Երևան
Հայաստանի մայրաքաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրն է, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ[5]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Երևան | |||||
| |||||
Ձախից աջ՝ Մայր Հայաստան հուշահամալիր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, Հայաստանի կառավարության շենքը Հանրապետության հրապարակում, Երևանի բանալին Հյուսիսային պողոտայում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Կասկադ համալիր, Երևանի ընդհանուր համայնապատկեր | |||||
Երկիր | Հայաստան | ||||
Ներքին բաժանում | 12 համայնք | ||||
Քաղաքապետ | Տիգրան Ավինյան | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 782[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | Ք.ա 782թ. | ||||
Այլ անվանումներ | Էրեբունի | ||||
Մակերես | 227 կմ² | ||||
ԲԾՄ | 900-1100 մ | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||||
Բնակչություն | 1․1 միլիոն[2] մարդ (2011) | ||||
Ազգային կազմ | Հայեր՝ 1048940[3] ռուսներ՝ 4940[3] եզդիներ՝ 3268[3] ուկրաինացիներ՝ 603[3] պարսիկներ՝ 468[3] հույներ՝ 300[3] վրացիներ՝ 264[3] ասորիներ՝ 226[3] այլ՝ 1129[3]: | ||||
Կրոնական կազմ | առաքելականներ՝ 1007130[3] ավետարանական՝ 6703[3] Եհովայի վկաներ՝ 3504[3] ուղղափառներ՝ 3440[3] կաթոլիկներ՝ 1276[3] շարֆադինականներ՝ 1670[3] մոլոկաններ՝ 690[3] հեթանոսներ՝ 646[3] այլ՝ 35079[3]: | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +374 (10), +374 (60)[4] | ||||
Փոստային դասիչ | 0001-0099 | ||||
ISO 3166-2|ISO 3166-2 կոդ | AM.ER | ||||
Պաշտոնական կայք | yerevan.am | ||||
| |||||
Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[6][7]։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր[8]։
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդան-1 քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին, ներկայումս ԱՄՆ դեսպանատան տարածքում), որի հնագույն՝ ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100–35 հազարամյակ առաջ)։ Ընդհանուր առմամբ Հրազդանի կիրճում քարայրների թիվը մոտ հարյուր է։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ[9]։
Հայ մատենագիրները՝ վկայակոչելով քաղաքային լեգենդը Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։
Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)[փա՞ստ]։ Երևանը կոչվել է նաև Էրիվան, Էրևան, Ռևան, Իրավան, Այրիվան և այլ անուններով[10]։
3-րդ դարի սոգդիական-մանիքեական մի տեքստում նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Ռավան բնակավայրում հիմնել է մանիքեական համայնք։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը կարող է Երևանի մասին լինել[9]։
Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։
Հիմնադրում
Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է Ք.ա. 782 թվականին։
Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը[փա՞ստ]։
19-րդ դարի վերջերին հնագետ Ալեքսեյ Իվանովսկին Նորքի բնակիչ Պ. Տեր-Ավետիքյանից ձեռք է բերել նրա բակում հայտնաբերված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Միխայիլ Նիկոլսկու կողմից[11]։ Դրանում նշվում էր Արգիշտիի կողմից Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին, սակայն ամրոցի ստույգ վայրը մնում է գաղտնի։
1950 թվականին մեկնարկած հնագիտական աշխատանքների ընթացքում Արին-Բերդ բլրի վրա գտնվել է Էրեբունու հիմնադրման առիթով կանգնեցված արձանագրությունը, ինչը վերջապես ապացուցում է Էրեբունի գտնվելու ստույգ վայրը։ Սալաքարի վրա գրված էր.
Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր... - [12] |
- Էրեբունի ամրոցի որմնանկարներ
- Խալդի աստծո պատկեր, Էրեբունի ամրոց, վերակառուցում
- Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին արձանագրության սեպագրի պատճեն
- Թեյշեբաինիի բերդը. վերականգնված տեսք
Արգիշտին Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ բնակեցնում է 6600 զինվորների՝ իրենց ընտանիքներով։ Մեկ դար անց Ռուսա Բ արքան Հրազդան գետի ափին՝ Երևանի հարավային մասում (ներկայիս Չարբախ թաղամասից հյուսիս), հիմնադրում է մի նոր բերդաքաղաք, որը Վանի թագավորության Թեյշեբա աստծու անունով կոչվեց Թեյշեբաինի։ Այն նշանավոր ռազմական կենտրոն էր տերության հյուսիսային հատվածում, ուներ միջնաբերդ, քաղաքային թաղամասեր։ Բերդից հարավ տնկվել էին խաղողի այգիներ։ Թեյշեբաինին ավերվել է սկյութների կողմից Վանի թագավորության կործանման տարիներին՝ մ. թ. ա. 585 թվականին։
Աքեմենյան շրջան
Աքեմենյանների (հին պարսկ.՝ Հախամանիշտիյա) կամ Արյաց Տերությունը (մ. թ. ա. 553–330) Հին Աշխարհի աշխարհակալ պետություններից էր։ Նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Երկրի ընդհանուր մակերեսը կազմում էր մոտ 5 ու կես միլիոն քառակուսի կիլոմետր։
Հայաստանն այս պետության մեջ մտնում էր որպես 13-րդ սատրապություն։ Հետագայում այն բաժանվում է 2՝ հյուսիսային ու հարավային հատվածների, համապատասխանաբար Էրեբունի և Վան կենտրոններով։ Այսպիսով՝ Էրեբունին կրկին դառնում է վարչաքաղաքական կենտրոն։ Բերդում գտնվել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ. թ. ա. 478 թվականին, ինչը վկայում է այստեղ կատարված միջազգային առևտրի մասին։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի[13]։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո Հայաստանը վերականգնում է իր անկախությունը, և պետության կենտրոնը վերջնականապես տեղափոխվում է Արարատյան դաշտ։
Հայոց թագավորության շրջան
Մ. թ. ա. 330 թվականին վերականգնվում է հայոց անկախ պետականությունը։ Դեռ 6-րդ դարում հիմնված Երվանդունիների թագավորական տոհմը (մ. թ. ա. 580–201) վերստին բազմում է հայոց գահին։ Նրան փոխարինելու է գալիս Արտաշեսյանների դինաստիան (մ. թ. ա. 190–1)։ Հայ թագավորները հրաժարվում են պարսկական նախկին վարչական կենտրոններ Վանից ու Էրեբունուց։ Հայոց պետության կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտ։ Էրեբունուց ոչ հեռու կառուցվում են մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, իսկ Արշակունիների հարստության (66–428) ժամանակ՝ Վաղարշապատը և Դվինը։ Էրեբունին վերջնականապես զրկվում է վարչաքաղաքական կենտրոնի կարգավիճակից։ Հայոց թագավորության շրջանում 3-րդ դարի մանիքեական տեքստերից մեկում մեջբերվում է Ռավան բնակավայրը, որը կարող էր լինել ներկայիս Երևանը։ Ըստ արձանագրության՝ Մանի մարգարեի աշակերտներից մեկը այդտեղ քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության՝ բնակավայրը կառավարում էր ինչ-որ միապետ։
5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին[13]։ Եկեղեցու քանդման ընթացքում հայտնաբերվել է ավելի վաղ՝ հելենիստական շրջանի մշակութային շերտ։ 5-7 դարերի գերեզմաներ է հայտնաբերել նաև Կարո Ղաֆադարյանը Երևանի Կոզեռնի գերեզմանատան քանդման ընթացքում։ Այսպիսով վաղ միջնադարյան շրջանում Երևանը իր ներկայիս վայրում եղել է արդեն կազմավորված բնակավայր՝ քրիստոնեա՝ ենթադրվում է, որ հայ բնակչությամբ։
Արաբական շրջան
7-րդ դարում Արաբական թերակղզում ստեղծվում է Արաբական խալիֆայությունը։ Այն հիմնվում է արաբների ընդունած նոր կրոնի՝ իսլամի շնորհիվ, և արագորեն դառնում աշխարհի՝ մինչ այդ եղած պետություններից ամենախոշորն ու զարգացածը։ 640 թվականի արշավանքի ժամանակ դեպի տարածաշրջան արաբները գրավում են հայոց եկեղեցու կենտրոն ու Հայաստանի մայրաքաղաք Դվինը։
Այս շրջանին է պատկանում Երևան անվան առաջին հստակ մեջբերումը տարեգիրների կողմից. 642-643 թվականներին[14] արաբական բանակը ներխուժում է տարածաշրջան ու, ըստ Սեբեոսի հայտնի արձանագրության, երկու անգամ պաշարում է Երևանի բերդը ու չի կարողանում այն գրավել[15].
