Կարմրուկի պատվաստանյութ
From Wikipedia, the free encyclopedia
Կարմրուկի պատվաստանյութը պաշտպանում է կարմրուկով վարակվելուց[1]։ Գրեթե բոլոր նրանք, ովքեր իմունիտետ չեն ձեռք բերում մեկ դեղաչափից հետո, այն ձեռք են բերում երկրորդից հետո[1]։ Երբ բնակչության շրջանում պատվաստումների մակարդակը 92%-ից ավելի է, կարմրուկի բռնկումները սովորաբար էլ չեն լինում, սակայն, դրանք կարող են նորից ի հայտ գալ, եթե պատվաստումների մակարդակը նվազի[1]։ Պատվաստանյութի արդյունավետությունը տևում է երկար տարիներ[1]։ Դեռ պարզ չէ, թե արդյոք այն դառնում է ավելի քիչ արդյունավետ ժամանակի ընթացքում[1]։ Պատվաստանյութը կարող է նաև պաշտպանել կարմրուկից, եթե պատվաստվի կարմրուկի հետ շփումից հետո մի քանի օրվա ընթացքում[1][2][3]։
Պատվաստանյութն ընդհանուր առմամբ անվտանգ է նույնիսկ ՄԻԱՎ-ով վարակվածների համար[1][4]։ Երեխաների մեծամասնությունը որևէ կողմնակի ազդեցություն չի ունենում[5], իսկ կողմնակի ազդեցությունները մեղմ են և կարճատև[1][5], օրինակ՝ ջերմությունը, ցանը, ցավը ներարկման վայրում և հոդերի կոշտությունը։ Անաֆիլաքսիան արձանագրվել է մոտ 3,5-10 դեպքերում մեկ միլիոն դեղաչափի համար[1]։ Գիլեն-Բարեի համախտանիշի, աուտիզմի և աղիների բորբոքային հիվանդության դեպքերը, ըստ երևույթին, չեն ավելանում կարմրուկի դեմ պատվաստումներով[1][6]։
Պատվաստանյութը հասանելի է ինչպես ինքնուրույն, այնպես էլ այնպիսի համակցություններով, ինչպիսիք են MMR պատվաստանյութը (կարմրախտի դեմ պատվաստանյութի և խոզուկի դեմ պատվաստանյութի համադրություն) կամ MMRV պատվաստանյութը (MMR-ի համադրություն ջրծաղիկի դեմ[1] պատվաստանյութի հետ)[7][8][9]։ Կարմրուկի դեմ պատվաստանյութը հավասարապես արդյունավետ է կարմրուկի կանխարգելման համար բոլոր ձևակերպումներով, սակայն կողմնակի ազդեցությունները ուրիշ են տարբեր համակցությունների դեպքում[1][10]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս կարմրուկի դեմ պատվաստում կատարել ինը ամսականում այն վայրերում, որտեղ հիվանդությունը տարածված է, կամ տասներկու ամսականում, որտեղ հիվանդությունը այդքան էլ տարածված չէ[1][11]։ Կարմրուկի դեմ պատվաստանյութը հիմնված է կարմրուկի կենդանի, բայց նոսրացրած շտամի վրա[1]։ Այն իրենից ներկայացնում է չոր փոշի, որը խառնվում է հատուկ հեղուկի հետ՝ նախքան մաշկի տակ կամ մկանների մեջ ներարկվելը[1]։ Արյան թեստերի միջոցով կարելի է հաստատել պատվաստանյութի արդյունավետությունը[1]։
Կարմրուկի դեմ պատվաստանյութն առաջին անգամ ներկայացվել է 1963 թվականին[12]։ Այդ տարի կարմրուկի վիրուսի Edmonston-B շտամը վերածվեց պատվաստանյութի Ջոն Էնդերսի և գործընկերների կողմից և արտոնագրվեց Միացյալ Նահանգներում[13][14]։ 1968 թվականին Մորիս Հիլմենի և գործընկերների կողմից մշակվեց կարմրուկի բարելավված և նույնիսկ ավելի նոսրացված պատվաստանյութը սկսեց տարածվել՝ դառնալով կարմրուկի դեմ միակ պատվաստանյութը, որն օգտագործվում էր Միացյալ Նահանգներում 1968 թվականից ի վեր[13][14][15]։ Աշխարհում երեխաների մոտ 85%-ը ստացել էր այս պատվաստանյութը 2013 թվականի դրությամբ[16]։ 2015 թվականին առնվազն 160 երկիր տրամադրել է երկու չափաբաժին իրենց սովորական իմունիզացիայի ընթացքում[17]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[18]։ Քանի որ բռնկումները հեշտությամբ են տեղի ունենում թերպատվաստված պոպուլյացիաներում, հիվանդության տարածված չլինելը դիտվում է որպես բնակչության ներսում բավարար պատվաստումների փորձարկում[19][20]։