Լույս
From Wikipedia, the free encyclopedia
Լույս, էլեկտրամագնիսական ճառագայթում, որն արձակվում է տաքացած կամ գրգռված վիճակում գտնվող մարմինների կողմից։ Հաճախ, լույս նշանակում է ոչ միայն տեսանելի լույսը, այլ նաև նրան հարող սպեկտրի լայն հատվածները։ Պատմաբանորեն հայտնվել է անտեսանելի լույս տերմինը՝ ուլտրամանուշակագույն լույս, ինֆրակարմիր լույս, ռադիոալիք։ Տեսանելի լույսի սահմաններն են 380-ից մինչև 780 նանոմետրը, որը համապատասխանում է համապատասխանաբար 790 մինչև 385 տերահերց հաճախություններին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լույս (այլ կիրառումներ)
Ֆիզիկայի այն բաժինը, որտեղ ուսումնասիրվում է լույսը, կոչվում է օպտիկա։
Ծիածանը, օրինակ, սպիտակ լույսը կազմող ճառագայթների համադրություն է։
Լույսը ճառագայթման տեսակներից է։ Լուսարձակում են Արեգակը, էլեկտրական լամպը և շիկացած այլ առարկաներ։ Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է։ Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ։
Արեգակը, էլեկտրական լամպը, հեռուստացույցը կամ պարզապես կրակը լուսարձակում են իրենց սեփական լույսը։ Սակայն առարկաների մեծ մասը չունի սեփական լույս. մենք դրանք տեսնում ենք միայն այն բանի շնորհիվ, որ նրանց անդրադարձրած լույսն ընկնում է մեր աչքերի մեջ։ Լույսի ամենամեծ քանակությունն անդրադարձնում են սպիտակ մակերևույթները, այդ պատճառով դրանք այդպես վառ են երևում։ Սև մակերևույթներն իրենց վրա ընկնող լույսը գրեթե չեն անդրադարձնում։ Հայելուց լույսն անդրադառնում է գրեթե ամբողջությամբ, և մենք հայելում տեսնում ենք առարկաների արտացոլումը։
Սովորաբար լույսը տարածվում է ուղիղ գծով։ Եթե ճանապարհին այն հանդիպում է արգելքի, ապա այնտեղ, որտեղ լույսը չի թափանցում, առաջանում է ստվեր։