյան լեռներ։ Այս համատեքստում նա առաջարկում էր, որ լեռնաշղթաները ներառվեն աշխարհամասերի սահմազատման գծերի մեջ՝ որպես հարևան ջրային ուղիներին այլընտրանք։ Համապատասխանաբար, նա նոր սահմանը գծեց դեպի հյուսիս՝ Ուրալյան լեռների երկայնքով, այլ ոչ թե մոտակա Օբ ու Իրտիշ գետերին զուգահեռաբար[35]։ Դա ստացավ Ռուսական կայսրության հավանությունը և ներկայացվեց նոր սահմանումը, որն ավելի ուշ դարձավ ամենաընդունելին։ Այդուհանդերձ, այն քննադատություններից զերծ չմնաց։ Վոլտերը, 1760 թվականին գրելով Պետրոս I-ի ջանքերի մասին, որը Ռուսաստանը փորձում էր դարձնել առավել եվրոպական, անտեսեց սահմանային ողջ հարցը՝ պնդելով, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Սկանդինավիան, Հյուսիսային Գերմանիան և Լեհաստանը, ամբողջությամբ չեն հանդիսանում Եվրոպայի մաս[31]։ Այդ ժամանակվանից սկսած ժամանակակից մի շարք աշխարհագրագետ վերլուծաբաններ, ինչպես օրինակ Հելֆորդ Մաքինդերը, հայտարարեցին, որ նրանք քիչ իմաստ են տեսնում Ուրալյան լեռները՝ որպես երկու աշխարհամասերի բաժանարար համարելու գաղափարի մեջ[36]։
Մինչև 19-րդ դարը քարտեզագիրները շարունակում էին Եվրոպայի և Ասիայի միջև սահմանն անցկացնել ստորին Դոնից մինչև Սամարա միջակայքով։ 1745 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակած ատլասում երկու աշխարհամասերի միջև սահմանն անցնում էր Կալաչի մոտ Դոն գետով մինչև Սերաֆիմովիչ, իսկ այնուհետ թեքվում դեպի հյուսիս՝ Արխանգելսկ, մինչդեռ 18-19-րդ դարի այլ քարտեզագիրներ, ինչպես օրինակ Ջոն Քերին, հարում էր Ստրալենբերգի մոտեցմանը։ Հարավում Կումա-Մանիչի իջվածքը, որը հայտնաբերվել է 1773 թվականին գերմանացի բնագետ Պյոտր Սիմոն Պալասի կողմից, դաշտավայր է, որը ժամանակին իրար է կապել Սև ու Կասպից ծովերը[37][38] և հետագայում առաջարկվել է որպես երկու աշխարհամասերի միջև բնական սահման։
19-րդ դարի կեսերին աշխարհագրական շրջանակներում շրջանառվում էր երեք հիմնական սահմանում։ Դրանցից մեկով Եվրոպայի և Ասիայի միջև սահմանն անցնում էր Դոն գետով, Վոլգա-Դոն նավարկելի ջրանցքով և Վոլգա գետով։ Մյուս սահմանման համաձայն՝ այն անցնում էր Կումա-Մանիչի իջվածքով մինչև Կասպից ծով, իսկ այնուհետև դեպի Ուրալ գետ։ Իսկ երրորդ սահմանումն ընդհանրապես հրաժարվում էր Դոն գետից և ըստ դրա՝ սահմանն անցնում էր Մեծ Կովկասյան ջրբաժանից մինչև Կասպից ծով։ 1860-ական թվականների աշխարհագրական գրականության մեջ հարցը շարունակում էր մնալ «վիճելի»։ Դուգլաս Ֆրեշֆիլդն առաջ քաշեց այն մոտեցումը, որ Կովկասյան լեռները «լավագույն հավանական» բաժանարարն են երկու աշխարհամասերի համար՝ դրանով ստանալով նաև ժամանակակից մի շարք աշխարհագրագետների հավանությունը[39]։
1906 թվականից սկսած Ռուսաստանում և Խորհրդային Միությունում Կումա-Մանիչի իջվածքը, որպես երկու աշխարհամասերի բաժանարար գիծ, ամենատարածվածն ու ամենակիրառելին էր[40]։ 1958 թվականին Խորհրդային աշխարհագրական ընկերակցությունը պաշտոնապես խորհուրդ տվեց կիրառել այն մոտեցումը, որ դասագրքերում Եվրոպայի ու Ասիայի բաժանարար գիծ դիտարկվի Կարայի ծովում Բայդարացկայա ծովածոցը, որը գտնվում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտին, այնուհետև Ուրալ գետը՝ մինչև Մուգոջարի բլուրներ, որտեղից էլ Էմբա գետ ու Կումա-Մանիչի իջվածք[41]։ Արդյունքում Կովկասն ամբողջությամբ հայտնվում էր Ասիայում, իսկ Ուրալը՝ Եվրոպայում[42]։ Այդուհանդերձ, խորհրդային աշխարհագրագետների մեծ մասը կողմ էր Կովկասյան լեռների երկայնքով անցնող բաժանմանը[43] և սա դարձավ 20-րդ դարի վերջին ամենատարածված սահմանումը՝ չնայած Կումա-Մանիչի իջվածքը շարունակեց կիրառման մեջ մնալ 20-րդ դարի որոշ քարտեզներում։
Ոմանք Եվրասիայի բաժանումն Ասիայի և Եվրոպայի համարում են եվրոցենտրիզմի դրսևորում։ «Ֆիզիկական, մշակութային և պատմական բազմազանության տեսանկյունից Չինաստանը և Հնդկաստանը համեմատելի են Եվրոպայի ցամաքային ողջ տարածքի, այլ ոչ ինչ-որ եվրոպական մի երկրի<...> հետ»[44]։