Խաղաղ օվկիանոս
օվկիանոս / From Wikipedia, the free encyclopedia
Խաղաղ օվկիանոս (լատին․՝ Oceanus Pacificus), ջրային խոշորագույն ավազան, որը Երկրագնդի ամենամեծ մակերես ունեցող և ամենախորը օվկիանոսն է։ Տարածվում է Եվրասիա և Ավստրալիա մայրցամաքների արևելքում, Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքների արևմուտքում, Անտարկտիդայի հյուսիսում։ Հնում հայտնի է եղել «Մեծ օվկիանոս» անվանումով։
Խաղաղ օվկիանոսը հյուսիսից հարավ ձգվում է մոտավորապես 15,8 հազար, իսկ արևելքից արևմուտք՝ 19,5 հազար կմ։ Ծովերի հետ միասին տարածքը կազմում է 178 684 միլիոն կմ²[1], միջին խորությունը՝ 3984 մետր է։ Խաղաղ օվկիանոսի առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը) 10 994 մետր է (Մարիանյան իջվածքում)[2]։ Խաղաղ օվկիանոսի տարածքով՝ մոտավորապես 180° միջօրեականով անցնում է ամսաթվի փոփոխման գիծը[3]։ Խաղաղ օվկիանոսի տարածքը գերազանցում է ամբողջ ցամաքի մակերեսը գրեթե 30 միլիոն կմ²-ով։ Հասարակածն օվկիանոսը բաժանում է գրեթե երկու հավասար մասերի[4]։