Կյանք
From Wikipedia, the free encyclopedia
Կյանք, հատկանիշ, որով որոշ կենսաբանական գործընթացներ իրականացնող ֆիզիկական մարմինները առանձնացվում են այդ գործընթացները երբեք չունեցած, այդ գործընթացներից զրկված կամ այդ գործընթացներն ունեցող, բայց «կենդանի» չդասակարգվող անկենդան մարմիններից։ Գոյություն ունեն կյանքի տարբեր ձևեր՝ բույսեր, կենդանիներ, սնկեր, պրոտիստներ, արքեաներ և բակտերիաներ։ Այս հատկանիշը հաճախ կարող է երկիմաստ լինել՝ ներառելով կամ դուրս թողնելով վիրուսները, վիրոիդները կամ հնարավոր արհեստական կյանքը։ Կենսաբանությունը այն առաջնային գիտությունն է, որը հետազոտում է կյանքը։
Կյանքի կենսաբանական դասակարգում Դոմեններ և վերնախմբեր | |
---|---|
Կյանքը Երկրի վրա |
|
Կյանքի սահմանումը հակասական է։ Ներկայումս կենդանի են համարվում այն օրգանիզմները, որոնք պահպանում են հոմեոստազ, ունեն բջջային կառուցվածք, օժտված են նյութափոխանակությամբ, կարող են աճել, հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին, պատասխանել ազդակներին և վերարտադրվել։ Կան կյանքի այնպիսի ձևեր, որոք կենդանու և անկենդանի սահմանում են, օրինակ՝ վիրուսները։ Կյանքի շատ սահմանումներ են առաջարկվել։ Պատմության ընթացքում «կյանքը» սահմանելու շատ փորձեր են եղել և կենդանի ձևերի ծագման վերաբերյալ շատ տեսություններ են առաջարկվել։ Այդ տեսություններից է օրինակ՝ մատերիալիզմը, որը գտնում է, որ ամեն ինչ կազմված է մատերիայից, նյութից, իսկ կյանքը մատերիայի բարդ ձև է։ Հիլոմորֆիզմը հավատում էր, որ ամեն ինչ բաղկացած է մատերիայից և ձևից, իսկ կենդանի օրգանիզմի ձևն էլ իր հոգին է։ Պատահական ծագման տեսությունը գտնում էր, որ կյանքը անընդհատ ծագում է ոչ կենդանի ձևերից, վիտալիզմը, ընդունում էր, որ կենդանի օրգանիզմներն օժտված են «կենսական ուժով»։
Կյանքի ժամանակակից դասակարգումներն ավելի բարդ են՝ հիմնված տարբեր գիտությունների տվյալների վրա։ Կենսաֆիզիկոսները առաջարկել են տարբեր սահմանումներ՝ հիմնվելով քիմիական համակարգերի վրա, կան նաև որոշ կենդանի համակարգերի տեսություններ, օրինակ՝ Գեայի վարկածը, ըստ որի՝ Երկիր մոլորակն ինքն իրենով կենդանի է։ Մեկ այլ տեսության համաձայն՝ կյանքը էկոհամակարգերի հատկանիշն է։ Աբիոգենեզը նկարագրում է կյանքի ծագման բնական գործընթացը, որը տեղի է ունեցել անկենդան նյութից, օրինակ՝ պարզ օրգանական միացություններից։ Բոլոր օրգանիզմներին բնորոշ ընդհանուր հատկանիշները ներառում է կենսաքիմիական գործընթացների ապահովման համար որոշակի հիմնական քիմիական տարրերի հանդեպ պահանջը։
Կյանքը Երկրի վրա ի հայտ է եկել ամենավաղը 4,28 միլիարդ տարի առաջ, 4,41 միլիարդ տարի առաջ տեղի ունեցած օվկիանոսների ձևավորումից անմիջապես հետո և Երկրի ձևավորումից ոչ շատ ուշ (4,54 միլիարդ տարի առաջ)[2][3][4][5]։ Երկրի ներկայիս կյանքը ենթադրաբար առաջացել է ՌՆԹ աշխարհից, չնայած ՌՆԹ-ի վրա հիմնված կյանքը գուցե չի եղել առաջինը։ Կյանքի ծագման մեխանիզմը մինչ օրս անհայտ է, չնայած կան բազմաթիվ վարկածներ, որոնցից շատերը հիմնված են Միլլեր-Ուրեյի գիտափորձի հիման վրա[6][7]։ 2016 թվականին գիտնականները առանձնացրին 355 գեներ, որոնք ենթադրաբար կրել է բոլոր կենդանի օրգանիզմների վերջին ընդհանուր ունիվերսալ նախնին (անգլերեն՝ Last Universal Common Ancestor, LUCA)[3]։
Երկրի վրա երկրաբանական ժամանակաշրջանների ընթացքում կյանքը փոխել է իր բնակության միջավայրը։ Էկոհամակարգում գոյատևելու համար կյանքը հաճախ պետք է հարմարվի միջավայրի բազմաթիվ գործոններին։ Որոշ մանրէներ՝ էքստրեմոֆիլներ, գոյատևում են էքստրեմալ երկրաքիմիական պայմաններում, որոնք Երկրի կյանքի շատ ձևերի համար մահացու են։
Արիստոտելն առաջինն էր, ով դասակարգեց կենդանի օրգանիզմները։ Ավելի ուշ Կառլ Լիննեյը ներկայացրեց իր տեսակների դասակարգումն ու բինոմինալ անվանակարգման համակարգը։ Հետագայում հայտնաբերվեցին կյանքի նոր խմբեր և կատեգորիաներ, օրինակ՝ բջիջները և միկրոօրգանիզմները, որը նշանակալիորեն փոխեց կենդանի օրգանիզմների միջև փոխհարաբերությունների կառուցվածքի մասին պատկերացումենրը։ Բջիջը հաճախ համարվում է կյանքի ամենատարրական միավորը։ Կան երկու տեսակի բջիջներ՝ պրոկարիոտ և էուկարիոտ, որոնք երկուսն էլ կազմված են թաղանթում պարփակված ցիտոպլազմայից, որը ներառում է կենսամոլեկուլներ՝ սպիտակուցներ և նուկլեինաթթուներ։ Բջիջները վերարտադրվում են կիսման ճանապարհով, որի ժամանակ ծնողական բջիջը բաժանվում է երկու դուստր բջջի։
Չնայած կյանքը ներկայումս հայտնի է միայն Երկրի վրա, այն պարտադիր չէ, որ միայն սահմանափակվի Երկիր մոլորակով։ Որոշ գիտնականներ այլմոլորակային կյանքի գոյությունը հնարավոր են համարում։ Արհեստական կյանքը կյանքի համակարգչային սիմյուլացիան է կամ մարդու կողմից կյանքի որևէ հատկանիշի վերարտադրումը։ Արհեստական կյանքը կիրառվում է բնական կյանքի համակարգերի հետազոտման համար։ Մահը կենդանի օրագնիզմին բնորոշ կենսաբանական գործընթացների անդարձելի ընդհատումն է, կյանքի ավարտը։ Անհետացումը այն գործընթացն է, որի ժամանակ օրգանիզմների ամբողջական խումբը կամ տաքսոնը՝ սովորաբար տեսակը, ամբողջությամբ վերանում է։ Բրածո մնացորդները կենդանի օրգանիզմների պահպանված հետքերն են կամ մնացորդները։