Եվրոպա (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպա (հուն․՝ Ευρώπη), Յուպիտերի վեցերորդ արբանյակը, Գալիլեյան արբանյակներից ամենափոքրը և Արեգակնային համակարգի արբանյակների մեջ մեծությամբ վեցերորդը։ Հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին[1]։ Արբանյակի հայտնագործման մեկ այլ թեկնածու էր գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսը, որը դիտել էր այն 1609 թվականին, բայց չէր հրատարակել իր տվյալները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպա (այլ կիրառումներ)
Եվրոպա (Յուպիտեր II) Europa | |
---|---|
Եվրոպայի հետին կիսագունդը մոտավոր բնական գույնով։ Վերին աջ մասում երևացող խառնարանը Պույլն է, իսկ մուգ շրջանները Եվրոպայի մակերևույթի այն մասերն են, որտեղ ջրային սառույցի շերտի մեջ կան զգալի միներալների խառնուրդներ։ Լուսանկարվել է Գալիլեո ԱՄԿ-ից 1996 թվականի սեպտեմբերի 7-ին | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 8 հունվար 1610[1] թ. (Գալիլեո Գալիլեյի և Սիմոն Մարիուսի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 5,29[2] |
Հեռավորությունը Յուպիտերից | 670 900 կմ[3][4] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 664 862 կմ |
Ապոհելին | 676 938 կմ |
Մեծ կիսաառանցք | 670 900 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,009[3][4] |
Սիդերիկ պարբերություն | 3,551181 օր[3] |
Ուղեծրային արագություն | 13,740 կմ/վ[4] |
Թեքվածություն | 0,470° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ) 1,791° (խավարածրի հարթության նկատմամբ)[3][4] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 1560,8 ± 0,5 կմ[2] |
Մակերևույթի մակերես | 3,09 × 107 կմ² |
Ծավալ | 1,593 × 1010 կմ³ |
Զանգված | (4,799844 ± 0,000013) × 1022 կգ[2] |
Միջին խտություն | 3,013 ± 0,005 գ/սմ³[2] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 1,314 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 2,025 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[5] |
Առանցքի թեքում | 0,1°[6] |
Ալբեդո | 0,67 ± 0,03[2] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 50 Կ[7] |
Մթնոլորտային ճնշում | 0,1 մՊա (10−12 բար)[8] |
«Եվրոպա» անվանումը կապված է հին հունական առասպելաբանության հերոսներից մեկի՝ Զևսի (Յուպիտերի) սիրուհու անվան հետ։ Այս անվանումը առաջարկվել է Սիմոն Մարիուսի կողմից 1614 թվականին, բայց երկար ժամանակ գործածության մեջ չի եղել։ Գալիլեյն իր հայտնաբերած 4 արբանյակներն անվանել էր «Մեդիչիի մոլորակներ» և ուղղակի համարակալել էր դրանք։ Եվրոպան անվանել էր «Յուպիտերի երկրորդ արբանյակ» (հաճախ այն անվանում էին «Յուպիտեր 2»)։ Միայն 20-րդ դարի կեսերից է «Եվրոպա» անվանումը տարածում գտել։
Աննշան չափով փոքր լինելով Լուսնից՝ Եվրոպան հիմնականում կազմված է սիլիկատներից և ունի ջրային սառցե կեղև[9] ու հավանաբար պողպատ-նիկելային միջուկ։ Արբանյակի վրա գոյություն ունի նոսր մթնոլորտ, որը հիմնականում բաղկացած է թթվածնից։ Մակերևույթը կտրտված է ճեղքերով և ակոսներով, իսկ խառնարանները համեմատաբար հազվադեպ են։ Եվրոպան ունի ամենահարթ մակերևույթը Արեգակնային համակարգի հայտնի մարմինների միջև[10]։ Մակերևույթի հարաբերական երիտասարդությունն ու հարթությունը հանգեցրեց այն վարկածին, որ մակերևույթի տակ գոյություն ունի ջրային օվկիանոս, որը կարող է պարունակել նաև արտերկրային կյանք[11]։ Համաձայն այս տեսության՝ մակընթացային ուժերի ազդեցության տակ արբանյակի ընդերքը տաքանում է, որը և պահպանում է այդ օվկիանոսը հեղուկ վիճակում և առաջացնում է երկրաբանական ակտիվություն[12]։ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ ապացուցվել է Եվրոպայի վրա տեկտոնիկ ակտիվության առկայությունը՝ առաջին այսպիսի նշանը Երկրից բացի մեկ այլ երկնային մարմնի վրա[13]։ 2015 թվականի մայիսի 25-ին գիտնականները հայտարարեցին, որ Եվրոպայի մակերևույթի որոշ առանձնահատկություններ ծածկված են ծովային աղով։ Սա կարող է կարևոր լինել պարզելու համար՝ կա՞ արդյոք կյանք Եվրոպայի վրա[14]։
2013 թվականի դեկտեմբերին ՆԱՍԱ-ն հայտարարեց Եվրոպայի սառցե կեղևում կավային միներալների հայտնաբերման մասին (մասնավորապես, ֆիլոսիլիկատներ)[15]։ Դրանից բացի Հաբլ աստղադիտակի միջոցով արբանյակի վրա հաջողվել է հայտնաբերել նաև ջրային գոլորշու շիթեր, ինչպիսիք դիտարկվել են Սատուրնի արբանյակ Էնցելադի վրա, որոնք ենթադրաբար կրիոհեյզերներ են[16]։
Երկրի վրա գտնվող աստղադիտակներից կատարվող հետազոտություններից զատ, Եվրոպան հետազոտվել է նաև մի քանի ավտոմատ միջմոլորակային կայաններով սկսած 1970-ական թվականներից։ 1989 թվականին արձակված Գալիլեո ավտոմատ միջմոլորակային կայանի առաքելության արդյունքներում ստացվել են մեծ քանակությամբ տեղեկություններ Եվրոպայի մասին։ Առայժմ արբանյակի մակերևույթին ոչ մի տիեզերական սարք վայրէջք չի կատարել, սակայն նրա խոստումնալից առանձնահատկությունների պատճառով առաջարկվել են մի քանի հետագա հետազոտությունների ծրագրեր. Եվրոպական Տիեզերական Գործակալությունը նախագծում է Յուպիտերի սառցե արբանյակների հետազոտող (JUICE) ԱՄԿ-ն, որը նախատեսվում է ուղարկել դեպի Գանիմեդ և արձակվելու է 2022 թվականին, սակայն այն երկու անգամ անցնելու է Եվրոպայի մոտով[17]։ Իսկ ՆԱՍԱ-ն նախագծում է Եվրոպայի բազմա-անցումային առաքելությունը, որը արձակվելու է 2020-ականների կեսին[18]։