Լիամետրաժ ֆիլմ
From Wikipedia, the free encyclopedia
Լիամետրաժ ֆիլմ (լրիվ չափ), կինոֆիլմերի ձևաչափերից մեկը։ Հակադրվում է կարճամետրաժ ֆիլմին (երբեմն առանձնացվում է նաև միջինմետրաժ ֆիլմերի միջանկյալ կատեգորիա)։
Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան[1], Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը[2] և Բրիտանական կինոյի ինստիտուտը[3] ֆիլմը բնորոշում են որպես լիամետրաժ, եթե այն տևում է 40 րոպե և ավելի։ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի ու անիմացիայի ազգային կենտրոնը (ֆր.՝ Centre national du cinéma et de l'image animée) 35 մմ ֆիլմը համարում է լիամետրաժ, եթե նրա ֆիլմապատճենն ունի ավելի քան 1600 մ երկարություն (այսինքն՝ ուղիղ 58 րոպե և 29 վայրկյան հնչուն կինոյի համար), իսկ ԱՄՆ կինոդերասանների գիլդիան համարում է, որ այն պետք է լինի 80 րոպեից ոչ կարճ[4][5][6]։
Խորհրդային Միությունում լիամետրաժ է համարվել այն կինոֆիլմը, որի կինոժապավենի չափը կազմել է 1200-ից մինչև 3000 մետր, այսինքն՝ ֆիլմն ունեցել է 5-12 մաս (յուրաքանչյուր մասում՝ շուրջ 250-280 մ)[7], Ռուսաստանում լիամետրաժ է համարվում առնվազն 52 րոպե տևողություն ունեցող ֆիլմը[8]։
1922 թվականից մինչև 1970 թվականն ամենաշատ լիամետրաժ ֆիլմերը նկարահանել են ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ 1971 թվականից ամենաշատ լիամետրաժ ֆիլմերն ստեղծվում են Հնդկաստանում[9], որտեղ ամեն տարի նկարահանվում է շուրջ հազար ֆիլմ երկրի ավելի քան տասներկու լեզուներով[10]։