Եվ եկին ժողովեցան ի Հէրևան, և մարտեան ընդ բերդին, և ոչ կարացին առնուլ։
Այդ ու ամենայնիվ այս արձանագրության շուրջ առկա են բազմաթիվ տարակարծություններ, թե արդյոք սա նույն Երևանն է, ինչ ներկայիս Հայաստանի մայրաքաղաքը։ Սակայն գերակշռող կարծիքները հակված են ընդունել, որ գործ ունենք Երևանի հետ ու որ այդ օրերին փաստորեն Երևանում կար բերդ, ինչն իր հերթին խոսում է այն մասին, որ Երևանը տարածաշրջանում եղել է նշանակալի միավոր։ Հարցը, թե արդյոք սա նույն բերդն է եղել, ինչ 16-րդ դարում Իսմայիլ շահի կողմից կառուցված բերդը, մնում է բաց։ Բերդի պաշարման մասին գրել են նաև Հովհաննես Դրասխանակերտցին ու Սամվել Անեցին։ Սակայն համադրելով փաստերը Թադևոս Հակոբյանը նշում է, որ ըստ երևույթին նրանք նկատի են ունեցել երկու տարբեր արշավանքներ, որոնցից մեկը տեղի է ունեցել 643 թվականին, մյուսը՝ 658 կամ 660 թվականին[16]։
Բյուզանդիայից օգնություն ստանալու համար կաթողիկոս Ներսես Գ-ի ու Թեոդորոս Ռշտունու վարվող բանակցությունները ավարտվում են Հայաստանին առաջադրած վերջնագրով՝ ընդունելու քաղկեդոնականություն, որը Հայաստանը կտրուկ մերժում է։ 652 թվականին Բյուզանդիայի կայսր Կոնսդանտ Բ-ն ներխուժում է Հայաստան, գրավում Դվինն ու ստիպում կաթողիկոսին ուղղափառ ավանդույթով պատարագ իրականացնել։ Սա իր հերթին բերում է սուր հակաբյուզանդական տրամադրությունների ու սպարապետ Թեոդորոս Ռշտունու կողմից արաբկան խալիֆայության հետ Դամասկոսի պայմանագրի կնքումը, որով բավական մեղմ պայմաններ էին հաստատվում Հայաստանի համար, Հայաստանը հարկեր մուծելու էր ըստ հնարավորության, սակայն ճանաչելով Խալիֆի գերակայությունը։
703 թվականի ձմռանը Երևանը գրավել է արաբ ոստիկան Մուհամադ իբն Մարվանը՝ տարի, երբ Արաքսը փակվել էր սառույցով[17]։ Նույն թվականի հունվարի 23-ին[18], քանի դեռ Երևանի ճակատամարտը դեռ ընթացքի մեջ էր, Դվինում արաբները ցուցադրաբար մահապատժի են ենթարկում Հայաստան տեղափոխված արաբ գնդապետ Սուրխանին, ով մինչ այդ քրիստոնեություն էր ընդունել, ստացել Դավիթ անունը, ամուսանցել ու երեխաներ ունեցել Հայաստանում[19]։ Եկեղեցու մեջ կենդանի այրվում են նաև հայ ազնվականության ներկայացուցիչները, ովքեր հրավիրվել էին Նախիջևանի Խրամ գյուղում բանակցությունների։
Բագրատունյաց շրջան
Իսկ 850 թվականին Հայոց իշխան, ապագա թագավոր Աշոտ Բագրատունին ազատագրում է Երևանը Դվինի ամիրայի զորքերից և միացնում իր կալվածքներին։ Երևանը սկսում է զարգանալ որպես հայկական միջնադարյան քաղաք՝ Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ։ 874 թվականին Սևանի Առաքելոց եկեղեցու պատի արձանագրության համաձայն՝ Աշոտ Բագրատունու դուստ Մարիամը կառուցել է եկեղեցին ու նվիրաբերել դրան մի քանի գյուղ ու այգիներ Երևանում ու Գառնիում[20]։
863 (Ռիխտերի սանդղակով 5 բալ՝ 8 մագնիտուդով) ու 893 (Ռիխտերի սանդղակով 6․5 բալ՝ 9 մագնիտուդով) թվականներին Արարատյան դաշտը դառնում է երկու խոշոր երկրաշարժերի էպիկենտրոն, որում մեծ վնասներ է կրում Դվինը ու ողջ շրջակայքը՝ ներառյալ Երևանը։ 893 թվականին երկրաշարժին զոհ գնացին մոտ 150 000 մարդ։
10-րդ դարի 20-ական թվականներին Խալիֆաթը ստիպված ընդունում է Արարատյան դաշտի միացումը Բագրատունյաց Հայաստանին, ու Աշոտ Բ Բագրատունին ստանում է Հայաստանի ու Վրաստանի Շահինշահ կոչումը։
11-րդ դարում Երևանում էր ապրում իր օրերի նշանավոր փիլիսոփաներից մեկը, պայծառատես, աստղագետ՝ եպիսկոպոս Հովհաննես Կոզեռնը։ 1022 թվականին նա հայոց թագավար Հովհաննես-Սմբատի անունից հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի հետ միասին մասնակցել է Բյուզանդիայի կայսր հայազգի Բարսեղ Բ Բուլղարասպանի հետ բանակցություններում՝ հայոց հողերի կարգավիճակի ու Բյուզանդիայի կազմի մեջ հնարավոր մտնելու վերաբերյալ։ 1036 թվականին Հովհաննես Կոզեռնը արևի խավարումից հետո կատարել է կանխատեսում, որ մոտ ժամանակ մեծ փորձություններ են սպասվում քրիստոնեա հավատքի համար, դաժանության ու անարդարության մասին։ Իր մահից հետո Հովհաննես Կոզեռնը հուղարկավորվել է Երևանի հին գերեզմանում, որը դրանից հետո սկսել է կոչվել իր անվամբ՝ Կոզեռնի գերեզմանատուն, ու հանդիսացել է Երևանում հայկական անընդմեջ ներկայության հերթական ապացույց։
