Լեզվաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Լեզվաբանություն, գիտություն[1], որի ուսումնասիրության առարկան լեզուն է[2], լեզվի կառուցվածքը, բովանդակությունը և լեզուն՝ համատեքստի մեջ[3]։ Լեզվի ուսումնասիրության ոլորտում կատարված առաջին քայլերն իրականացվել են դեռևս մ. թ. ա. 4-րդ դարում, երբ հնդիկ քերականագետ Պանինին իր «Ատադհյայի» («Astādhyāyl» – «Ութնամատյան») աշխատանքում նկարագրեց սանսկրիտ լեզուն[4][5][6]։
Լեզվաբանները սովորաբար վերլուծում են մարդկային լեզուն՝ ուսումնասիրելով արտասանության և նշանակության միջև կապը[7]։ Հնչյունաբանությունը ուսումնասիրում է խոսքի և լեզվի հնչյունները և նրանց ձայնային և արտասանական հատկությունները։ Լեզվի բովանդակության ուսումնասիրությունը մյուս կողմից զբաղվում է այն հարցով, թե ինչպես են լեզուները կոդավորում առարկաների, հատկությունների և աշխարհի այլ երևույթների միջև եղած հարաբերությունները՝ իմաստ հաղորդելու, վերլուծելու և տալու, ինչպես նաև երկիմաստությունը գտնելու և վերացնելու համար[8]։ Մինչդեռ իմաստաբանության ուսումնասիրությունը զբաղվում է ճշմարիտ հետևություններով, գործաբանությունը զբաղվում է այն հարցով, թե ինչպես է իրավիճակային համատեքստը ազդում իմաստի վրա[9]։
Քերականությունը կանոնների համակարգ է, որը կառավարում է տվյալ լեզվում արտահայտությունների գործածությունը։ Այս կաննոները վերաբերում են ինչպես արտասանությանը[10], այնպես էլ նշանակությանը և ընդգրկում բաղադրիչ կազմող կանոնների ենթահամակարգեր, որոնք վերաբերում են հնչույթաբանությանը (հնչյունային համակարգերի կազմակերպումը), ձևաբանությանը (բառերի կազմությունը և կառուցվածքը) և շարահյուսությանը (բառակապակցությունների և նախադասությունների կազմությունը)[11]։ Ժամանակակից տեսությունները, որոնք զբաղվում են քերականության սկզբունքներով, գործում են Նոամ Չոմսկու սերող լեզվաբանության շրջանակներում[12]։
20-րդ դարի սկզբում Ֆերդինանդ դը Սոսյուրը իր՝ կառուցվածքային լեզվաբանության ձևակերպման մեջ տարբերություն դրեց լեզվի և խոսքի միջև։ Ըստ նրա՝ խոսքը հենց մարդկանց կողմից լեզվի արտաբերումն է, իսկ լեզուն վերացական երևույթ է, որը սահմանում է կանոնների համակարգ, որը կառավարում է լեզվի գործածությունը[13]։ Այս տարբերակումը նման է Նոամ Չոմսկու՝ փոխակերպական կամ սերող քերականության տեսության մեջ լեզվական ունակության և գործածման միջև տարբերակմանը։ Ըստ Չոմսկու՝ ունակությունը անհատի՝ լեզուն օգտագործելու բնածին կարողությունը և պոտենցիալն է (լեզու), այնինչ գործածումը այն եղանակն է, որով անհատները, խմբերը և համայնքները գործածում լեզուն (խոսք)[14]։
Խոսքի ուսումնասիրությունով (որը դրսևորվում է մշակութային դիսկուրսներում և բարբառներում) զբաղվում է հանրալեզվաբանությունը, որն ուսումնասիրում է որևէ լեզվական համայնքի ներսում լեզվաբանական հայեցակետերի բարդ համակարգերը։ Այն նաև ուսումնասիրում է տեքստերի և զրույցների կառուցվածքը։ Սա արվում է լեզվաբանական տվյալների հավաքագրման կամ էլ կորպուսային լեզվաբանության միջոցով, որը վերցնում է բնական միջավայրում ծագող խոսքը և ուսումնասիրում է քերականական և այլ հատկությունների տարբերակները[15]։
Ոճաբանությունը նաև զբաղվում է լեզվական տարբեր համայնքների գրավոր կամ բանավոր դիսկուրսի ուսումնասիրությամբ, տարբեր ժանրերի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների խմբագրական կամ պատմողական ձևաչափերի ուսումնասիրությամբ[16]։ 1960-ականներին Ժակ Դերիդան ևս տարբերակում դրեց բանավոր և գրավոր խոսքի միջև՝ առաջարկելով, որ գրավոր խոսքն ինքնին ուսումնասիրվի որպես հաղորդակցության լեզվաբանական միջոց[17]։ Հնագրությունը հետևաբար գիտաճյուղ է, որը ուսումնասիրում է գրերի (որպես նշաններ) զարգացումը լեզվում[18]։ Լեզվի ձևական ուսումնասիրությունը նաև հանգեցրել է այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են՝ հոգելեզվաբանությունը, որն ուսումնասիրում է լեզվի գործառույթներն ու արտահայտումը մտքում, նյարդալեզվաբանությունը, որը ուսումնասիրում է ուղեղում կատարվող լեզվական գործընթացները, կենսալեզվաբանությունը, որն ուսումնասիրում է լեզվի կենսաբանական զարգացումը և լեզվի ձեռքբերումը, որն ուսումնասիրում է, թե ինչպես են երեխաները և մեծահասակները ձեռք բերում լեզվական գիտելիքներ։
Լեզվաբանությունը նաև զբաղվում է լեզվի վրա ազդող հասարակական, պատմական և քաղաքական այն գործոնների ուսումնասիրությամբ, որոնք սահմանում են լեզվաբանական և լեզվական համատեքստը[19]։ Պատմական և զարգացումային լեզվաբանության ենթաճյուղերը շեշտը դնում են նաև այն բանի վրա, թե ինչպես են լեզուները զարգանում և փոփոխվում ժամանակի ընթացքում։
Փաստագրական լեզվաբանությունը միավորում է մարդաբանական հետազոտությունը լեզվաբանականի հետ՝ նկարագրելու համար լեզուներն ու դրանց քերականությունը։ Բառարանագրությունը զբաղվում է այն բառերի գրանցմամբ, որոնք կազմում են լեզվի բառապաշարը։ Լեզվի բառապաշարը կազմող բառերը գրանցվում են բառարաններում։ Համակարգչային լեզվաբանությունը զբաղվում է բնական լեզվի մոդելավորմամբ։ Թարգմանության ընթացքում օգտագործվում են լեզվակիրների ունեցած հատուկ գիտելիքները, ինչպես նաև լեզվական կրթությունը՝ օտար լեզվի ուսուցումը։ Մասնագետներն աշխատում են կառավարության հետ՝ կրթության ոլորտում իրականացնելու համար նոր նախագծեր, որոնք հիմնված են լեզվաբանական հետազոտությունների վրա։
Լեզվաբանության հետ են առնչվում նաև նշանագիտությունը, գրաքննադատությունը, թարգմանությունը և լոգոպեդիան։