Կրոն
From Wikipedia, the free encyclopedia
Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։
Կրոնը կարելի է սահմանել նաև որպես
- Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի)[1]։
- Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։
Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։