11-դարի 40-ականներին մայրաքաղաք Անին իր շրջակայքով մտնում է Բյուզանդիայի կազմի մեջ։
Երևանում այդ ժամանակ իշխում էր Պահլավունի տոհմից Ապիրատ իշխանը, ով ուներ ենթակայության տակ 12 հազարանոց (ըստ այլ աղբյուրների 20 հազարանոց) զորք։ Նա 1036 թվականին կառուցում է Երևանի Մամռի ջրանցքը, որը սկիզբ է առնում Քանաքեռի մոտից, ձգվում է դեպի Կոնդի ու Շահարի այգիները ու լցվում Թոխմախի լիճ։ Ջրանցքը գործել է մոտ 1000 տարի ու վերջնականապես քանդվել 20-րդ դարի կեսերին։
Սելջուկյան տիրապետություն
1064 թվականին տարածաշրջան իր երրորդ արշավանքի ժամանակ սելջուկ սուլթան Արփ Ասլանը գրավեց Արարատյան դաշտն ու Երևանը, իսկ 1071 թվականին ջախջախեց բյուզանդական բանակը Մանազկերտի մոտ։ Երևանը մտավ Անիի էմիրության մեջ, որը ղեկավարում էր քուրդ Շեդդադիդ ընտանիքը։
Վրացական տիրապետություն
Հետագա սելջուկ-կաթոլիկ հակամարտությանն ընթառաջ ուժեղանում է Վրաստանի իշխանությունը։ Դավիթ Դ Շինարար թագավորը գրավում է Անին ու Դիդգորի ճակատամարտում 1121 թվականին ջախջախում սելջուկյան բանակը։ Երևանը մնում է սելջուկյան տիրապետության տակ ևս 80 տարի, մինչ վրաց Թամարա թագուհու ամիրպալասար (բանակի հրամանատար) Զաքարե Զաքարյանը ու իր ուղղափառություն դավանող եղբայր Իվանե Զաքարյանը 1199-1203 թվականին գրավում են ողջ Արարատյան դաշտը՝ միացնելով Երևանը վրաց պետությանը։
1201 թվականին Հառիճավանքի պատին Զաքարեի թողած մի արձանագրության մեջ նշվում է Զաքարեին պատկանող կալվածքների մասին՝ այդ թվում նաև Երևանում, որոնցից երկուսը նա նվիրաբերել է Հաջիճավանքին ու Հաղարծնի վանքերին[21]։ Զաքարեի մահից հետո Իվանեն Հաղարծնի վանքի պատին թողել է արձանագրություն, որ ի պատիվ եղբոր վանքին է նվիրաբերում մի շարք տարածքներ՝ ներառյալ մի այգի Երևանում[22]։ Այս շրջանում վերակառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ երկրի տարածքով մեկ՝ ներառյալ նաև Երևանի Կաթողիկե եկեղեցին։ Հավանաբար Երևանը այդ շրջանում կառավարվել է ավագանիների խորհրդի կողմից, որոնց անունների պատմությունը պահպանել է Մխիթարի, պարոն Վարդի, Դոլի, Հուսիկ Երևանցու անունները[14]։
Մոնղոլական տիրապետություն
Եվս մի քանի տասնամյակ անց՝ 1230-1240 թվականներին Հայաստանը գրավում են մոնղոլները, որոնց դեմ որոշ ժամանակ պայքար էին մղում վրաց-հայկական զորքերը՝ Վրաստանի Դավիթ Զ թագավորի գլխավորությամբ։ Երևանը դառնում է մոնղոլական խուլագուիդների Իլխանության մաս, երբ այն ղեկավարում էր Չինգիզ խանի ծոռ Աբագին՝ Խուլագուիդների իշխանության հիմնադիր Խուլագու խանի որդին։ Մոնժոլները վարում էին խիստ հարկային քաղաքականություն, սակայն ընդունում էին ավանդական տեղական ֆեոդալներին՝ շահագրգռված լինելով գրավյալ հողերի տնտեսական զարգացմամբ։ Այս օրերին մեծ դեր էին խաղում մի շարք հայ մեծահարուստներ, որոնցից հայտնի են պարոն Ավետենց տոհմի Սահմադինը, ով 1264 թվականին գնել է «Երևանը իր ողջ հողերով ու ջրով»[23], ու իր երկու որդիներ Ամիրբեկն ու Հազարբեկը, պարոն Չար Ումեկյանը ու իր որդի Ումեկը, Տիգրան Հոնենցը՝ Անիի հայտնի եկեղեցու կառուցողը, ով Երևանում 1215 թվականին մի այգի ուներ։
Ժամանի ընթացքում Իլխանության նոր ղեկավարների կողմից իսլամ ընդունելու հետ մեկտեղ ավելանում են ճնշումները հայերի նկատմամբ, ինչը բերում է մեր տարածաշրջանից արտագաղտի աճի։ 14-րդ դարում Իլխանության թուլացման շրջանում Երևանը ղեկավարվում էր թուրքացած մոնղոլական սուլդուս ցեղի՝ Չոբանիդների կողմից։ Մուսուլմանական բնակչությունը այնքան էր մեծացել, որ հայտնի ճանապարհորդ Մարկո-Պոլոն իր քարտեզի վրա Մեծ ու Փոքր Հայքերի միջև տեղադրում է նաև Թուրքմենստանը։
