Երկրագործություն
From Wikipedia, the free encyclopedia
Հողագործություն, այլապես կոչված՝ երկրագործություն կամ ֆերմերություն, գյուղատնտեսության ճյուղ, ընդգրկում է պարենային, տեխնիկական, կերային և գյուղատնտեսական այլ բույսերի մշակությունը։ Նաև գիտություն, գյուղատնտեսագիտության՝ ագրոնոմիայի բաժին, որն ուսումնասիրում է բույսերի մշակության ընդհանուր ձևերը, մշակում հողօգտագործման և հողի բերրիության բարձրացման առավել արդյունավետ եղանակներ։ Հողագործությամբ զբաղվողը կոչվում է հողագործ, ինչպես նաև երկրագործ կամ ֆերմեր, իսկ հողագործության տարածքը կոչվում է ագարակ կամ ֆերմա։
Երկրագործությունը բնակչությանն ապահովում է պարենով, անասնապահությանը՝ կերով, արդյունաբերության որոշ ճյուղերի՝ հումքով։ Տարբերում են Երկրագործության էքստենսիվ՝ արտադրությունը զարգանում է հողային տարածքների ընդարձակման շնորհիվ, և ինտենսիվ՝ լրացուցիչ միջոցների ներդրման հաշվին (մեքենայացում, հողբարելավում, քիմիացում և այլն), ձևեր։ Երկրագործությունը լինում է կայուն (բավարար ջրաջերմային շրջաններում), անկայուն կամ չոր (մթն. անբավարար տեղումներով ու անկայուն եղանակով շրջաններում), ոռոգվող (անապատային, կիսաանապատային, մասամբ՝ բարեխառն գոտիներում), անջրդի (ոռոգվող անջրդի հողերում), լեռնային, բևեռային և այլն։