Ինդոնեզիա
From Wikipedia, the free encyclopedia
Ինդոնեզիա (ինդոն.՝ Indonesia), պաշտոնական անվանումը՝ Ինդոնեզիայի Հանրապետություն (ինդոն.՝ Republik Indonesia), պետություն Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների միջև։ Կղզիների վրա գտնվող ամենամեծ պետությունն է աշխարհում, որ ունի ավելի քան 17 հազար կղզի[5] և 1904569 կմ² տարածք, 14-րդ երկիրն է աշխարհում ցամաքային տարածքի մեծությամբ և յոթերորդը ցամաքային ու ջրային տարածքների ընդհանուր մակերեսով[6]։ Ունենալով ավելի քան 261 մլն բնակչություն՝ Ինդոնեզիան բնակչության թվաքանակով չորրորդն է աշխարհում, ինչպես նաև առաջինը այն երկրների շարքում, որոնց բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները։ Ճավայում, որ ամենամեծ բնակչություն ունեցող կղզին է աշխարհում[7], բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։
Ինդոնեզիայի Հանրապետություն Republik Indonesia |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Bhinneka Tunggal Ika" "Միություն բազմազանության մեջ" |
||||
Ազգային օրհներգ՝ Ինդոնեզիա Ռայա | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Ջակարտա 6°10.5′S, 106°49.7′E | |||
Պետական լեզուներ | Ինդոնեզերեն | |||
Կառավարում | Նախագահական հանրապետություն | |||
- | Նախագահ | Ջոկո Վիդոդո | ||
- | Փոխնախագահ | Մարուֆ Ամին | ||
Անկախություն | Նիդերլանդներից | |||
- | Հայտարարված | օգոստոսի 17 1945 | ||
- | Ճանաչված | դեկտեմբերի 27 1949 | ||
- | Ջրային (%) | 4.85 | ||
Բնակչություն | ||||
- | 2015 նախահաշիվը | 255,759,408[1] (4-րդ) | ||
- | 2010 մարդահամարը | 237,641,326[2] (4-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $3.492 տրիլիոն[3] (7-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $13,162[3] (96-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.075 տրիլիոն[3] (16-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4,052[3] (114-րդ) | ||
Ջինի (2010) | 35.6[4] (միջին) | |||
ՄՆԶԻ (2017) | 0.694 (միջին) (116-րդ) | |||
Արժույթ | [[Ինդոնեզական ռուփի]] (IDR) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+7 to +9) | |||
Ազգային դոմեն | .id | |||
Հեռախոսային կոդ | +62 |
Ինդոնեզիան ինքնիշխան պետություն է, նախագահական, սահմանադրական հանրապետություն՝ ընտրովի խորհրդարանով։ Այն բաժանված է 34 պրովինցիաների, որոնցից հինգն ունեն հատուկ կարգավիճակ։ Ջակարտան՝ երկրի մայրաքաղաքը, երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքային տարածքն է աշխարհում։ Երկիրը ցամաքային սահմաններ ունի Պապուա Նոր Գվինեայի, Արևելյան Թիմորի և Մալայզիայի հետ (Կալիմանտան կղզում)։ Այն սահմանակից է նաև Սինգապուրին, Վիետնամին, Ֆիլիպիններին, Ավստրալիային, Պալաուին և Հնդկաստանին պատկանող Անդամանյան ու Նիկոբարյան կղզիներին։ Չնայած մեծ թվով բնակչությանը և խիտ բնակեցված տարածքներին՝ Ինդոնեզիան ունի վայրի բնության լայնածավալ տարածքներ, որտեղ առկա է կենսաբազմազանության մեծ մակարդակ[8]։ Երկիրն ունի հարուստ բնական պաշարներ, ինչպիսիք են նավթը, բնական գազը, անագը, պղինձը, ոսկին։ Գյուղատնտեսությունը հիմնականում արտադրում է բրինձ, արմավի յուղ, թեյ, սուրճ, կակաո, դեղաբույսեր, համեմունքներ և ռետին[9]։ Ինդոնեզիայի գլխավոր առևտրային գործընկերներն են Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Սինգապուրն ու Հնդկաստանը[10]։
Ինդոնեզական կղզեխումբն իր պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է օտար ուժերի ազդեցության, որոնց գրավել են երկրի բնական պաշարները։ Այն եղել է առևտրային կարևոր շրջան առնվազն 7-րդ դարից սկսած, երբ Շրիվիջայան, ապա նաև Մաջապահիտն առևտուր են արել չինական դինաստիաների և հնդկական թագավորությունների հետ։ Տեղի կառավարիչներն աստիճանաբար ընդունել են օտար մշակութային, կրոնական ու քաղաքական մոդելները՝ սկսած վաղ դարերից, և տարածում են գտել հինդուիզմն ու բուդդիզմը։ Մուսուլման առևտրականները և սուֆիզմի հետևորդները բերել են իսլամը[11][12], իսկ եվրոպական երկրները՝ քրիստոնեությունը և պայքարել են միմյանց դեմ Մոլուքյան (Համեմունքների) կղզիներում առևտրի մենաշնորհի համար Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում։ Երկար ժամանակաընթացքում Ինդոնեզիան եղել է Հոլանդիայի գաղութ, որը նախ գրավել է Ամբոինան ու Բատավիան, ապա ամբողջ կղզեխումբը՝ ներառյալ Թիմորն ու Արևմտյան Նոր Գվինեան։ Հոլանդիայի տիրակալությունը ժամանակ առ ժամանակ ընդհատվել է պորտուգալական, ֆրանսիական և բրիտանական տիրապետությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ասիայի ապագաղութացման ընթացքում Ինդոնեզիան անկախություն է ձեռք բերել 1949 թվականին՝ Նիդերլանդների հետ զինված և դիվանագիտական կոնֆլիկտից հետո։
Ինդոնեզիայի բնակչության կազմում կան հարյուրավոր ազգային և լեզվային խմբերի ներկայացուցիչներ, ընդ որում՝ ամենամեծ և քաղաքական տեսանկյունից գերակշռող դիրք ունեցողը ճավացիներն են։ Երկրում առկա է ընդհանուր ազգային ինքնություն, ազգային լեզու, էթնիկական բազմազանություն, կրոնական բազմազանություն մուսուլմանների գերակշռությամբ, պատմության ընթացքում այն վերապրել է գաղութային տիրապետության երկարատև ժամանակաշրջան և դրա դեմ ուղղված ապստամբություններ։ Ինդոնեզիայի ազգային նշանաբանը՝ Bhinneka Tunggal Ika (Միություն բազմազանության մեջ, բառացի՝ բազմազան, բայց մեկը), արտացոլում է այն բազմազանությունը, որից կազմված է երկիրը։ Ինդոնեզիայի տնտեսությունը աշխարհում 16-րդ է ըստ անվանական ՀՆԱ-ի) և 7-րդն ըստ ՀՆԱ-ի գնողունակության համարժեքությամբ։ Ինդոնեզիան անդամակցում է մի շարք բազմակողմ կազմակերպությունների, որոնցից են՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Մեծ քսանյակ։ Այն նաև Չմիացած երկրների շարժման, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի, Արևելյան Ասիայի գագաթնաժողովի, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի և Իսլամական կոնֆերանս կազմակերպության հիմնադիր անդամ է։