Թաթարական տիրապետություն
1387 թվականին Արարատյան դաշտ է ներխուժում քեշթական ավազակների առաջնորդ Լենկթեմուրը, ով Երևանում տանջամահ է անում 500 հայի։ Ավելի դաժան է վարվում Վրաստանի հետ, որտեղ սպանում է հազարավոր մարդկանց, իսկ մոտ 100 հազարի գերեվարում է, ովքեր հազարավոր գերեվարված հայերի հետ տեղափոխվում են Միջին Ասիա՝ կառուցելու նոր մայրաքաղաք Սամարղանդը։
Չնայած Թեմուրի պետությունը կենտրոնացած ձևով գոյատևեց մի քանի տասնամյակ, իր գործողությունների ազդեցությունը հիմնովին փոխեց ողջ տարածաշրջանը։ Նա տեղափոխեց մինչ այդ Պարսկաստան տեղափոխված 200,000 քոչվոր ընտանիքներից 50,000-ը դեպի Երևան, Գանձակ ու Արցախ։ Այդ տեղափոխված բազմությունը դարձավ ներկայիս Հարավային Կովկասի իսլամադավան բնակչության ու Ադրբեջանի հիմքը[24]։
Կարա-Կոյունլու տիրապետություն
15-րդ դարի սկզբին Լենքթեմուրի որդի Միրան շահի դեմ են դուրս գալիս մոնժոլական Ջալաիրիդների ցեղի առաջնորդ Ահմադը՝ կոչված Իրաքի ու Հայաստանի սուլթան, նրան միացած Կարա-Կոյունլու ցեղերի առաջնորդ Կարա-Յուսուֆը ու վերջինիս միացած Սյունիքի իշխան Սմբատ Օրբելյանը։ 1408 թվականին ջախջախվում է Թեմուրի որդու բանակը, իսկ վերջինս սպանվում է։ Որոշ ժամանակ հետո սպանվում է նաև Ահմադ Ջալաիրիդը՝ թողնելով Կարա-Յուսուֆին նորաստեղծ Կարա-Կոյունլու պետության միանձնյա ղեկավար։ Կարա-Կոյունլու թարգմանաբար նշանակում է «Սև ոչխար արածեցնողներ»։
Մուսուլմանական բազմադարյա իշխանության արդյունքում պահպանելու համար տարածշրջանում հայկական բնակչությունը 14-րդ դարի վերջում - 15-րդ դարի սկզբում Գրիգոր Տաթևացին Երևանում ձեռնադրում է մի շարք հոգևորականների, այդ թվում Թովմա Մեծոփեցուն։ Վերջիններս Երևանում գրի էին առնում Տաթևացու պատգամները, «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» ու մի շարք այլ գրքեր։ Մեծոփեցին Հովհաննես Հերմոնեցու հետ միացին Երևանի Յաղուբ-բեկից ստանում են թուլատվություն 1441 թվականին Հայ Առաքելական եկեղեցու նստավայրը Կիլիկիայից տեղափոխել Արարատյան դաշտ՝ Էջմիածին, ինչը մեծապես ազդում է հայկական բնակչության դիրքերի ամրապնդմանը։ Երևանի մեծացած դերի մասին կարելի է դատել նաև այն փաստից, որ առաջին եկեղեցական ժողովը, որում պետք է ընտրվեր նոր կաթողիկոս, նախ հավաքվել է Երևանում, այնուհետև մեծ շուքով շարժվել դեպի Էջմիածին[25]։
Կարա-Կոյունլու ղեկավար Կարա-Իսկանդերը բնիկների՝ հայերի աջակցությունը ստանալու համար իրեն հռչակում է իրեն հայոց թագավոր, արտոնություններ է տալիս հայերին, իսկ վերջինիս որդի Ջահան շահը եկեղեցին ազատում է հարկերից։ Կարա-Կոյունլուների որոք ծաղկում է Տաթևի համալսարանը, ստեղծագործում են Տերտեր Երևանցի, Ներսես Երևանցի պատմիչները, և այլք։
Կարա-Կոյունլուները իրենց ցեղապետ՝ Ամիր Սաադի անունով հետագայում կոչվեցին սաադլուներ։ 14-րդ դարի վերջերին նրանք հիմնեցին Երևանի կուսակալությունը, որը Ամիր-Սաադի անունով հայերը կոչեցին Սաադի փոս կամ Սահաթափոս, իսկ օտարները՝ Չուխուր-Սաադ կամ Չուղուր-Սաադ[26][27]։ Այս անունը գործածական է եղել պարսկական ու թուրքական մատենագրության մեջ՝ թարգմանվելով որպես «Երջանիկ հովիտ»։
Այս շրջանին է պատկանում նաև Արգավանդում պահպանված Կարա-Կոյունլու Ամիր-Սաադի դամբարանը՝ կառուցված 1413 թվականին։
Ակ-Կոյունլու տիրապետություն
1467 թվականին Ակ-Կոյունլու հրամանատար Ուզուն-Հասանը՝ թեմուրիդների հետ միասին ջախջախում են Կարա-Կոյունլու Ջահան շահին, ու հռչակում Ակ-Կոյունլու պետություն՝ մայրաքաղաքը Թավրիզում։ Ակ-Կոյունլու թարգմանաբար նշանակում է «Սպիտակ ոչխար արածեցնողներ»։ 1479 թվականին իշխանության եկած Յաղուբ-բեկը 1485 թվականին 40 հայ ազնվականների հավաքում ու ստիպում է զանգվածաբար իսլամ ընդունել։ Այդ օրերին հայերը սպանվում էին անպատիժ կերպով։
Պարսկաստանի ու Օսմանյան Կայսրության տիրապետություն
