Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում
From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում, 1941 թվականի հունիսի 22-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Խորհրդային Միության մյուս հանրապետությունների հետ միացավ Հայրենական մեծ պատերազմին, երբ Նացիստական Գերմանիան պատերազմ հայտարարելուց հետո[1] ներխուժեց ԽՍՀՄ տարածք[2][3][4][5]։
Դեռևս 1939 թվականի օգոստոսի 22-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից 9 օր առաջ, Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը «Կելշտայնհաուս» թեյարանում Երրորդ Ռայխի բարձրագույն սպաներին հրամայեց ոչնչացնել սլավոնական բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներին, ներառյալ՝ կանանց և երեխաներին։ Նույն ժողովում նա արտասանել է հետևյալ արտահայտությունը. «Հիմա, մեր ժամանակներում, էլ ո՞վ է հիշում 1915 թվականին Թուրքիայում միլիոնավոր հայերի բնաջնջումը»[6][7]։
Գերմանիայի իշխանականները հույսները դրել էին նրա վրա, որ ԽՍՀՄ բազմազգ և բազմադավան բնակչությունը չի միավորվի և չի աջակցի Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարությանը, դրանով իսկ նացիստների գործը կհեշտացնա պատերազմում։ Սակայն իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել[8]։
Պատերազմի բռնկումով վիթխարի դժվարություններ եղան ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար, և հայ ժողովուրդը բացառություն չէր[2][9][10]։ Հայերից կազմված զինվորական կազմավորումներն ուղարկվել են ռազմաճակատի ամենաբարդ հատվածներից մեկը, որտեղ հայերը դրսևորել են ամենաբարձր տոկունությունն ու արիությունը[11][12]։ Հայերը մասնակցել են Բրեստի, Կերչի, Ղրիմի, Կիևի, Մոսկվայի, Լենինգրադի, Կովկասի և Ստալինգրադի մարտերին, ազատագրել են Բալթյան երկրները, Ուկրաինան, Լեհաստանը և Մոլդովան։ Նրանք կռվել են Դնեպրում, Ստալինգրադում, Կուրսկի բլրի վրա և Բելառուսում։ Նրանք մասնակցել են Արևելյան Եվրոպայի մարտերին և Ճապոնիայի հետ պատերազմին։ Զգալի ներդրում են ունեցել նաև պարտիզանական կազմավորումներում կռված հայ զինվորները[13][14][15][16]։
Պատերազմի սկզբում Կարմիր բանակում ծառայել է մոտ 60000 հայ[17]։ Պատերազմի տարիներին Հայկական ԽՍՀ տարածքում մոբիլիզացվել է մոտ 320.000 բնակիչ (հանրապետության ընդհանուր բնակչության ≈ 23%-ը, որից մոտ 300.000-ը հայեր էին[18]), իսկ Խորհրդային Միությունում ապրող հայերի ընդհանուր թիվը, որոնք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, կազմել է ավելի քան 500,000 մարդ[19][8][12][17][20][14][20][21]։ Եվս մոտ 100000 հայ կռվել են դաշնակից երկրների օտար բանակներում[14][20][21][11][17]։ Միայն 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում ՀԽՍՀ բնակչությունը նվազել է 174 հազար մարդով (կամ նախապատերազմյան ≈ 13%-ով)[11]։ Իսկ զոհված հայերի ընդհանուր թիվը հաշվում է մոտ 200․000 մարդ[17]։
Մինչև պատերազմի ավարտը հայ բնակչությունը վախենում էր, որ Թուրքիան պատերազմի մեջ կմտնի Երրորդ Ռայխի կողմից և նրա հնարավոր հարձակումը Հայկական և Վրացական Խորհրդային Հանրապետությունների վրա, այդ թվում՝ Հայկական հարցը վերջնականապես լուծելու, քաղաքականությունը շարունակելու նպատակով։ Հայոց ցեղասպանության մասին[10][11][6][22]:
ՀՍՍՀ–ում տարվող զորահավաքային աշխատանքներում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել ազգային և միջազգային միավորումների ձևավորումը։ Հանրապետության տարածքում 1941-1942 թվականներին ստեղծվել են՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան, 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիան, 390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա, 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիան։ Դիվիզիաների անձնակազմը հիմնականում համալրված են եղել հայերով։ Պատերազմի սկզբում Հայկական ԽՍՀ տարածքում տեղակայվել են նաև 31-րդ, 61-րդ, 136-րդ (15-րդ գվարդիական), 138-րդ (70-րդ գվարդիական), 151-րդ, 236-րդ, 320-րդ, 406-րդ հրաձգային դիվիզիաներ և մի շարք այլ զորամասեր, որոնց անձնակազմի զգալի մասը եղել եբ հայեր։ Վրացական ԽՍՀ տարածքում տեղակայված են եղել 28-րդ և 38-րդ պահեստային բրիգադները, որոնք նույնպես հիմնականում կազմված են եղել հայերից[9][9][23][24]։
Չնայած ծանր ռազմական դրությանը, Հայկական ԽՍՀ արդյունաբերությունը շարունակել է զարգանալ, իսկ թիկունքի աշխատավորներն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել նացիզմի դեմ տարած հաղթանակի ընդհանուր գործու[9]։ Չեն դադարել նաև գիտական հետազոտությունները տարբեր ոլորտներում՝ քիմիա, երկրաբանություն, գյուղատնտեսություն, հիդրոէներգետիկա և այլն[25][9]։
Հանրապետության տարածքով էր անցնում Լենդ-լիզ երթուղիներից մեկը՝ Պարսից միջանցքը։
1945 թվականի մայիսի 2-ին Ռայխստագի գրավումից հետո Հայկական 89-րդ հետևակային դիվիզիայի մարտիկները նրա պարիսպների մոտ կատարեել ենն «Քոչարի» ժողովրդական պարը[26][27][28][29][30]։ Այս իրադարձության ականատես Արշալույս Սարոյանը գրել է՝ «Հաղթանակի պարը» բանաստեղծությունը՝ ի հիշատակ այս պատմական իրադարձության, իսկ համանուն կտավը ներկայացված է Մոսկվայի Պոկլոննայա բլրի Հաղթանակի թանգարանում[31]։ Ռայխստագի պատերի պարային ներկայացման կադրերը տասնամյակներ շարունակ հեռարձակվել են հայկական հեռուստատեսությամբ[32][33]։