Ծննդաբերական ցավի կառավարում
From Wikipedia, the free encyclopedia
Ծննդաբերական ցավի կառավարում, ցավի բուժումը կամ կանխարգելումն է ծննդաբերական գործունեության ժամանակ։ Ծննդկանի զգացած ցավի չափը մասամբ կախված է երեխայի չափից և դիրքից, կնոջ կոնքի չափից, հույզերից և արգանդի կծկումների ուժգնությունից[1]։ Լարվածությունը մեծացնում է ցավը ծննդաբերության ժամանակ[2]։ Գործնականում բոլոր կանայք անհանգստանում են, թե ինչպես են հաղթահարելու ծննդաբերական ցավը։ Ցավազգացողությունը շատ անհատական է և ծննդաբերության ժամանակ զգացվող ցավի չափը ճշգրիտ կանխատեսել հնարավոր չէ[1]։ Որոշ կանայք բավարարվում են միայն ցավազրկման «բնական մեթոդներով»։ Շատ կանայք համակցում են «բնական մեթոդները» դեղամիջոցների և բժշկական միջամտությունների հետ։ Ծննդաբերության նկատմամբ դրական վերաբերմունք ստեղծելը և վախը կառավարելը նույնպես կարող է օգնել հաղթահարել ցավը։ Ծննդաբերության ցավը նման չէ հիվանդության կամ վնասվածքի պատճառով առաջացած ցավին։ Այն առաջանում է արգանդի կծկումներից, որոնք երեխային ծննդաբերական ուղիներով դուրս են մղում։ Այսինքն՝ ծննդաբերության ցավը պայմանավորված է մի գործընթացով, որն ունի նպատակ[1]։