1501-1502 թվականների այդ օրերին դեռևս 17 տարեկան, իսկ ապագայում Իսմայիլ I շահը պատերազմում ու տապալում է Ակ-Կոյունլու պետությունը՝ հիմնելով Սեֆյան Պարսկաստանը։ Երևանը մնում է տարածաշրջանային կենտրոն՝ Չուխուր-Սաադի կենտրոն։ Երևանում Իսլամիլ շահը իր վեզիր Ռևան խանի միջիոցով կառուցում է Երևանի բերդը՝ ամրապնդելով քաղաքը, որպես սահմանային լուրջ հիմնակետ։ Նա Իրաքից Երևան է տեղափոխում նաև Սաադլու ցեղի թյուրքերի՝ մուսուլմանական տարրը ուժեղացնելու համար։
Հայ ժողովուրդը 15-րդ դարից սկսած զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը[28]։ Անկում էին ապրել Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը[29][30], ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները[29][30]։ Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում[29]։ Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայոց պետականության մնացորդները՝ մանրումիջին իշխանությունները[29], որոնք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[29][31]։ Դարի թերևս միակ նշանակալի իրադարձությունը 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ, և եկեղեցին սկսեց համախմբել հայ ժողովրդին իր շուրջ[29]։ 1440 թվականից Երևանը դառնում է Հայաստանի վարչաքաղաքական, առևտրական և արհեստագործական կենտրոն[32]։
Երևանի կուսակալություն
Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում հայտնվում են նորաստեղծ շահական Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[33][34]։ Հայաստանը ավելի քան 2 դար դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ[30]։ 1502 թվականին թուրքմենական համանուն կուսակալության կամ Չուղուր-Սաադի տարածքի վրա[29][33][34] ձևավորվում է Երևանի կուսակալությունը (պարս.՝ بیگلربیگی ایروان Beglarbegi-e Īravān)։ Նրա տարածքը շուրջ 45,000 կմ² էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝ Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը[30][33]։ Այժմ համապատասխանում է Հայաստանի կենտրոնական հատվածին, բացի Արարատ լեռից և Կարսի մարզից, որոնք պատկանում են Թուրքիային[30] և Նախիջևանից, որն ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում[30]։
1582–1583 թվականներին օսմանյան հրամանատար Ֆարհադ փաշան գրավում է Երևանը և Հրազդանի ափին կառուցում Երևանի բերդը՝ շուրջ 1000-ամյա հայկական ամրոցի հիմքերի վրա[34]։ Այն արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Բերդի բնակիչները մուսուլմաններ էին՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր՝ շուրջ 800 տուն[33]։ Երևանի բերդը հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակա գյուղերի հայ բնակչության համար[30][33]։
Ըստ 1590 թվականի օսմանյան հարկամատյանի, այսինքն մինչ Շահ Աբբասի 1604 թվականի մեծ տեղահանությունը՝ Երևանի նահիեի մաս կազմող Երևան քաղաքը ուներ 29 մուսուլման հարկատու, որոնց թվում չկային ամուրիներ։ Այսինքն Երևանում բնակվում էր 29 մուսուլման ընտանիք։ Քրիստոնյա հարկատուների թիվը 377 էր, որոնց թվում 4-ը ամուրի։ Այսպիսով Երևանում բնակվում էր 373 քրիստոնյա ընտանիք ու 4 ամուրի։ Այդ շրջանում քաղաքը բաժանված է եղել թվով 6՝ Մարտիրոսի, Միրզայի, Քուչեք Քայքըի, Իսալուի, Բուրանջա Օհանի և Դերեգույի թաղերի միջև, ուր բնակվել է տեղի քրիստոնյա բնակչությունը[35]։
Հաշվի առնելով թուրք օսմանագետ Օմեր Լյութֆի Բարքանի՝ յուրաքանչյուր ընտանիք միջինը բաղկացած է եղել 5 անդամից[36], Երևան քաղաքի բնակչությունը 1590 թվականին կազմել է շուրջ 1869 քրիստոնյա և 145 մուսուլման[37]։
1604 թվականին Երևանը կրկին անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ։ Ամիրգունա խանի (1604–1628) օրոք կառուցվում է Երևանի պարիսպների երկրորդ գիծը։ 1603-1604 թվականներին Շահ-Աբբասի իրականացրած հայերի բռնագաղթի հետևանքով կուսակալության տարածքը ոչ միայն հայաթափվել էր, այլև ավելի քան կիսով չափ դատարկվել[33]։ 300,000 բռնագաղթված հայերի փոխարեն վերաբնակեցված կամ արդեն հաստատված մուսուլմանների ընդհանուր քանակը չէր հասնում 100 հազարի։
