Խոնավ ցամաքային կլիմա
From Wikipedia, the free encyclopedia
Խոնավ ցամաքային կլիմա (արտահայտելու համար օգտագործվում են լատինական մեծատառ D տառը և փոքրատառ a kam b տառերը), կլիմայի տեսակ Կյոպենի դասակարգման մեջ, որն աչքի է ընկնում օդի ջերմաստիճանի սեզոնային մեծ տատանումներով, շոգ (կամ տաք) ամառներով և ցուրտ ձմեռներով[1]։ Խոնավ ցամաքային կլիմա ունեցող տարածաշրջաններում ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է -3 ˚C, և առնվազն 4 ամիսների ընթացքում օդի միջին ամսական ջերմաստիճանը լինում է 10 ˚C-ից բարձր։
Տեղումները համեմատաբար հավասարաչափ են տեղաբաշխված։ Տեղումների հիմնական մասը թափվում է ամռանը, հաճախ ամպրոպային հորդառատ անձրևների ժամանակ։ Ձմռանն անձրևները և ձյունը հիմնականում կապված են ցիկլոնների հետ։ Չնայած նրան, որ կլիման կոչվում է «խոնավ», իրականում խոնավության մակարդակը այնքան էլ բարձր չէ, սակայն բավարար է, որպեսզի այդ տարածաշրջանները չդասակարգվեն որպես «կիսաչորային» կամ «չորային»։
Խոնավ ցամաքային կլիման բնորոշ է այն շրջաններին, որոնք, որպես կանոն, գտնվում են հյուսիսային լայնության 60˚-ից հյուսիս, Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական և հյուսիսարևելյան շրջաններում, և բնորոշ չէ Հարավային կիսագնդին օվկիանոսների մեծ մակերեսի պատճառով, որոնք մեղմացնում են կլիմայի ցամաքայնությունը։