Թմրամիջոց
From Wikipedia, the free encyclopedia
Թմրամիջոց, (հունարեն՝ ναρκωτικός, narcosis՝ ընդարմացում (ստուպոր)), ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) սահմանման համաձայն՝ նյութ, որն առաջացնում է ընդարմացում, կոմա կամ անզգայացում՝ ցավազրկում, ցավերի նկատմամբ անզգայություն[1]։ Եզրույթն առավել նեղ իմաստով սովորաբար վերաբերվում է ափիոնատիպ նյութերին կամ օփիոիդներին, որոնց բժշկագիտության մեջ հաճախ անվանում են «նարկոտիկ անալգետիկներ» (թմրամիջոցային ցավազրկողներ)[2][3][4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թմրանյութ (այլ կիրառումներ)
Համարվում է, որ «ναρκωτικός» (narcosis) եզրույթն առաջին անգամ կիրառվել է հույն բժիշկ Հիպոկրատի կողմից այնպիսի նյութերի նկարագրման համար, որոնք առաջացնում են զգայունության կորուստ կամ պարալիչ (կաթված)։ Այս եզրույթը կիրառել է հին դարերի հանրահայտ բժիշկ Գալեն Կլավդիոսը։ Որպես այդպիսի նյութ Գալենը, օրինակ, հիշատակում էր մանդրագորի[5] արմատը, էկլատի կամ կակաչի[6] սերմերը։
20-րդ դարի վերջում եզրույթի նշանակությունն ընդլայնվեց։ Սկզբնական նշանակությունից տարբերությունն այն է, որ թմրամիջոցներ սկսեցին համարվել նյութեր, որոնք նախկինում այդպիսին չէին համարվում[7]. կանեփը, ցնորածին սնկերը և այլն։
Ներկայումս «թմրամիջոց» եզրույթը հայալեզու բժշկագիտության և իրավագիտության մեջ ոչ միշտ է կիրառվում ճիշտ նշանակությամբ (երբեմն սխալմամբ կիրառվում է նաև «թմրանյութ», «թմրադեղ»)՝ տարածվելով բոլոր տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վրա (այդ թվում՝ հոգեմետ դեղերի)՝ անկախ դրանց ազդեցության մեխանիզմից և դեղագիտական նշանակությունից։ Վերոնշյալ բացատրության մեջ ներկայացված է բուն «նարկոտիկ» եզրույթը, իսկ հայաստանյան իրականության մեջ «թմրամիջոց» եզրույթն ունի մի փոքր այլ բացատրություն, որին անդրադարձ կկատարվի օրենսդրական սահմանման մեջ[8]։
Ներկայումս երկրների մեծ մասում թմրամիջոցների շրջանառությունը սահմանափակ է։ Աշխարհի պետությունների գերակշիռ մասը (շուրջ 96%) միացել են ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիային[9][10]։