17-րդ դարի վերջին Պարսկաստանում ճամփորդած նկարիչ Ժան Շարդենը պատմում է Երևանի բերդի մասին։ 1724 թվականին թուրքերը կրկին արշավում են Պարսկաստան, որի ժամանակ պաշարում են նաև Երևանի բերդը։ Հայերը հերոսաբար պաշտպանվում են[30], սակայն, երբ ավարտվում են սննդի և զենքի պաշարները, կուսակալը համաձայնության է գալիս թուրքական զորահրամանատարի հետ և բացում բերդի դարպասները[33]։ Թուրքերը հաշվեհարդար են տեսնում բերդաքաղաքի փոքրաքանակ հայության հետ[30][38] և վերացնում Երևանի կուսակալությունը[29][30][34]։
Երևանի խանություն
Երևանի խանությունը (պարս.՝ خانات ایروان – Khānāt-e Īravān) միջնադարյան կալվածատիրական կիսաանկախ իշխանապետություն էր 1747–1828 թվականներին։ Նրա տարածքը կազմել է շուրջ 19,500 կմ²՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը։ Հերթական թուրք-պարսկական պատերազմից հետո՝ 1603–1604 թվականներին Շահ Աբբաս Առաջինի հրամանով հայաթափված Երևանի նահանգ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Նրանք ոչ միայն տիրանում են հայկական բնակավայրերին, այլև վերանվանում են դրանք։
Երևանի խանությունը կիսաանկախ վարչատարածքային միավոր էր, որն ուներ իր դրոշը, զորքը և հպատակները։ Այն բաժանված էր 15 մահալների՝ Աբովյանի (Կըրխբուլաղ), Ապարանի, Արարատի (Վեդիբասար), Արմավիրի (Սարդարապատ), Արտաշատի (Գառնիբասար), Ծաղկաձորի (Դարաչիչակ), Գեղարքունիքի (Գյոկչա), Աշտարակի (Կարբիբասար), Թալինի, Սուրմալուի և այլն։ Մահալներում կային մյուլքադար–հողատերեր՝ խաներ, բեկեր, հայ մելիքներն ու հայկական եկեղեցին։ Երևանի խաները հիմնականում թյուրքական ծագում ունեցող իշխող Ղաջարիների շահական դինաստիայից էին[39][40][41][42]։
Երևանի բերդը արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով ու հողե պաշտպանական շերտով, ուներ երկու մզկիթ, բաղնիք և շուկա։ Այստեղ էր գտնվում նաև Սարդարի նշանավոր պալատը։ Զբաղեցրել է 7 հեկտար տարածություն՝ ամրացված 10,5–12 մետր բարձրությամբ երկշարք պարիսպներով[43]։ Երևանի բերդը կանգուն է մնացել ավելի քան 3 դար՝ իր մզկիթների ու եկեղեցիների հետ միասին ավերվելով 1920-ական թվականների վերջին[44]։ Երևան քաղաքն առանձին վարչական միավոր էր, որը կառավարում էր խանի նշանակած դարուղան (ոստիկանապետը)։ Նա իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների (տասնապետների) միջոցով։ Երևանի թաղերի կարգ ու կանոնի պահպանումը, հարկերի բաշխումն ու հավաքումը իրականացնում էին թաղային ավագները՝ մելիքները։ Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8 մզկիթ, 7 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։
Հայկական մարզ
Հայկական մարզը 1828–1840 թվականներին, (ռուս.՝ Армянская область) վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում։ Նրա տարածքը կազմել է շուրջ 21000 կմ² և զբաղեցրել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել հայկական Սյունիքը (Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գանձակը, Շիրակը (Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) և Ջավախքը (Ախալքալաք)[45]։
Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, 1603–1604 թվականներին Շահ Աբբաս Առաջինի հրամանով պարսիկները խանության բնիկ հայ բնակչությանը գերեվարել էին Պարսկաստան։ Ավելի քան 300 հազար հայերի փոխարեն այստեղ բնակվելու են գալիս փոքրաքանակ քրդական և թյուրքական ցեղեր։ Երբ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը և հայ կամավորական ջոկատները 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրեցին Երևանի բերդը, խանության 100.000 հպատակներից միայն 23000-ն էին ազգությամբ հայ[46]։ Հարևան Նախիջևանի խանությունում 50.000 բնակչից հայեր էին ընդամենը 12000-ը։ Միայն Արցախում և Սյունիքում էին հայերը շարունակում կազմել բացարձակ մեծամասնություն։ Արևելյան Հայաստանում հայ ժողովրդի գլխին կանգնած էր ֆիզիկական բնաջնջման վտանգը[47]։
