Կրիոհրաբուխ
From Wikipedia, the free encyclopedia
Կրիոհրաբուխ (երբեմն նաև անվանում են սառցե հրաբուխ), հրաբուխների տեսակ, որը ի տարբերություն հրաբուխների, որոնք ժայթքում են հալված քարեր, արտանետում է ցնդող նյութեր, օրինակ ջուր, ամոնիակ կամ մեթան[2]։ Արտանետվող նյութերը անվանում են կրիոլավա, կրիոմագմա կամ հրաբխային սառույցի հալոցք[2], այս նյութերը սովորաբար հեղուկներ են, որոնք արտանետման պահին իրենցից ներկայացնում են շիթեր, երբեմն նաև լինում են գոլորշու տեսքով։ Ժայթքումից հետո, կրիոլավան հիմնականում խտանում է պինդ վիճակի, քանի որ այս հրաբուխների շրջապատող ջերմաստիճանը սովորաբար չափազանց ցածր է։ Կրիոհրաբուխներ կարող են առաջանալ հիմնականում այն երկնային մարմինների վրա, որտեղ գոյություն ունի հեղուկի նար սառեցման աստիճանից ցածր վիճակում (օրինակ՝ սառցե արբանյակներ, Պլուտոն, և այլն)[3]։ Պլուտոնի, Տիտանի, Սերեսի, ինչպես նաև մի շարք այլ մարմինների վրա հայտնաբերված բազմաթիվ մակերևույթի առանձնահատկություններ համարվում են հնարավոր կրիոհրաբուխներ։ Այս շարքին են դասվում նաև Էնցելադի և հնարավոր է նաև Տրիտոնի վրա ժայթքող սառցե գեյզերները։
Կրիոհրաբուխների առաջացման համար բավարար էներգիայի աղբյուր կարող է հանդիսանալ մակընթացային տաքացումը[4]։ Սառեցված նյութերի մասնակի թափանցելություն ունեցող շերտերում ստեղծվում է ընդերքային ջերմոցային էֆեկտ որն էլ առաջացնում է անհրաժեշտ ջերմությունը։
Կոյպերի գոտու մարմին Կվավարի վրա հայտնաբերված տաքացման հետքերը[5] թույլ տվեցին որոշ գիտնականներին ենթադրել, որ այս մարմնի վրա նախկինում գործել են ակտիվ կրիոհրաբուխներ։ Ռադիոակտիվ տրոհումը կարող էր լինել այս ակտիվության համար անհրաժեշտ էներգիայի աղբյուրը։