Կարդիոմիոպաթիա
From Wikipedia, the free encyclopedia
Կարդիոմիոպաթիա, սրտամկանն ախտահարող հիվանդություն[1]։ Սկզբնական շրջանում ախտանիշները կարող են բացակայել կամ լինել եզակի[2]։ Որոշ դեպքերում դիտվում են շնչահեղձություն, հոգնածության զգացում կամ այտուց սրունքներում՝ սրտային անբավարարության հետևանքով[2]։ Ինչպես նաև կարող է դիտվել առիթմիա և ուշագնացություն[2]։ Նշված դեպքերում բարձր է հանկարծակի սրտային մահվան ռիսկը[3]։
Կարդիոմիոպաթիա | |
---|---|
Տեսակ | կլինիկական նշան և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 425.4425.4 |
ՀՄԴ-10 | I42.042.0 |
Cardiomyopathies Վիքիպահեստում |
Տարբերում են կարդիոմիոպաթիայի հետևյալ տեսակները՝ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա, դիլատացիոն կարդիոմիոպաթիա, ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա, աջ փորոքի առիթմոգեն դիսպլազիա և տակոցուբո կարդիոմիոպաթիա (կոտրված սրտի համախտանիշ)[4]։ Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի դեպքում սրտամկանը լայնացած է և հաստացած[4]։ Դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքում փորոքները լայն են և թույլ։ Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի ժամանակ փորոքը պնդացած է և ունի սահմանափակված ձգունակություն[4]։
Հաճախ կարդիոմիոպաթիա առաջացնող պատճառն անհայտ է[5]։ Հիպերտրոֆիկ կարդիոմիպաթիան սովորաբար ունի ժառանգական ծագում, մինչդեռ ժառանգական է դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքերի մեկ երրորդը[5]։ Դիլատացիոն կարդիոմիոպաթիա կարող է առաջանալ նաև ալկոհոլից, ծանր մետաղներից, սրտի իշեմիկ հիվանդության, կոկայինի օգտագործման և վիրուսային վարակների հետևանքով[5]։ Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիան կարող է լինել ամիլոիդոզի, հեմոքրոմատոզի կամ որոշակի հակաքաղցկեղային բուժման հետևանք[5]։ Կոտրված սրտի համախտանիշ կարող է առաջանալ ծայրահեղ էմոցիոնալ կամ ֆիզիկական սթրեսի հետևանքով[4]։
Բուժումը կախված է կարդիոմիոպաթիայի տեսակից և ախտանիշերի արտահայտվածությունից[6]։ Բուժումը կարող է ներառել փոփոխություններ կենսակերպում, դեղորայքային կամ վիրահատական միջամտություն[6]։ 2015 թ.-ի տվյալներով կարդիոմիոպաթիայով և միոկարդիտով հիվանդ է եղել 2,5 միլիոն մարդ[7]։ Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան դիտվում է 500 մարդուց մեկի մոտ, մինչդեռ դիլատացիոն կարդիոմիոմաթիայի հաճախականությունը կազմում է 1։2500[4][8]։ Աջ փորոքի արիթմոգեն դիսպլազիան ավելի հաճախ դիտվում է երիտասարդների շրջանում[3]։