1828–1830 թվականներին ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը և հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին կազմակերպում են հայերի հայրենադարձությունը Ռուսական կայսրության հայկական գավառներ։ Հայաստան են ներգաղթում Իրանից 40-42 հազար, իսկ Թուրքիայից՝ 75–80 հազար հայեր։ Նրանց մի ստվար հատված հաստատվում է Հայկական մարզի տարածքում, իսկ մնացածները՝ Ռուսական կայսրությանը հպատակ հայկական Ջավախքի, Սյունիքի, Արցախի, Գարդմանի գավառներում։ Միաժամանակ Իրանից և Թուրքիայից Հայկական մարզ են ներգաղթում այլ քրիստոնյաներ՝ հույներ և ասորիներ։ Ավելի ուշ Հայկական մարզի տարածք են ներգաղթում նաև հազարավոր ռուսներ։ Ռուսական կայսրության հայկական գավառներից արտագաղթում են բազմաթիվ թուրքեր և պարսիկներ։ Հարավային Կովկասում հայերի ընդհանուր թիվը հասնում է 300.000-ի։ Երկար դարեր անց, հայերը վերջապես կարողանում են հանգիստ շունչ քաշել և սեփական տարածքում ձեռնամուխ լինել ստեղծարար աշխատանքի։
Երևանի նահանգ
Երևանի նահանգը (1828–1840), վարչական միավոր էր Ռուսական կայսրության կազմում[34]։ Նրա տարածքը կազմել է շուրջ 28,000 կմ²[33]՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ 1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգը Կարսի մարզի և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի հետ միացվել է Հայաստանին՝ որպես նրա անբաժան մաս՝ Երևան մայրաքաղաքով[29]։
Երևանը արևելյան քաղաք էր՝ իր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերով կառուցված տնակներով, շուկաներով ու բաղնիքներով, եկեղեցիներով ու մզկիթներով։ Երևանի փողոցների լայնությունը չէր գերազանցում 3–4 մետրը[48]։ Երկու կողմերով անցնում էին առուներ։ Քաղաքը ուներ մի շարք հայտնի քաղաքամասեր՝ բուն քաղաքը՝ Շահարը (պարս.՝ شهر քաղաք), շուկան՝ Ղանթարը (պարսկերեն՝ կշեռք), Կոնդը կամ Ծիրանի թաղը, Ձորագյուղը, Նորքը, Շեն թաղը, Բուլվարը, Բերդը և այլն[29][48]։ 1832 թվականին բացվել է Երևանի գավառական, 1837 թվականին՝ հոգևոր թեմական դպրոցները, 1850 թվականին՝ իգական ուսումնարանը[48]։ 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը[29]։ 1860 թվականին Նորքում բացվում է ծխական դպրոց։ 1863 թվականին բացվել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցը, մինչև դարավերջ՝ նաև զուգահեռ և ուղղահայաց այլ փողոցներ, որոնք կենտրոնում ստեղծել են տրանսպորտային ուղիների փոքրիշատե կանոնավոր ցանց[49]։ 1866 թվականին բացվում է Երևանի Գայանյան օրիորդաց ուսումնարանը, իսկ 1881 թվականին՝ Երևանի ուսուցչական սեմինարիան, այժմ՝ ԵՊՀ մասնաշենք։ 1881 թվականին գործարկվում է Երևանի գարեջրի գործարանը, 1887 թվականին՝ Թաիրյանի օղու, սպիրտի և գինու, 1892 թվականին՝ հանքային ջրերի և օշարակի, 1893 թվականին՝ Աֆրիկյանի և Գյուլազյանի, իսկ 1894 թվականին՝ Սարաջևի գինու-կոնյակի գործարանները[10]։ 1890 թվականին Թաիրյանի գործարանը գնել է ռուս ֆաբրիկանտ Շուստովը և, մեծ ներդրումներ կատարելով, տասնապատկվել է կոնյակի արտադրությունը։ 1899 թվականին գործարկվում է Ալեքսանդրապոլ-Կարս և 1901 թվականին Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ 1906 թվականին գործարկվում է Երևան-Ջուղա երկաթուղին[10]։ Երևանում գործարկվում է առաջին ջրաէլեկտրակայանը[50]։ Հաստատվում է միջքաղաքային հեռախոսային և հեռագրային կապ[10]։ 1907 թվականին Երևանը մասամբ էլեկտրաֆիկացվել է, 1913 թվականին՝ հեռախոսաֆիկացվել։ 1912 թվականի ջրմուղով խմելու ջուր է բերվել Քառասուն աղբյուրներից[48]։ Քաղաքում գործում էր էլեկտրական տրամվայ, ձիակառք։ Բացվել էին նոր խանութներ, հյուրանոցներ։ 1913 թվականին Երևան է մտել առաջին ավտոմեքենան։ 1913 թվականին Երևանի բնակչությունը անցավ 35,000-ը[10]։