From Wikipedia, the free encyclopedia
Թիմոթի Փիթեր Դալթոն (անգլ.՝ Timothy Peter Dalton մարտի 21, 1946, Colwyn Bay, Ուելս), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան։
Թիմոթի Դալթոն անգլ.՝ Timothy Dalton | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Colwyn Bay, Ուելս |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1966)[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Վանեսա Ռեդգրեյվ |
Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել՝ հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում (1983 թվական), Ջեյմս Բոնդի դերում «Կայծեր աչքերից» (1987) և «Սպանության արտոնագիր» (1989) ֆիլմերում, նաև մի քանի շեքսպիրյան ֆիլմերում ու ներկայացումներում[2]։
Թիմոթի Դալթոնը ծնվել է Հյուսիսային Ուելսի Քոլվին Բեյ քաղաքում։ Հայրը անգլիացի զինվորական էր, մայրը ամերիկուհի՝ իտալիական և իռլանդական արմատներով[3][4][5]։
1964 թվականին դպրոցն ավարտելուց հետո Դալթոնը սկսում է հանդես գալ թատրոնում և մոտ 3 տարի լինում է Մայքլ Քրոֆթի երիտասարդական թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Թատրոնում խաղալուն զուգահեռ 1964-1966 թվականներին սովորել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, ապա հանդես եկել Բիմինհեմի թատրոնում։
1966 թվականին առաջին անգամ նկարահանվել է հեռուստատեսությունում, իսկ 1968 թվականին կայացավ նրա նորամուտը կինո «Առյուծը ձմռանը» պատմական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Պիտեր Օ'Թուլը և Քեթրին Հեփբորնը։ Այդ ֆիլմում իր նորամուտն է նշել ևս մեկ նշանավոր անգլիացի դերասան Էնթոնի Հոփքինսը։
1970-ական թվականներին արդեն Թիմոթի Դալթոնը նկարահանվում է բազմաթիվ ֆիլմերում, որոնց թվում նաև իսպանական և իտալական մի քանի նախագծերում, աշխատել է հեռուստատեսությունում, նաև թագավորական շեքսպիրյան թատրոնում և Prospect Theater թատրոնում պատմական ներկայացումներում՝ խաղալով նշանակալի դերեր։ 1978 թվականին նկարահանվում է իր առաջին ամերիկյան ֆիլմում։ Դերասանի համար նշանակալի եղավ նաև 1980 թվականին նկարահանված «Ֆլեշ Գորդոն» ֆանտաստիկ ֆիլմը։
1980-ական թվականներին մեծ ճանաչում է ձեռք բերում հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում, ապա հաջողությամբ հանդես է գալիս Ջեյմս Բոնդի դերերում։ Ներկայումս էլ դերասանը շարունակում է նկարահանվել կինոյում և հեռուստատեսային նախագծերում։ Ընդհանուր թվով խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։
Թիմոթի Դալթոնը 1971-1986 թվականներին արտաամուսնական հարաբերությունների մեջ է եղել անգլիացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի հետ, ում հետ ծանոթացել էր 1971 թվականին «Մարիա, Շոտլանդիայի թագուհի» ֆիլմի նկարահանումներին[6]։ Նա ունի մեկ որդի՝ ծնված 1997 թվականի օգոստոսի 7-ին՝ Ալեքսանդր Դալթոն, ռուս երգչուհի Օկսաննա Գրիգորևնայից[7], ում հետ նա ծանոթացել էր 1995 թվականին, որպես Նիկիտա Միխալկովի թարգմանչուհի Լոնդոնյանի կինոփառատոնում[8][9]։ Նրանց բաժանման պատճառ է դարձել Օկսաննայի սիրավեպը շվեդ գործարար Պիտեր Բլոմկվիստի հետ։ Դրանից հետո Թիմոթի Դալթոնը ապրում է միայնակ[9]։
Դալթոնը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի երկրպագու և հաճախ է ներկա լինում իր սիրելի թիմի խաղերին Սիթի օֆ Մանչեսթեր մարզադաշտում[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.